Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում եմ մի փոքր մտածել

Փետրվար 11,2020 10:00

Եվ այսպես, նշանակվել է հանրաքվեի օրը: Արդյունքն, իմ կարծիքով, կանխորոշված է. ազատ, օրինական, թափանցիկ հանրաքվեի արդյունքում «այո»-ն կստանա ոչ պակաս, քան քվեարկողների ձայների 80 տոկոսը: Մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությանը Սահմանադրական դատարանը, սահմանադրությունը, առավել եւս՝ իրավական նրբությունները եւ օրենքի հնարավոր խախտումները բացարձակապես չեն հետաքրքրում: Նրա համար կան «սեւեր»՝ թալանչիներ, ժողովրդի կեղեքիչներ եւ հանցագործներ, որոնց ներկայացուցիչներից մեկն է Հրայր Թովմասյանը, եւ «սպիտակներ»՝ մարդիկ, որոնք ժողովրդին ազատեցին այդ կեղեքիչներից՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Երբ մարդկանց հարցնում են՝ «դուք ո՞ւմ կողմից եք», դրա պատասխանը պարզ է: Այդ փաստն արձանագրելով՝ ամենեւին չեմ ուզում նսեմացնել մեր ժողովրդին՝ մենք մնացած ազգերից ոչ լավն ենք, ոչ էլ վատը: Նման իրավիճակում նույն տրամաբանությամբ կառաջնորդվեր նաեւ գերմանացին, ֆրանսիացին կամ ամերիկացին:

Հանրաքվեի արդյունքների առումով, ինչպես ասում են, «թեմա չկա»: «Թեման» այլ է՝ որքանով է այս գործընթացը օգտակար՝ ոչ թե ներկայիս իշխանության քաղաքական այսօրվա շահերի առումով, այլ՝ պետության զարգացման երկարաժամկետ (անգամ միջնաժամկետ) հեռանկարների տեսանկյունից: Իշխանությունն ասում է, որ ամբողջ աշխարհը զմայլված է մեր ժողովրդավարության բարձր մակարդակից, ընդդիմությունն ասում է, որ Արեւմուտքը մտահոգված է վերջերս տեղի ունեցող իրադարձություններով: Բայց այստեղ, հավանաբար, պետք է հաշվի առնել, որ արեւմտյան պետությունները եւ միջազգային կառույցներն ունեն իրենց շահերը, որոնցով առաջնորդվում են՝ այս կամ այն զարգացող երկրին փաղաքշելով կամ կշտամբելով: Այնպես որ՝ եկեք առաջնորդվենք մեր սեփական, ոչ թե արեւմտյան «խուճուճ» չափանիշներով:

Եկեք ինքներս մեզ համար մի քանի հարց պարզենք: Մենք իսկապե՞ս որոշել ենք, որ եթե «ժողովուրդն ուզում է», օրենքը նահանջում է երկրորդ պլան (որովհետեւ իշխանությունը պատկանում է ժողովրդին): Ու եւս մի քանի հարց: Երբ, ըստ իշխանությունների, չկա ընդդիմություն, փոխարենը կան «նախկին կոռումպացված ռեժիմի» ներկայացուցիչներ ու սպասավորներ (եւ այդպիսիք են համարվում նաեւ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները), երբ չկա քննադատություն, այլ կա «շնաբարո դուրսպրծուկների վնգստոց», դա ապահովո՞ւմ է մեր երկրի հետագա ժողովրդավարական զարգացումը: Եթե ժողովուրդն այդպես է ընկալում բոլոր ընդդիմադիրներին եւ քննադատներին, դա երաշխի՞ք է , որ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով: Եվ վերջապես, մնալով անքննադատելի եւ համոզված լինելով իր անսխալականության մեջ, իշխանությունը, վերջին հաշվով, դրանից շահո՞ւմ է, թե՞ կորցնում:

Առաջարկում եմ մի քանի րոպե մտածել այդ հարցերի շուրջ: Իհարկե, առաջարկս ուղղված է նրանց, ովքեր «ժողովրդական» կարգախոսների ազդեցության տակ չեն կորցրել մտածելու ունակությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ruben says:

    John 10 («Հովհաննես», «Иоанн»)
    10։1-42
    «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ով ոչխարների փարախ դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է և ավազակ։
    2 Բայց ով դռնով է մտնում, նա ոչխարների հովիվն է։
    3 Դռնապանը բաց է անում նրա համար, և ոչխարները լսում են նրա ձայնը։ Նա անունով է կանչում իր ոչխարներին ու դուրս է տանում նրանց։
    4 Երբ նա իր բոլոր ոչխարներին դուրս է տանում, նրանց առջևից է գնում, և ոչխարները հետևում են նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը։
    5 Օտարի հետևից նրանք երբեք չեն գնա, այլ կփախչեն նրանից, որովհետև օտարների ձայնը չեն ճանաչում։
    7 Ուստի դարձյալ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ես եմ այն դուռը, որով անցնում են ոչխարները։
    8 Բոլոր նրանք, որ եկան՝ ձևացնելով, թե ես եմ, գող են ու ավազակ, բայց ոչխարները չլսեցին նրանց։
    9 Ես եմ դուռը. ով իմ միջով մտնի, կփրկվի։ Կմտնի ու դուրս կգա և արոտավայր կգտնի։
    10 Գողը գալիս է միայն գողանալու, սպանելու և կործանելու նպատակով։
    Իսկ ես եկել եմ, որ նրանք կյանք ունենան՝ հավիտենական կյանք։
    11 Ես եմ բարի հովիվը. բարի հովիվը իր հոգին տալիս է իր ոչխարների համար։
    12 Վարձկանը, որ հովիվ չէ, ու ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում, և գայլը հափշտակում է նրանց, ու ոչխարները ցրվում են,
    13 որովհետև նա վարձված մարդ է և հոգ չի տանում ոչխարների մասին։
    14 Ես եմ բարի հովիվը. ես ճանաչում եմ իմ ոչխարներին, և նրանք էլ ինձ են ճանաչում,
    15 ինչպես որ Հայրը ճանաչում է ինձ, և ես էլ Հորն եմ ճանաչում։
    Ես իմ հոգին տալիս եմ ոչխարների համար։
    16 Ես ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որ այս փարախից չեն. նրանց էլ պետք է բերեմ։ Նրանք կլսեն իմ ձայնը և մեկ հոտ կլինեն ու մեկ հովիվ կունենան։
    17 Հայրը սիրում է ինձ, որովհետև ես իմ հոգին տալիս եմ, որ դարձյալ ստանամ այն։
    18 Ոչ ոք այն չի վերցնի ինձանից. ես ինքս եմ տալիս այն։ Ես իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ այն դարձյալ ստանալու։ Այս պատվիրանը ես իմ Հորից եմ ստացել»։

  2. Վախթանգ Սիրադեղյան says:

    Ես ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որ այս փարախից չեն. նրանց էլ պետք է բերեմ։ Նրանք կլսեն իմ ձայնը և մեկ հոտ կլինեն ու մեկ հովիվ կունենան։

    Ինձ միշտ հետաքրքրել է, թե ովքեր են ուրիշ ոչխարները:

  3. Քաղաքացի says:

    Ես կարծում եմ, ականջալուր լինելով հարգարժան հեղինակի «մի փոքր մտածելու» կոչին, «ուրիշ ոչխարների» ամենահավանական թեկնածուները կլինեն ԲՀԿ-ն և Լուսավոր Հայաստանը, մնացած, այսպես կոչված «ազգի հերոսներին» դարձի բերելը, կարծում եմ անիրական է։ Իսկ եթե լուրջ վերաբերվենք, հարգելի Արամ Աբրահամյանի կոչին, ապա այսպիսի մի նկատառում՝ ժամանակին Խորհրդային Միության Սահմանադրության մեջ, ի թիվս զանազան ազատությունների, որոնք շնորհվում էին քաղաքացիներին և որոնցից մենք, գործնականում, այդպես էլ չօգտվեցինք, կար այսպիսի մի ազատություն՝ մտքի ազատություն։ Այլախոհներից մեկը, օգտվելով շնորհված ազատությունից, սակայն ապահովության նկատառումներից ելնելով գտնվելով օվկիանոսից այն կողմ, երգիծանքով նշեց, թե ինչպես կարելի է շնորհել մի բան, որն ինքն իրենով արդեն ազատ պրոցես է, մտածելու կարողությունը տրված է մեզ ի վերուստ և չի կարող կառավարվել ոչ մի Սահմանադրությամբ։ Այն ժամանակվա սահմանադրագետները շատ ավելի ռոմանտիկ էին, իսկ ներկայիս սահմանադրագետները շատ ավելի գործնական են, երբ ամրագրում են երկրի Սահմանադրության մեջ իրենց ցմահ պարտավորվածությունը «ծառայելու» ոչխարներին և իրենք իրենց դատելու իրավունքի վեհ գաղափարը։ Ինչև է։
    Հարգելի Արամ Աբրահամյան, այս մոտավորապես երկու տարվա փորձից ելնելով, հավաստիացնում եմ Ձեզ, որ մտածում են բոլորը, սակայն այդ պրոցեսի արդյունքը, անկախ թվերից, փաստերից, վիճակագրույունից, բարոյականությունից և այլ ոչ այնքան մոդայիկ հասկացողություններից, գնահատվում է ելնելով միայն մեկ սկզբունքից՝ համամիտ ես ինձ հետ, թե ոչ։ Այս սկզբունքը գործում է ԲՈԼՈՐԻ համար, անկախ հասակից, կրթական մակարդակից և տեղեկացվածությունից։ Չեմ բացառում, որ սա մեր ազգային հատկանիշներից մեկն է։ Միևնույն ժամանակ շատ լուրջ կասկածներ ունեմ, որ մտածելու արդյունքները ուղիղ կապ ունեն անձի հոգեբանական վիճակի հետ։ Իսկ այս պարագայում տրամաբանական արդյունքների սպասելը դժվար է, սակայն լինելով ֆատալիստ, պատրաստ եմ ընդունել իրադարձությունների ցանկացած զարգացում։

  4. Anonymous says:

    Ամեն անգամ կարդալով ձեր հոդվածները հիանում եմ . խորաթափանց, դիպուկ ու անհեղծ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829