Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարները՝ եթերից դուրս. Հակոբյանի հայրական հորդորը ռուսներին

Փետրվար 11,2020 12:12

ՌԴ դեսպանատանը ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանի պատասխանին պետք է տրվի հանրային պատշաճ հնչեղություն: Հայաստանի հանդեպ փափուկ ուժով առաջնորդվող դիվանագիտական մարմինը ծանր հարված է հասցնում թե իր քաղաքականությանը, թե ռուսհայկական համագործակցությանը

Թվում է, ռուսաց քաղաքականության հաջողությունը պետք է քիչ մտահոգի հայերին: Իրականում, սակայն, հայ-ռուսական հազարամյա «հայր-որդի» հարաբերությունը այլ բան է թելադրում: Ինչպիսի՞ն է քիչ քննարկվող նուրբ հարցի վիճակը: Կա ռուսական ձեւավորված մոտեցումը եւ հայկական անձեւը: Հակոբյանի դեմարշը սրա մասին է: Կրեմլում ընդունված է այն կարծիքը, որ ռուսական պետության շահերի մասին դատողությունների իրավունքը պատկանում է բացառապես «ավագ եղբորը»՝ ռուսներին: Ճիշտ է, այդ համատեքստում, ռուս կատեգորիան երբեմն ընդլայնվում է մինչեւ հոգով ռուս եւ, նույնիսկ, ՌԴ քաղաքացի եզրերը:

Այս առումով, կարելի է նկատել, որ համաձայն մոսկովյան քարոզչության, Ռուսաստանում շուրջ 2 միլիոն հայ է բնակվում: Հայերի մեծամասնությունը տեղի անձնագիր ունի: Մեր խոսքը, սակայն, առնչվում է բոլորովին այլ բանի, այն է՝ ռուսական պետական շահի մասին սեփական դատողություն ունենալու՝ հայոց իրավունքին եւ պարտավորությանը միաժամանակ: Առ Ռուսիա հոգածությունը բոլոր հայերի, որտեղ էլ գտնվեն, սրբազան պարտքն է: Սա հայերի ընտրությունն է 860 (ութ հարյուր վաթսուն) թվականից ի վեր, երբ դեռ ոչ ռուսներ կային, ոչ էլ Ռուսաստան: Երկուսն էլ իրենց ներկայիս տեսքով հայկական որոշման եւ անհամար ջանքի արդյունք են՝ քաղաքակրթական ածանցյալ:

Անցան դարեր, եւ իր պատմության հերթական «մութ», կամ հայերենի հետ նույնարմատ «ս-մուտ» փուլը թևակոխող ռուս պետությունը, դատելով դեսպանատան, հետեւապես ԱԳՆ դիրքորոշումից, պատրաստ է հերթական պատուհասը մատուցել Հայաստանին եւ հայությանը: Հիշեցնենք, որ անկախ Հայաստանը խորտակած եւ հարյուր հազարավոր հայ սպանած ու տեղահանած 1921 թ. Լենին-Աթաթուրք պակտը իր կնքման պահից ի վեր համարվում է Ռուսաստանի Դաշնության պետական կառույցի հիմնասյուն, իսկ Քեմալը՝ «ՌԴ մեծ բարեկամն է» [Վ.Պուտին 20.12.2018]:

Մաքրամաքուր ճշմարտություն: ՌԴ եւ Թուրքիան բառացի կառուցված են հայկական ոսկորների վրա: Քսան տարի անց հայերի համար 330.000 տղամարդու կորստի, Նախիջեւանի հայաթափման պատճառ հանդիսացած 1939թ. Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը պաշտոնապես հռչակվում է «ռուսական դիվանագիտության փայլուն էջ»: Սա էլ մաքուր ճշմարտություն է: Այժմ երկու ճշմարտությունների սուրը դարձյալ ճոճում են:

Ռուսական «սմուտայի», այսինքն մթագնության նախորդ շրջանները, սակայն, տարբերվում են երկրի ներկայիս ճգնաժամից: Հիմա Ռուսաստանը գործ է ունենալու հայկական պետականության հետ: Ինչպիսին է հայ պետության որակը, եւ կարո՞ղ է այն պատսպարել մեր ժողովուրդներին անորոշ եւ հակասական այս շրջանում:

Հայության մեծ բարեկամներից Սերգեյ Կուրղինյանը «Սոլովյեվ» թոքշոուի ընթացքում օրեր առաջ այսպես է արտահայտվել խնդրի մասին: Մեջբերենք գրեթե բառացի. «խորհրդային բոլոր ազգերը ձեռք են բերել իրենց պետականակերպ ստատուսը Խորհրդային իմպերիայի շնորհիվ, իսկ իմպերիայից դուրս, հերթով, կորցնելու են այն: 14 հանրապետություններից թերեւս Հայաստանը ուներ պատմական որոշ բեքգրաունդ պետականության առումով, որի ամրապնդման համար, սակայն, 70 տարին պարզ է որ բավարար չէր»:

Երկու իմպերիա՝ Տիգրան Մեծի եւ Հռոմեից Արեւելյանը (եվրոպական անվանումը՝ Բյուզանդիա – խմբ.) կառուցած, եւս երկուսի՝ օսմանյանի եւ ռուսականի հիմքը դրած, Հայկական բարձրավանդակում, Միջագետքում, այնուհետեւ Միջերկրականի ափերին ներկայիս եզրաբանությամբ «ազգային» պետություններ ստեղծած ժողովրդի վերաբերյալ «որոշ» եւ «թերեւս» բնութագրումները վերագրենք հայերի հանդեպ շատերի որդիական, եթե ոչ «էդիպյան», խորունկ բարդույթներին: Իրապես կարեւոր է Կուրղինյանի մեկ այլ՝ 70 տարվա անբավարարության թեզը:

Խնդիրը ֆրանսիացիների, անգլիացիների, օսմանների, ռուսների, գերմանացիների կողմից՝ դեռեւս հայկական Կոստանդնուպոլսի 1204 թվականի ջախջախումով ծայր առած շարունակական սպանդի թիրախ ժողովրդի կենսունակությունն է ռեզերվացիայից դուրս: 70-ամյա ռեզերվացիան 1923թ. Լոզանի պայմանագրով սահմանվել էր Հայկական ԽՍՀ-ում: Թվարկված ազգերի մասնակցությամբ գենոցիդից ողջ մնացած մյուս հատվածին դատապարտեցին «գլոբալ» տարագրության բյուզանդական եւ մեծհայքյան բնօրրանից որքան կարելի է հեռու: Ցանկին հարկավոր է ավելացնել նաեւ ժամանակի ԱՄՆ կառավարությանը, որ գծեց Վիլսոնյան քարտեզը, սակայն հետո միացավ լոզանականների ակումբին:

Ահա շուրջ ութդարյա այն պատմական տիրույթը եւ դերակատարների զարմանալիորեն անփոփոխ կորիզը, որի հետ գործ ունենք ներկայիս Հայաստանի «եթերում» ծավալվող ճակատամարտի պարագային: Օտարներին պետական մուլտիպլեքսից դուրս հրավիրող ՀՌԱՀ նախագահը դրսեւորում է տեղեկատվական սուվերեն սահմանների հանդեպ իսկական պետական մոտեցում: Կեցցե Տիգրանը. 70 տարին խեր են եղել նրա համար: Իսկ մնացած պատասխանատուների՞ համար:

Մեր կարծիքով, ճիշտ է այսպես անել: Երեւանյան մուլտիպլեքսի մեկ ենթաալիք՝ համառուսաստանյան մուլտիպլեքսի մեկ ենթաալիքի դիմաց: Երեւանյան մեկ ռուսական FM հաճախություն՝ մոսկովյան եթերում մեկ հայաստանյան FM հաճախության դիմաց: Ռուսաստանում շինծու պատրվակով արգելափակված մեկ հայաստանյան կայքի դիմաց՝ մեկ ռուսական կայքի կամ հաճախության արգելափակում: Լավագույն թեկնածուն՝ հայոց պատրիարքի մասին անհարգալից արտահայտվող Sputnik-Armenia-ն է: Ահա բարեկամական փոխադարձության սկզբունքը: Մենք դեմ չենք, օրինակ, «Mir» համատեղ ալիքին:

Այս մոտեցումը ռուսաց պետականության հանդեպ հայկական ընդհանուր հոգածության ծիրում է: Եթերի մասնավոր, սակայն, հույժ կարեւոր դիպվածի շուրջ կարելի է ասել հետեւյալը: Մեր հարգելի հոգեզավակներ, հայորդի Ֆոտ Կոստանդնուպոլսեցու ուղղափառ կնիքով 1100 տարի առաջ Հիսուսով եղբայրացածներ, Կյուրեղյան գրերով լուսավորված եւ ռուս դարձածներ, փոքր-ինչ նրբանկատ եղեք:

Մոսկովյան պրոպագանդայի աղտոտ հորձանքը, որ հայկական պետական հյուրընկալ խողովակով թափանցում է ամեն հայի տուն, լուրջ վնաս է հասցնում ռուսաց պետության մասին Հայաստանում դրական պատկերացման մնացորդներին: Մանավանդ, երբ հորձանքի գլխին չգիտես ինչ դրդումով կանգնում է հարգարժան ռուսաց դեսպանը: Սա մեկ:

Երկրորդը. մենք՝ հայերս, շահագրգռված ենք ռուսաց պետության կայունությամբ: Սակայն, հայկական պետության խարխլման գնով դա չի ստացվի: Մենք հիշում ենք 1921-ը եւ 1941-ը: Դուք հիշե՛ք 1988-ը. Խորհրդային Հայաստանի ուժը այն ժամանակ պատեց: Չարժե «գրաբլիով» նոր վարժություններ կատարել: Այդպիսով հարավային լայն դարպաս եք բանալու դեպի ձեր եզերք մութ ներխուժման համար: Անդառնալի ավարտվել է «ետխորհրդային շրջանը», եւ հայերի եւս մեկ սերունդ է եկել՝ 2016-ի քսանամյաների նշանավոր սերունդը: Ուստի, Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի ինքնաոչնչացման շռայլությունը ձեզ թույլատրել չի կարող: Բացառապես Աստծո սիրույն:

Պավել ԴԱԼԼԱՔՅԱՆ,
Քաղաքական մեկնաբան, Մոսկվա

03.02.2020
Lragir.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829