Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստանիսլավ Տարասով. Հայաստանը 15, պայմանական ասած, դիրքորոշում է հայտնում՝ մեկ՝ Ղարաբաղը հակամարտության կողմ է, մեկ՝ ոչ, մեկ Մադրիդյան սկզբունքները հարկավոր է փոփոխել, մեկ՝ ոչ.«168 ժամ»

Փետրվար 11,2020 12:31

«168 ժամ»-ի զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր, քաղաքական վերլուծաբան, սյունակագիր Ստանիսլավ Տարասովը

– Պարոն Տարասով, մի փոքր անհասկանալի իրավիճակ է ստեղծվել Մադրիդյան սկզբունքների ու տարրերի շուրջ։ Հայտարարվում է, որ հարկավոր է դրանց շուրջ մեկնաբանությունները հստակեցնել, ապա հայտարարվում է, որ դրանք նախկինների ժառանգությունն են՝ ակնարկելով, որ դրանք անընդունելի են ներկայիս իշխանության համար, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հնգակողմ հայտարարության մեջ խոսվում է սկզբունքների ու տարրերի մասին, որոնք, ենթադրաբար, այս սկզբունքներն են ու տարրերը։ Իրականում ի՞նչ է քննարկվում՝ Ձեր տպավորությամբ։

– Կողմերը հայտարարում են, որ Մադրիդյան սկզբունքներն իրավաբանական փաստաթուղթ չեն, դրանք ընդունվել են որպես բանակցային հիմք։ Եվ Ադրբեջանը, և Հայաստանն ակնարկել են, որ գոհ չեն Մադրիդյան սկզբունքներից, բայց ամեն դեպքում նրանք չեն չեղարկել այս ամենը։ Եթե նրանք բանակցությունները շարունակում են, նշանակում է՝ Մադրիդյան սկզբունքներն աշխատում են, մոդեռնիզացված կամ չմոդեռնիզացված, բայց դրանք են բանակցային հիմքն այսօր։

Երբ Փաշինյանը՝ կողմերից մեկը, ասում է, որ պետք է կողմնորոշվել Մադրիդյան սկզբունքների հարցում, ապա կարող է հայտարարել, որ դուրս է գալիս այդ օրակարգից, դեմ է դրան, առաջարկում է նոր խաղ, որպեսզի որևէ մեկի համար անհասկանալի չլինի, ապատեղեկատվություն չտարածվի։ Օրինակ՝ եթե քեզ անհրաժեշտ էր սահմանադրական հանրաքվե, դու դա կազմակերպեցիր ԱԺ-ի միջոցով, նույն կերպ էլ այս հարցով կարող ես որոշում կայացնել, ասել, որ Մադրիդյան սկզբունքները մեզ ձեռնտու չեն, «Միացում», բայց դա չկա։ Ես դա անվանում եմ երկակի ստանդարտ և կարծում եմ, որ Ադրբեջանն ավելի հետևողական և հստակ քաղաքականություն է վարում՝ ոչ մի ետքայլ, տարածքային ամբողջականություն։ Դա մեզ դուր գա-չգա, դա իրենց դիրքորոշումն է։ Իսկ Հայաստանը 15, պայմանական ասած, դիրքորոշում է հայտնում՝ մեկ՝ Ղարաբաղը հակամարտության կողմ է, մեկ՝ ոչ, մեկ Մադրիդյան սկզբունքները հարկավոր է փոփոխել, մեկ՝ ոչ։

Սրանք հակասական են, և այս ամենը հրապարակային է հայտարարվում, սրանք ոչնչի վրա չեն ազդում, ժողովուրդը չի ազդում որևէ որոշման վրա այս մասով, իսկ իրականում այլ մեխանիզմներ են գործում, դրանք գործում են Մնացականյան-Մամեդյարով հանդիպումների ժամանակ, մեզ այդ հայտարարություններից թվում է, թե ֆուտբոլ են խաղում, այնինչ խաղում են հոկեյ։

– Այսինքն՝ այս անորոշությունն իրական պատկերը չէ, բանակցային սեղանի շուրջ կոնկրետ հարցե՞ր են քննարկվում։

– Իհարկե։ 11 ժամը նշանակում է, որ նրանք այնտեղ միմյանց չեն վիրավորում, նրանք ինչ-որ բան են պայմանավորվում։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ անհասկանալիորեն այս փուլում Ադրբեջանը գնաց ընտրությունների, Փաշինյանը ևս գնում է հանրաքվեի։

– Այսինքն՝ այս զուգահեռը կապ ունի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հե՞տ։

– Իհարկե։ Ե՛վ այնտեղ, և այստեղ։ Փաշինյանին ՍԴ-ն ինչո՞վ է խանգարում բարեփոխումներ իրականացնել։

– Իշխանությունը, այո, նման պնդումներ է անում։

– Այսինքն՝ ՍԴ-ն խոչընդոտում է վրեժխնդիր լինել ընդդիմախոսներից և նախկինների՞ց։ ՍԴ-ն խոչընդոտում է իրականացնել բարեփոխումնե՞ր։ Ո՛չ, ես այդ կարծիքին չեմ։ Իսկ ինչո՞ւ է դա նախաձեռնվում։ Ադրբեջանում ինչ-որ տեղ հասկանալի է, իսկ այստեղ՝ ինչն է պատճառը։ Ինտրիգ կա այս ամենում, լուծարվեց խորհրդարանը, որը նվիրված էր Ալիևին, Փաշինյանը, օրինակ, Սարգսյանի թիմին հեռացրեց, դա հասկանալի է, իսկ Ալի՞ևը։ Փաշինյանն է զուգահեռաբար գնում հանրաքվեի, բայց հանրաքվեն վտանգավոր է, քանի որ հնարավոր է, որ չլինի այն աջակցությունը, ինչպես նախորդ ընտրություններում, լինի, օրինակ, 50-60 տոկոս, կարձանագրվի, որ ազդեցությունը նվազում է, իսկ դա ճգնաժամային երևույթների նախադրյալ է։ Իսկ եթե ստանա 90 տոկոս աջակցություն, դա այլ իրավիճակ է։

Մենք այս պահին կարող ենք կառուցել ցանկացած սցենար։ Ես վստահ եմ, որ կա կապ այս ամենի և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի միջև, լինելու են ընտրություններ Ղարաբաղում, հարց է առաջանում իսկ ո՞վ կհաղթի Ղարաբաղում, չեմ ցանկանում ենթադրել, թե նախագահի թեկնածուների ցանկից որ թեկնածուին է աջակցում Փաշինյանը, կարծում եմ, որ կա նման ֆիգուր, այդ ընտրություններից հետո հանրաքվեի է գնում, կտեսնենք, թե հետո ինչպես է զարգանալու իրավիճակը։ Երկու հակամարտող կողմեր ժողովրդավարական մեխանիզմներ են փորձում ներդնել, Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ, այստեղ՝ հանրաքվե, ի դեպ, սինքրոն։ Ի՞նչ է դա նշանակում, դրանք կապ ունեն միմյանց հետ, պետք է մտածել և վերլուծել։ Ինչ-որ բան նախապատրաստվում է, թե ինչ՝ չեմ ցանկանում ենթադրել, չգիտեմ։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829