Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ե՞րբ կմեկնարկի հանրաքվեի քարոզչությունը և որքա՞ն «այո» է անհրաժեշտ. Տիգրան Մուկուչյանի պարզաբանումները

Փետրվար 11,2020 11:14

«Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի փետրվարի 17-ից և կտևի մինչև ապրիլի 3-ը»,- լրագրողների հետ ճեպազրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստից հետո տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ընտրական ցուցակների հետ կապված մտահոգությունների առիթով նա վստահեցրեց, որ յուրաքանչյուրը կարող է ընտրողների ռեգիստրին ծանոթանալ. այն տեղադրված է ԿԸՀ կայքում. «Այդ ցուցակները առաջիկայում կհրապարակվեն ավելի լայն հնարավորություններով: Այս ընտրական ցուցակները ևս հրապարակվելու են, ներբեռնման հնարավորությամբ տեղադրվելու են»:

Որոշ ընդդիմախոսներ նշում են, որ քարոզչամեքենան արդեն սկսել է քարոզչությունը, ԿԸՀ նախագահն արձագանքեց. «Ամբողջ խնդիրն այն է, որ անգամ Հանրաքվեի մասին օրենքում է գրված, որ օրենքի սահմանած ժամանակահատվածից դուրս քարոզչություն կարող է իրականացվել: Քարոզչության ժամանակահատված սահմանվում է այն հաշվով, որ որոշ ռեսուրսներ, որոնք սահմանափակ են, դրանց նկատմամբ կիրառվեն որոշակի կանոնակարգումներ, այդ ժամանակահատվածում պահպանվի հավասարություն քարոզչության կողմերի համար: Այդ ժամանակահատվածը կարելի է սահմանափակումների ժամանակահատված համարել՝ նույն եթերի բաշխումը, պաստառներ փակցնելու տեղերը, դահլիճների տրամադրումը: Այս պարագայում քարոզչության ժամանակահատված ասելով՝ միշտ պետք է նկատի ունենաք, որ դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում գործում են որոշակի կանոնակարգումներ, Ընտրական օրենսգրքի սահմաններում իրավակարգավորումները դառնում են լիարժեք կիրառում»:

Դիտարկմանը՝ սոցցանցերում ինչպե՞ս են վերահսկողություն սահմանելու, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Սոցիալական ցանցերի հետ կապված խնդիրներ կան, քանի որ անընդհատ կյանքը զարգանում է. նախորդ ընտրությունների ժամանակ էլ անդրադարձներ եղել են: Յուրաքանչյուր կոնկրետ դեպք կոնկրետ քննարկման առարկա պետք է դառնա»:

Հանրաքվեի կազմակերպման համար սահմանված գումարի չափի առիթով Տիգրան Մուկուչյանը պարզաբանեց. «Սահմանված ընտրությունների համար նախատեսված գումարի հաշվարկը հիմա իրականացվում է, ներկայացվում համապատասխան որոշում կառավարությանը, այն կլինի նույնը, ինչ նախորդի ժամանակ, քանի որ գործառույթների առումով շատ տարբերություններ առկա չեն, թերևս եթե նկատի ունենանք՝ նվազագույն աշխատավարձի աճ ունենք, իսկ հանձնաժողովի անդամների, տեխնիկական սպասարկման մասնագետների աշխատավարձի հաշվարկման համար բազային ընդունվում է նվազագույն աշխատավարձը: 2018-ին մոտ 2.5-2.7 միլիարդ դրամ էր ծախսվել: Ենթադրում եմ, որ կլինի նույնը, չեմ կարծում, որ կլինեն ընտրատեղամասերի շատացումներ, հնարավոր են տեղեր, որտեղ կրճատումներ լինեն: Նախորդ ընտրություններին 2010 ընտրատեղամաս է կազմավորված եղել, այդ հարցին հստակ կկարողանանք պատասխանել ավելի ուշ»:

Ընտրության իրավունք ունեցողների թվի մասին Տիգրան Մուկուչյանը հրաժարվեց տվյալներ ներկայացնել՝ պատճառաբանելով, որ այդ թիվը կհրապարակի մի քանի օրից լիազոր մարմինը:

Իսկ թե որքա՞ն ձայն է անհրաժեշտ, որպեսզի հանրաքվեի նախագիծը համարվի ընդունված, այս կապակցությամբ Տիգրան Մուկուչյանը նշեց. «Հանրաքվեի դրված օրենքի նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, սակայն ոչ պակաս, քան քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների թվի մեկ քառորդը»:

Ոչ քարոզչական կողմի նախաձեռնության մասին ևս Տիգրան Մուկուչյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց. «Նախագծին դեմ քվեարկած պատգամավորները կարող են գրանցվել որպես ոչ քարոզչական կողմ: Եթե յոթնօրյա ժամկետում ոչ քարոզչական կողմ չի գրանցվում, ապա այդ ժամկետի սպառվելուց հետո հիսուն քաղաքացիներից կազմված կողմը կարող է դիմել ու գրանցվել, որպես ոչ քարոզչական կողմ: Օրենքը նախատեսում է, որ կարող է գրանցվել միայն մեկ ոչ քարոզչական կողմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829