ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում սահմանադրական հանրաքվեի մասին խոսելով՝ ասաց. «Հանրաքվեի գաղափարին մենք կողմ ենք եղել: Մելքումյանը ելույթ ունեցավ, ասաց, որ մենք պատրաստ ենք 24-ժամյա աշխատանքի, որ իրավական կողմը պահենք: Սպասում էինք արձագանքի: Արձագանք չեղավ, դրա համար մենք չմասնակցեցինք քվեարկությանը»:
Ծառուկյանը հայտարարեց, որ քաղխորհրդի նիստ են հրավիրելու ու որոշում կայացնեն հանրաքվեի հարցով: Հարցին՝ դուք ասում էի, որ անձերի դեմ պայքարին դեմ եք, հիմա այս հանրաքվեն կոնկրետ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելու համար է, եթե դա հասկանաք՝ «այո» կասե՞ք հանրաքվեին՝ Ծառուկյանը պատասխանեց. «Մենք քաղխորհրդում կքննարկենք եւ ձեզ պատասխանը կասենք: Անձամբ եթե ասեմ, կխանգարեմ իմ համախոհներին: Ես բոլորին պետք է լսեմ, մեծամասնությունը ոնց որոշեց, այդպես կպատասխանեմ»:
Ըստ Ծառուկյանի, «սահմանական դատարանը» (նկատի ունի Սահմանադրական դատարանը) շահագրգիռ կողմ է, ուստի իրենք ձեռնպահ են մնում: Հարցին՝ հանրաքվեն անցկացվելու է գյուղատնտեսական բուռն շրջանում, չի՞ խանգարի՝ Ծառուկյանն ի պատասխան խոսեց ֆերմերների խնդիրների մասին, վարկ վերցրած գյուղացիների մասին, որոնք հորթ են առել ու վարկերի տակ խեղդվել. «Մեկ հեկտարը ցանելու համար հարկավոր է 100 հազար դրամ, վարկը նա չի կարա փակի, պետք է մի տարի ժամկետ տան, որ կարողանա փակի: Մեր ժողովրդին պետք է հնարավորություն տանք, չխեղդենք, որ գոյատեւեն»: Ծառուկյանի հաշվարկով, ամեն ընտանիքից 2-3 հոգի վարկի տակ են ու զարմանալի է բանկերի գործելաոճը. «Վարկը վերցնում են, մյուս ամսվանից ասում են՝ վարկը փակի: Պետք է ժամանակ տան, որ արդյունք տա, թե չէ՝ այդ մարդը խորտակվում է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ