Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական հանրաքվեն Հայաստանում աննախադեպ գործընթաց է, ուղիղ ժողովրդավարության կիրառման ակնհայտ օրինակ. Տաթևիկ Հայրապետյան

Փետրվար 10,2020 16:31

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեն համարում է Հայաստանում աննախադեպ գործընթաց, քանի որ դա ըստ նրա՝ ուղիղ ժողովրդավարության կիրառման ակնհայտ օրինակ է:

«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Տաթևիկ Հայրապետյանը, անդրադառնալով իրենց հասցեին հնչող մեղադրանքներին, թե ինչո՞ւ իրենք չքվեարկեցին խորհրդարանում, այլ պատասխանատվությունը գցում են ժողովրդի վրա, ասաց. «Եթե մենք գնայինք այդ քայլին, մեզ նման գործընթացներում կմեղադրեին: Մենք ընտրեցինք ամենաժողովրդավարական ուղին և գուցե մեզ համար ոչ ամենահեշտ ճանապարհը, և ՀՀ քաղաքացին իրավունք ունի հանրաքվեի միջոցով իրացնել իր՝ այսպես ասած իրավունքը, որոշումը: Մարդիկ այս խնդիրը փոքրացնում, տարածում են Հրայր Թովմասյանի և յոթ դատավորների վրա: Բայց բնավ այդպես չէ, խոսքն այդ ինստիտուտի մասին է»:

Տաթևիկ Հայրապետյանը կարծիք հայտնեց, թե ինչպես Ադրբեջանում, մեզ մոտ էլ ոչ վաղ անցյալում ընտրությունները կեղծվում էին, և հենց նույն ՍԴ դատարանը վավերացնում էր այդ կեղծված ընտրությունները. «Այդ գործընթացը շարունակվում էր՝ մեզ ավելի ներքաշելով դեպի անդունդը: Դա ոչ թե ժողովրդավարության, այլև անվտանգության խնդիր էր: Չգիտեմ՝ ՀՀ-ում որքանով էին մարդիկ դա գիտակցում, բայց մեզ համար այսօր ժողովրդավարությունն անվտանգության կոմպոնենտ է իրականում: Այս պարագայում ՍԴ հետ կապված որոշումն այն է, որ պետք է դառնա ՀՀ քաղաքացիների կողմից իրականացված հեղափոխության կարևոր երաշխիք դրա շարունակականության, որ որևէ ուժ ՀՀ պատմության մեջ չփորձի ընտրությունները կեղծել, եթե անգամ գան այդ ճանապարհով իշխանության, հանդիպեն անաչառ ՍԴ դատարանի գնահատականի և դրանով հեռանա պատմության ասպարեզից: Սա է այն ուղին, որով հնարավորություն ենք տալիս ՀՀ քաղաքացիներին գնալ հանրաքվեի: Վստահ եմ, որ քաղաքացիները հերթական անգամ անելու են իրենց քայլը»:

Այն դիտարկումներին՝ ժողովրդից շատերը անգամ չգիտեն՝ ինչ է Սահմանադրությունը, ինչի համար է հանրաքվեն, ուստի ինչպե՞ս են քվեարկելու, Տաթևիկ Հայրապետյանն արձագանքեց. «Հստակ քարոզարշավ է լինելու, մենք ներկայացնելու ենք: Վստահ եմ, որ բազմաթիվ մարդիկ շատ լավ տեղյակ են, որ ՀՀԿ-ականները ՍԴ-ն դարձրել են իրենց վերջին բաստիոնը և փորձում են իրենց նախկին արժեհամակարգը տարածել դրա վրա»:

Հակադարձմանը՝ երաշխիքը ո՞րն է, որ այս ՍԴ-ն լինելու է անաչառ, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց. «Առաջադրվելու են, գալու են ԱԺ հարցուպատասխանի, անցնելու են հստակ ընթացակարգ»: Հարցին՝ այդ դեպքում ինչու՞ Վահե Գրիգորյանը չի գալիս ԱԺ, ինչո՞ւ նրան նման հարցադրումներ չեն արվում իր աշխատանքի մասին, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց. «Ես չեմ պատրաստվում ստանձնել այս կամ այն դատավորի պաշտպանությունը: Ամեն ինչ պիտի լինի մաքսիմում թափանցիկ, մենք մեկի պաշտպանության համար չեն անում սա, այլ ի պաշտպանություն ժողովրդավարական արժեքների ու ինստիտուտների»:

Անդրադառնալով Վահե Գրիգորյանի առնչությամբ հարցին՝ պատգամավորն ասաց. «Տեղյակ չեմ, թե որքանով ԱԺ-ն նման իրավասություն ունի: Եթե նման հանրային պահանջ կա, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը պատրաստվում է կոծկել կամ չքննարկել: Նույն Վահե Գրիգորյանը ստիպած է աշխատել կամ չի կարողանում աշխատել այն միջավայրում, որը մենք ժողովրդական հանրաքվեի միջոցով փոխել ենք ուզում»:

Դիտարկմանը՝ հեղափոխությունից երկու տարի է անցել, բայց միայն Ռոբերտ Քոչարյանի կալանքի հետ կապված ՍԴ հայտարարությունից հետո սկսվեցին ՍԴ-ի նկատմամբ այս գործընթացները, Տաթևիկ Հայրապետյանը չհամաձայնեց ու նշեց. «Դա բազմաթիվ որոշումներից մեկը կարող էր լինել: Դուք էլ հետևել եք, որ ԱԺ-ն բազմիցս անդրադարձել է այդ խնդրին, մենք առաջարկել ենք լուծումներ, համաձայն չեն այդ լուծումներին, թող ժողովուրդը որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ: Անհատի խնդիր չէ, սա նախկինի ու նորի վերջին պայքարն է, քանի որ մենք ոչ եք ասել այդ արժեհամակարգին, կոռումպացվածությանը: Հրայր Թովմասյանը, որը դե յուրե նախկին, դե ֆակտո փաստացի ՀՀԿ-ական է, որը խեղել է այս Սահմանադրությունը. ինքը գրեց այդ Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի համար և հիմա ինքն է վայելում: Ինքը ստեղծել է մի համակարգ, որ մինչև 2035 թվականը մնա դատավորի պաշտոնում և պահպանի այն իրավիճակը, որն առկա է: Սա մենք փոխել ենք ուզում՝ բխելով ժողովրդավարական արժեքներից: Խնդիրը ոչ թե Հրայր Թովմասյան քաղաքացին է, այլ այն արժեհամակարգը, ՀՀԿ-ական կեղծված արժեհամակարգը, որն ինքը մարմնավորվում է: Մենք դրանից ենք ուզում ամբողջությամբ զերծ մնալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829