Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կառավարությունը «Նաիրիտի» շուրջ բանակցում է ԱՄՆ պատժամիջոցների ներքո գտնվող իրանական ընկերության հետ. «Ազատություն»

Փետրվար 10,2020 17:57

«Ազատություն». Հայաստանի կառավարությունը բանակցում է ամերիկյան պատժամիջոցների ներքո գտնվող իրանական Tabriz Petrochemical Company ընկերության հետ «Նաիրիտ» գործարանի հնարավոր վերագործարկման շուրջ։

«Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը նշում է. ««Tabriz Petrochemical Company»-ի ներկայացուցիչների հետ հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 30-ին Երևանում։ Հանդիպման խնդրանքով դիմել է իրանական կողմը, և ինչպես այլ ներդրողների պարագայում, կազմակերպվել է հանդիպում, որի ընթացքում ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ հետաքրքրված են Նաիրիտի վերագործարկմամբ։ Ընկերության կողմից այս հարցով նախատեսվում է իրականացնել իրագործելիության ուսումնասիրություն (feasibility study), որին կարող է հետևել նաև ֆինանսական աուդիտ։ Իրագործելիության ուսումնասիրությունը նախնական տվյալներով նախատեսվում է ավարտել 2020թ. մարտի վերջին։ Ուսումնասիրությունից հետո պատրաստ ենք քննարկել հնարավոր համագործակցության տարբերակները և ձևաչափերը։ Իրանական ընկերության ԱՄՆ պատժամիջոցների ներքո գտնվելու մասին տեղեկություններ չունենք»։

ԱՄՆ ֆինանսների նախարարության (U.S. Department of the Treasury) պաշտոնական կայքէջի համաձայն, Tabriz Petrochemical Company-ն 2018 թվականից գտնվում է պատժամիջոցների ներքո։

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց. «Մանրամասնել չեմ կարող։ Աշխատանքները բիզնես հիմնավորվածությունը պետք է ունենան։ Եվ դա լավագույն ձևով կարող են գնահատել այն անձիք, ովքեր շահագրգռված են դրա շարունակական կայունության հաշվարկները կատարելով։ Կառավարությունը բոլոր նման դեպքերում, եթե լինի ներդրումային այնպիսի առաջարկ, որը իր երկարաժամկետ կայունության հարցում երաշխիքներ է պարունակում, պատրաստ է քննարկել»։

Հարցին, թե արդյոք կա մոտավոր հաշվարկ, թե որքան գումար է հարկավոր «Նաիրիտը» վերագործարկելու համար, նախարարն արձագանքեց. «Ես էդպիսի թիվ հիմա չեմ կարող ասել, որովհետև անկախ գումարի չափից, նախ պետք է գնահատվի դրա տեխնիկական իրագործելիության հարցը։ Բոլոր նման դեպքերում հիմնավորվածությունը տեխնիկատնտեսական է, այսինքն պետք է հաշվարկները նախ հիմնավորեն դրա տեխնիկական իրագործելիությունը, հետո նաև ֆինանսական հիմնավորումները։ Այսինքն, այն ակնկալիքները տնտեսական, որ կան նման նախաձեռնությունների դեպքում, պետք է արդարացնեն իրենց վրա կատարվող ծախսը»։

Իրանական ընկերության կայքէջի համաձայն, Tabriz Petrochemical Company-ին կամ Թավրիզի նավթաքիմիական ընկերությունը հիմնադրվել է 1990 թվականին, և հիմնականում զբաղված է պոլիէթիլենի, պոլիստիրոլի ու պրոպիլենի արտադրությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829