Լրահոս
Օրվա լրահոսը

Թանկարժեք զարդերի ու ժամկետանց վարկերի հարցերը՝ ԱԺ-ում. ընդդիմության օրինագծերը չընդգրկվեցին նիստի օրակարգ  

Փետրվար 11,2020 11:05

ԱԺ այսօրվա նիստում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը: Օրինագծի զեկուցող, ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը տեղեկացրեց, որ բանկերում եւ վարկային կազմակերպություններում ժամկետանց պարտավորությունների խնդիր կա. «ԿԲ-ի տվյալներով՝ բանկային համակարգում ժամկետանց վարկերը 13% են: Բանկերը հաճախ համաձայն են ներել ժամկետանց վարկերը՝ մնացյալ պարտավորությունը միանվագ կատարելու պարագայում: Միաժամանակ, պարտքի զիջման հնարավորություն կա որոշ զեղչերով, սակայն նման դեպքերում բանկերն ու վարկային կազմակերպությունները հարկային պարտավորությունների տակ են ընկնում՝ շահութահարկ են վճարում, քանի որ պարտքի ստացումը որպես եկամուտ է համարվում»:

Ըստ Թանդիլյանի՝ նման գործարքները բանկերի համար շահավետ չեն լինում, ուստի ժամկետանց վարկերը շարունակում են պահվել բանկերի արտաբալանսում, եւ տուժում են բոլոր կողմերը. «Առաջարկում ենք բանկերին եւ վարկային կազմակերպություններին հնարավորություն տալ վարկերը ներել առանց հարկային պարտավորությունների»:

«Իմ քայլի» պատգամավոր Ծովինար Վարդանյանը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի անունից ասաց՝ այս օրինագիծը գուցե վարկառուների անպարտաճանաչ վարքագիծը խթանի, մյուս կողմից՝ բանկերին եւ վարկային կազմակերպություններին նման արտոնությունն անժամկետ տալը խնդրահարույց է:

«Կողմ» քվեարկեց 40, իսկ «դեմ»՝ 62 պատգամավոր, այսինքն՝ ԼՀԿ-ի օրինագիծը ԱԺ լիագումար նիստում չի քննարկվի:

Այնուհետեւ քննարկման դրվեց ԲՀԿ-ի հեղինակած՝ «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի զեկուցող, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրեց խնդիրը. «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի եւ զարդերի հարգը հաճախ չի համապատասխանում իրականությանը: Սա խնդիր է ոչ միայն սպառողների,  այլեւ զբոսաշրջիկների համար: Որեւէ վարչարարություն չկա, խնդիրը տարիներով առկա է: Շուկայում կարգուկանոն մտցնելու համար առաջարկում ենք ստեղծել ժամանակավոր պետական ընկերություն: Հանձնաժողովում բոլորն ընդունեցին, որ խնդիրը կա, բայց ձայները հավասար էին բաշխվել»:

«Կողմ» քվեարկեց 48, «դեմ»՝ 52, «ձեռնպահ»՝ 15 պատգամավոր, այսինքն՝ այս օրինագիծը եւս չի ընդգրկվի լիագումար նիստի օրակարգում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829