Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն էլ պայմանավորված է նրանով, որ նա բոլոր ուժերի հետ շփումներ ունի. «Հրապարակ»

Փետրվար 11,2020 11:18

Ի սկզբանե Արցախի նախագահական ընտրություններին Հայաստանի իշխանությունները 3 նախընտրելի թեկնածու ունեին՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը, եւ դեմ չէին նաեւ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին։ Սակայն հաշվարկելով այդ երեքի հնարավորությունները՝ իշխանությունները կանգ առան Արայիկ Հարությունյանի վրա, բայցեւայնպես, իրենց «սրտի թեկնածուն» մնում է Մասիս Մայիլյանը, ում շանսերը շատ բարձր չեն գնահատվում, եւ հիմա աշխատանքն ընթանում է այն ուղղությամբ, որ ընտրությունների երկրորդ փուլ լինի, եւ այդ փուլում հայտնվեն Հարությունյանն ու Մայիլյանը։ Այդ պարագայում Մայիլյանի շանսերը կմեծանան, եւ հնարավոր կլինի նրան անցկացնել։

Արայիկ Հարությունյանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն էլ պայմանավորված է նրանով, որ նա բոլոր ուժերի հետ շփումներ ունի՝ նրան ՀՀ իշխանությունները շատ չեն վստահում։ Իսկ եթե, այնուամենայնիվ, Հարությունյանն ընտրվի, Մասիս Մայիլյանին խոստացել են բարձր պաշտոն՝ ընդհուպ ԱԺ նախագահի։ Բայց քանի որ Մայիլյանը հույս ուներ, որ ՀՀ իշխանությունների աջակցության շնորհիվ Արցախում կոնսենսուսային թեկնածու կդառնա եւ կհաղթի, իրեն «քցված» է զգում եւ վերջին շրջանում քաղաքական դաշտի բոլոր ակտիվ խաղացողների հետ հանդիպումներ է ունենում, առաջարկում միասին մասնակցել։

Մայիլյանն ու Բաբայանը դեռ վերջնական համաձայնության չեն եկել, չնայած երկուսն էլ հասկանում են, որ առանձին-առանձին հաղթելու քիչ հնարավորություն ունեն, բայց անձնական ամբիցիաները գոնե այս փուլում հաղթում են ռեալ պոլիտիկին, ու չի բացառվում կոնսենսուսի մասին հայտարարվի երկրորդ փուլում, եթե լինի երկրորդ փուլ։

Ի դեպ, ՀՀ իշխանությունների նկատմամբ քննադատաբար տրամադրված թեւը, որի թեկնածուն Վիտալի Բալասանյանն է, առանձնապես ակտիվ չէ, քանի որ Ղարաբաղում քարոզչական հմուտ տեխնոլոգիա են կիրառում՝ մարդկանց ներշնչելով, որ ,եթե արմատական թեւից լինի Արցախի նախագահը, Հայաստանի հետ չի կարողանա աշխատել՝ ժողովուրդն ու երկիրը կտուժեն»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829