Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեռեւս «Ելք»-ի կազմում Փաշինյանի հնչեցրած եւ մերժված օրինագծի առաջ «կանաչ լույս» վառվեց

Փետրվար 11,2020 12:26

ԱԺ-ում այսօր քննարկվեց «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծը լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը: Օրինագծի զեկուցող, ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը նախ հայտարարեց՝ այս օրինագիծը հետաքրքիր «ոդիսական» ունի. «Այն բերվել է ԱԺ գրեթե բոլոր ընդդիմադիրների կողմից եւ մերժվել բոլոր իշխանությունների կողմից: Վերջին անգամ օրինագիծն այս ամբիոնից «Ելք» դաշինքի ժամանակ հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը, եւ իշխանությունը կրկին մերժել է: Ինչպես հայտնի է, պատգամավորներն իրավունք ունեն մուտք եւ ելք ունենալու ձերբակալվածների եւ կալանավորվածների պահման վայրեր, բայց խնդիրն այն է, որ սրանով սահմանափակված է օրենքը: Գործնականում պատգամավորը կարողանում է մուտք գործել, բայց նրան թույլ չեն տալիս շփվել ձերբակալվածների եւ կալանավորվածների հետ: Արգելքը հաղթահարելը դժվար է: Մեր օրինագիծը սահմանում է, որ նման վայրերում չպետք է ԱԺ նախագահի եւ պատգամավորների համար արգելք լինի»:

Ըստ Տարոն Սիմոնյանի՝ օրինագիծն առանձնակի կարեւորություն ունի, ուստի տարիներ շարունակ այն մերժելն իմաստազուրկ է. «Գործընկերներս նշել են, որ օրինագիծը կարող է վտանգավոր լինել, որովհետեւ պատգամավորը ձերբակալված-կալանավորված անձին տեսակցելիս կարող է նախաքննական գաղտնիք տանել-բերել նրա մոտ, բայց հիշեցնեմ՝ եթե պատգամավորին պետական գաղտնիք է վստահվում, նա բավարար հասունություն եւ իրավագիտակցություն ունի՝ նման խնդրի առաջ չկանգնելու: Առաջարկում եմ դրական քվեարկել»:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ քանիցս իրենց պատգամավորներին ՔԿՀ-ի պետի սենյակում առաջարկել են թեյ խմել, բայց կալանավորին հանդիպել արգելել են՝ պատճառաբանելով, թե քննչական գործողություններ են կատարվում. «Սա անընդունելի է: Պետք է թույլ տալ օրինագիծը քննարկել եւ անել տեխնիկական շտկումներ: Չի կարելի պատգամավորի մուտքն արգելել որեւէ ՔԿՀ»:

ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ ասաց՝ պատգամավորները կալանավայրեր են գնում ոչ թե վարագույրների մաքրություն ստուգելու կամ գարշահոտ պետքարանները տեսնելու, այլ այս կամ այն կալանավորին տեսակցելու, որի իրավունքն ունեն. «Պետք է թույլ տալ տեսակցել անձին եւ ուսումնասիրել նրա վիճակը: Սա նաեւ պատգամավորի կարգավիճակի եւ հեղինակության հարց է»:

Անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ հայտարարեց՝ ՔԿՀ-ներում նման արգելք չի եղել անգամ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ. «Արգելքն առաջացել է այն ժամանակ, երբ Արդարադատության նախարար է եղել Հրայր Թովմասյանը: Սա գործի է դրվել՝ անազատության մեջ գտնվող Սասուն Միքայելյանին եւ Նիկոլ Փաշինյանին տեսակցելու հնարավորությունը սահմանափակելու համար: Այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծվի»:

«Կողմ» քվեարկեց 116, «դեմ»՝ 1, եւ «ձեռնպահ»՝ 1 պատգամավոր, այսինքն՝ այս օրինագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829