Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին

Փետրվար 10,2020 19:44

2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսանյանի (նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն էր) մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը, հայց է ներկայացրել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ։

Այն լսվելու է փետրվարի 18-ին, ժամը 11-ին՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում։

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց Անահիտ Իսկանդարյանը, նախկին նախագահին դատի տալու պատճառն այն է, որ վերջինս 2018 թվականի մարտի 31-ին ներում է շնորհել ու 4 տարի վեց ամիս ժամկետով կրճատել է սպանության մեղադրանքով դատապարտված Հարություն Սարգսյանի ազատազրկման ժամկետը։

Անահիտ Իսկանդարյանը նաև բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով իր իրավասության շրջանակներում չեղյալ համարել Սերժ Սարգսյանի կողմից շնորհած ներումը։

Անահիտ Իսկանդարյանի՝ մեր խմբագրություն ուղարկած բաց նամակում գրված է․

«Ինչո՞ւ․․․Այս տագնապալի հարցը իմ ողջ կյանքի ընթացքում շանթահարելու է ինձ։

Ինչո՞ւ իր նշանադրության օրը գազանաբար սպանվեց որդիս՝ Կարեն Եսայանը:

Ինչո՞ւ նրա անբասիր անունը կապվեց կլանային վենդետաների, հեղինակությունների միջև վրեժխնդրության հետ…

Գուցե նրա համար, որ որդիս ճակատագրական դժբախտությունն ունեցավ ընտրելու Գյումրու նախկին քաղաքապետ Վ.Ղ.-ի աղջկա՞ն:

Ինչո՞ւ , ինչո՞ւ, ինչո՞ւ․․․

Ումի՞ց ետ ուզեմ որդուս, ումի՞ց իմանամ նրա անտեղի զոհ դառնալու պատճառը։

Որդուս սպանության միակ վկան որդուս մեքենան նստելով, խաբեությամբ դահիճների ձեռքը հանձնողը, նախճիրի մասնակիցը՝ Հարություն Սարգսյանն է, որը 2014 թվականին դատապարտվեց 14 տարի ազատազրկման:

Պատիժը կրելուց անցել է մոտավորապես յոթ և կես տարի, իսկ մարդասպանության պատվիրատուները իրականացնում են միակ վկայի, միակ մասնակցի վաղաժամկետ ազատման անբարո գործարքը:

Հիմնաքարը դրեց Սերժ Սարգսյանը՝ 2018 թվականի մարտի 31 ՆՀ-201-Ա հրամանագրով գաղտնի կերպով, հիմնազուրկ, չգիտեմ ինչի հիման վրա ներում շնորհելով և ազատազրկման ժամկետը կրճատելով 4 տարի 6 ամիս ժամանակով: Այն, որ նախկին նախագահի հատուկ վերաբերմունքը հազարավոր բանտարկյալներից կանգ առավ այս մեկի վրա, այլևս ապացույցն է Գյումրու հայտնի հեղինակությունների հետ կրիմինալ -կոռուպցիոն շղթայի:
Դրանից հետո 2018թ․ հուլիսի 13-ին կիրառվեց 2-րդ համաներումը․ ՀՀ ԱԺ «ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին » 2018թ. հոկտեմբերի 3-ի ԱԺՈ-080-Ն որոշման 8-րդ կետի 6-րդ ենթակետը և պատժի մասը՝ 3 տարի 3 ամիսը ևս կրճատվեց վեց ամսով:

Հարգարժան պարոն Փաշինյան, ջախջախված ռեժիմի ճիրանները դեռ արդարադատության անվան տակ ակտիվորեն գործում են՝ ամեն ինչ անելով մարդասպանին օր առաջ ազատության մեջ տեսնելու համար:

Խնդրում եմ Ձեր իրավասության շրջանակներում առ ոչինչ համարել Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված այդ «թանկարժեք համաներումը»՝ թույլ չտալով իրական արդարադատությունը կոծկելու այս խայտառակ փաստը…

Կայացված բազմաթիվ դատավճիռներից որևէ մեկը պատասխան չտվեց , թե ով սպանեց որդուս: Այդպես էլ անհայտ մնաց, թե մարդասպան Հարություն Սարգսյանից բացի՝ ովքեր էին մյուս մասնակիցները, ով էր պատվիրատուն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829