Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենամռայլ կանխատեսումները, կարծես թե, արդարանում են. Բաբայան-Մայիլյան դաշինքն, ըստ երեւույթին, ունի նաեւ արտաքին ռեժիսորներ». Վահրամ Աթանեսյան

Փետրվար 10,2020 22:50

«Փետրվարի 9-ին Մասիս Մայիլյանն ինքնուրույն գործչից վերածվեց Սամվել Բաբայանի մոտ նախագահ աշխատելու պատրաստակամություն հայտնած շարքային կարիերիստի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն`անդրադառնալով կիրակի օրը`փետրվարի 9-ին կայացած Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի եւ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հանդիպմանը:

«Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի շուրջ քաղաքական կոնսոլիդացիայի մասին խոսելով՝ մի քանի օր առաջ այն միտքն էի արտահայտել, թե հնարավոր է՝ գործ ունենք ավելի խորքային զարգացումների հետ: Զգուշորեն ակնարկել էի, որ Ստեփանակերտում ոմանք պաշտոնաթող գեներալ Վյաչեսլավ Հյուսնունցի «Հզոր միասնական հայրենիք» եւ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունների միջեւ ոչ միայն անվանման նմանություն են տեսնում: Ասվածի իմաստն այն էր,  որ եթե Հյուսնունցի «Հզոր միասնական հայրենիքը» միանում է Մայիլյանի քարոզչությանը, ապա տեսանելի ապագայում հնարավոր է նաեւ Սամվել-Բաբայան-Մասիս Մայիլյան միավորում»:

Անցած կիրակի օրը կայացած հանդիպումն, ըստ մեր զրուցակցի, բացահայտեց, որ Բաբայան-Մայիլյան քաղաքական քննարկումներ ընթացել են տեւական ժամանակ, ըստ երեւույթին՝ միջնորդավորված: Բայց տեխնիկական խնդիրների վրա սեւեռվելու հարկ նա չի տեսնում. «Քաղաքականությունը հետաքրքիր է ոչ թե երկրորդ-երրորդ կարգի դերակատարներով, այլ՝ առաջնաբեմից հնչեցված որոշումներով: Փետրվարի 9-ին Սամվել Բաբայանը հայտարարել է, որ նախագահական ընտրապայքարում սատարում է Մասիս Մայիլյանին: Դրանով, կարելի է ասել, փակվում է բանավեճը, թե նախագահի թեկնածուներից ո՞վ է մարմնավորում Արցախում քաղաքական եւ սոցիալ-տնտեսական, նույնիսկ՝ քաղաքակրթական նորացումը: Եթե մինչ այդ իշխող տպավորությունն այն էր, որ «նոր Արցախի» խորհրդանիշը Մասիս Մայիլյանն է, ապա Սամվել Բաբայանի խարիզմատիկ հովանավորությունն ընդունելով՝ նա այլեւս  վերածվում է քաղաքական ռետրո-գործչի, նրա քարոզարշավը՝ պարզ դեժավյուի: Սամվել Բաբայանին եւ Մասիս Մայիլյանին կարող է միավորել միայն անցյալը: Ավելի ճիշտ՝ անցյալը վերադարձնելու նպատակադրվածությունը»:

Վահրամ Աթանեսյանի հավաստիացմամբ, Ստեփանակերտում արդեն միայն ծույլերն են, որ չեն խոսում Արցախում իշխանությանը տիրանալու Սամվել Բաբայանի ծրագրի մասին. «Ըստ այդմ, Մասիս Մայիլյանին վերապահվում է «անգլիական թագուհու» կարգավիճակ, ՊԲ նախկին հրամանատարը նշանակվում է պետական նախարար՝ ունենալով սեփական թիմ ձեւավորելու բացառիկ լիազորություններ, իսկ վերջերս «Շարժում 88» կուսակցությունից ճամբարափոխ եղած Գագիկ Բաղունցը կարգվում է Ազգային ժողովի նախագահ, որպեսզի Արցախում ժողովրդի ներկայացուցչական մարմինը վերջնականապես վերածվի կառավարության կցորդի: Բաբայան-Մայիլյան դաշինքն, ըստ երեւույթին,  ունի նաեւ արտաքին ռեժիսորներ: Ովքե՞ր են նրանք եւ ի՞նչ սցենարներ են մշակում՝ առայժմ դժվար է ասել: Փաստ է, սակայն, որ ամենամռայլ կանխատեսումները, որ Արցախի նախագահական ընտրությունները բաժանարար գծեր են գծելու, կարծես թե լիովին արդարանում են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829