Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դամոկլյան սուր»՝ հ/կ-ների գլխի՞ն. ՊԵԿ-ի օրինագիծը ներառվեց ԱԺ լիագումար նիստի օրակարգում

Փետրվար 11,2020 11:47

ԱԺ այսօրվա նիստում քննարկվեց «Հասարակական կազմակերպությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը» լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը: Օրինագիծը հեղինակել է Պետական եկամուտների կոմիտեն, որի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց՝ օրինագծի վրա աշխատել են մի տարի, քննարկել եւ ստացել հ/կ-ների դրական արձագանքը. «Օրինագծով հաշվետվության հրապարակման պարտադիր պահանջ է սահմանվում բոլոր հ/կ-ների համար: Կազմակերպությունը պարտավորվում է ամեն տարի հրապարակել  հաշվետվություն, եթե նրա գույքի ստացման աղբյուր են հանդիսանում հանրային միջոցները: Օրինագծի նպատակն է, որ բոլոր հ/կ-ները պարտավորված լինեն տարեկան հաշվետվություն ներկայացնել էլեկտրոնային եղանակով: Դրա համար ՊԵԿ-ը մշակել է հարթակ, որի արդյունքում հանրության համար հաշվետվությունները հասանելի կլինեն»:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի անունից «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշեց՝ «Իմ քայլը» հանձնաժողովում «կողմ» է քվեարկել, ԲՀԿ-ն՝ «ձեռնպահ», ԼՀԿ-ն՝ «դեմ», եւ հաշվի առնելով հ/կ-ների գործունեության թափանցիկության կարեւորությունը՝ պատգամավորներին առաջարկվում է «կողմ» քվեարկել, որպեսզի օրինագիծը քննարկվի լիագումար նիստում. «Համաձայնել ենք հանդիպել հ/կ-ների հետ եւ քննարկել: ՊԵԿ-ն արդեն իսկ հանդիպել է նրանց հետ, եւ բողոք, մեծ հաշվով, չկա»:

Քվեարկությունից առաջ «Իմ քայլի» անունից Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ «կողմ» են քվեարկելու եւ հ/կ-ներին հրավիրելու ԱԺ՝ հարցը քննարկելու:

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանն էլ ասաց, որ հ/կ-ներն արդեն իսկ ներկայացնում են հաշվետվություն, իսկ այս օրինագծով նրանց բեռն անհարկի ավելացնում են. «Ձեւակերպումները տեղ են թողնելու, որպեսզի ՊԵԿ-ը հայեցողական մոտեցում ցուցաբերի նրանց հանդեպ: Օրինագիծը խնդրահարույց է, հ/կ-ների շրջանում լայն կոնսենսուս չկա իրականում»:

ԲՀԿ-ի անունից Արման Աբովյանն էլ համաձայնեց Անի Սամսոնյանի հետ՝ շեշտելով, որ մինչեւ օրենքը բերելն էր պետք հարցը լավ քննարկել հ/կ-ների հետ:

ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ընդգծեց՝ հ/կ-ները սա համարում են «Դամոկլյան սուր» իրենց գլխին՝ իրենց հետագա գործունեությունը կասեցնելու համար:

«Իմ քայլից» Բաբկեն Թունյանը, արձագանքելով Անի Սամսոնյանին, ասաց, որ հաշվետվություն հրապարակում են միայն պետությունից օժանդակություն ստացող հ/կ-ները, ուստի բոլորը պետք է հրապարակեն, իսկ արձագանքելով Նաիրա Զոհրաբյանին՝ նշեց՝ եթե կառավարությունից հաշվետվողականություն պահանջող հ/կ-ները նաեւ իրենք պետք է հաշվետու լինեն, հասկանալի չէ, թե ինչո՞ւ են դա համարում «Դամոկլյան սուր»:

«Կողմ» քվեարկեց 74, իսկ «դեմ»՝ 38 պատգամավոր, այսինքն՝ հանձնաժողովի հավանությանը չարժանացած ՊԵԿ-ի այս օրինագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829