«Նախարարության աշխատանքները համակարգվում են այնպես, ինչպես նախկինում: Իհարկե, լրացուցիչ ջանքեր ենք գործադրում, բայց նաեւ ուզում ենք, որ ապագայում, երբ նշանակումներ լինեն, դաշտում առկա բոլոր հնարավոր մասնագետներին դիտարկենք: Իհարկե, տեղակալների կարիք ունենք»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով փաստին, որ իր երկու տեղակալներն այլեւս չեն պաշտոնավարում, իսկ մյուսը՝ Գեւորգ Լոռեցյանը, ենթադրյալ կաշառքին առնչվող քրեական գործով մեղադրյալ է:
Ինչ վերաբերում է կալանավորված Գեւորգ Լոռեցյանին, Արայիկ Հարությունյանը շեշտեց՝ նախաքննություն է ընթանում. «Անմեղության կանխավարկածը չպետք է ոտնահարել: Երբ գործն կավարտվի, եւ նոր ընթացք կլինի, այսինքն՝ նախաքննական մարմինն այս կամ այն որոշումը կկայացնի, կլինեն մեկնաբանություններ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ