«Այս հարցի պատասխանը պարզ ու հստակ տրված է Սահամանադրության մեջ»,- «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով այն քննադատություններին, թե սահմանադրական հանրաքվեի կազմակերպումն անօրինական ճանապարհ է, այսպիսի կարծիք հայտնեց փաստաբան Կարապետ Բադալյանը:
Նա այս առիթով պարզաբանեց. «Սահմանադրության 202-րդ հոդվածով նախատեսված են Սահմանադրության այն նորմերը, որոնք կարող են փոխվել հանրաքվեի՝ բացառապես հանրաքվեի միջոցով և նշված են այն նորմերը, որոնք կարող են փոխվել նաև ԱԺ որոշմամբ: 213-րդ հոդվածը Սահմանադրության այն նորմերից է, որը կարող է փոխվել նաև ԱԺ որոշմամբ: Եվ այդ կարգավորումը տալիս է, որ եթե նախագիծը չի ընդունվում, ապա այն ուղարկվում է ՀՀ նախագահին և դրվում հանրաքվեի: Շատ սպառիչ կարգավորում է սա: Մնացած տեսակի մեկնաբանությունները, թե օրենքի խախտմամբ է դրվում հանրաքվեի, իմ կարծիքով, անհիմն են»:
Այն հստակեցմանը՝ քննադատում են՝ հիմնավորելով, որ նախագիծը նախ պետք է ուղարկվեր ՍԴ, հետո ՀՀ նախագահին, փաստաբանն այսպես արձագանքեց. «Ենթադրենք պետք է ուղարկվեր Սահմանադրական դատարան: Գիտեք, որ հարցը վերաբերում է հենց ՍԴ անդամների լիազորությունների դադարեցմանը: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ այդ յոթ անդամները քննարկեն իրենց լիազորությունների հա՞րցը: Դա փակուղի է, դա լուծում չի առաջացնում, հետևաբար բովանդակային առումով դա իմաստազուրկ է: ՀՀ նախագահն էլ առանձնապես մեծ հայեցողություն չունի այդ հարցի կապակցությամբ»:
Հարցին՝ իսկ եթե անհրաժեշտություն է առաջանում բողոքարկել հանրաքվեի արդյունքները, այդ դեպքում ի՞նչ է լինում, Կարապետ Բադալյանը պատասխանեց. «ՍԴ շուրջ և ներսում ծագած ճգնաժամը դրան է վերաբերում: Մենք չունենք օրինական ձևավորված ՍԴ: Իրավունքի պահապանը՝ ՍԴ-ն, այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ ամբողջ ժողովրդավարական համակարգը մտցրել է փակուղի: Եթե ՍԴ-ն ունի յոթ անդամներ, որոնք լեգիտիմ չեն, ուրեմն ժողովուրդը չպե՞տք է կարողանա ընտրություն կատարել: Պարզ է, որ սահմանադրության անփոփոխելիության հոդվածով ժողովուրդն իր ձայնը պետք է արտահայտի»:
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցինք՝ հնարավոր չէ՞ր այս հարցը լուծել սահմանադրական փոփոխությունների միջոցով, ոչ թե այսպես շտապողականությամբ՝ հանրաքվեով, Կարապես Բադալյանը պատասխանեց. «ՍԴ-ն տարիներ շարունակ ծառայել է որպես գործադիր իշխանության գործիք: Այն կրիտիկական պահերին, երբ ժողովրդի շահերը, իրավունքները պետք է պաշտպաներ, ձախողել է: Բազմաթիվ են այդ օրինակները: Ձախողման մեջ իրենց լուման ունեն նաև ՍԴ ներկայիս յոթ անդամները: Այդ նույն անձինք այլևս չեն կարող մեր երկրի համար կարևորագույն հարցերը լուծող լինել, քանի որ նրանք այդ վստահությունը չունեն: Գործող Սահմանադրության համապատասխանությամբ, օրինականությամբ ընտրված ՍԴ կազմն է, որ ՍԴ փոփոխությունների նախագիծը կուսումնասիրի, եզրակացություն կտա, և այն կդրվի քվեարկության: Նաև հետագայում ավելի լայն սահմանադրական փոփոխության իրականացման համար է սա անհրաժեշտություն»:
Հարցին, իսկ եթե ժողովուրդը որոշի, որ այս կազմը շարունակում է պաշտոնավարել, ի՞նչ է տեղի ունենալու, Կարապետ Բադալյանը եզրափակեց. «Եթե ժողովուրդը հանրաքվեի արդյունքներով թույլ չի տալիս ՍԴ կազմի փոփոխություն, ապա շարունակում ենք ապրել այն կազմով, որը կա և շարունակում ենք հաշտվել այն իրավիճակի հետ, որ կա: Իշխող քաղաքական ուժը կարող էր ԱԺ-ում ընդունել այդ որոշումը և վերջ: Դա մեծ գայթակղություն է իշխանության համար, և այդ գայթակղությանը իշխող ուժի ներկայացուցիչները չտրվեցին և ընտրեցին շատ ավելի ռիսկային ճանապարհ՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ