Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԻ-ի նախկին աշխատակից. «ԿԱԻ-ն կրթության ողնաշարն է, ինչու լուծարեցին»

Փետրվար 10,2020 16:02

ԿԳՄՍ-ի դիմաց Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները բողոքի ցույց են անցկացնում, նրանց խոսքերով, շուրջ 400 հոգի աշխատանք է կորցրել: «Ոչ մեկն իր տեղում չի եւ չեն կարողանում մեզ ընդունել: Ի վերջո, ուզում ենք պարզել մեր կարգավիճակն ի՞նչ է, նորից աշխատելո՞ւ ենք, ամեն ամիս մեզ խաբել են, թե հաջորդ ամսին հարցի լուծումը կլինի, եւ հունիսից մինչեւ այսօր սպասում ենք մեր կարգավիճակի ճշտմանը:

Ասում էին` հիմնադրամ պետք է լինի, բայց մինչեւ հիմա ոչ կանոնադրություն կա, ոչ մի բան: Ոչ կոմպետենտ անձնակազմ է ընտրվել, աշխատել են այնպիսի մարդիկ, որոնք մինչեւ հիմա չեն կարողանում լուծել այդ հարցը, ընտրությունն էլ մրցույթով անցնելը սխալ է: Կարծում ենք` չեն ընտրում այն մարդկանց, որոնք կարող էին օգտակար լինել այս աշխատանքի համար»,-լրագրողների հետ զրույցում նշեց ԿԱԻ նախկին աշխատակիցներից մեկը:

Նա նեղսրտեց, որ իրենց դիտարկում են զուտ վերապատրաստում իրականացնողներ. «Ասել, որ Կրթության ազգային ինստիտուտը միայն վերապատրաստումներ էր անցկացնում սխալ է, բազմաբնույթ աշխատանքներ էր կատարում` սկսած ծրագրերի մշակումից, չափորոշիչների կազմումից եւ լրամշակումից մինչեւ դասագրքերի փորձաքննություն, օրենսդրական նյութերի լրամշակում: Բազմաթիվ աշխատանքների ֆոնի վրա վեր են հանում այն, որ իբր չեն կատարվել լավ վերապատրաստումներ…Մի քանի ուսուցիչ ֆեյսբուքում նման գրառումներ էին անում: Կարծում եմ` դրանք ֆեյքեր էին, քանի որ ուսուցիչը նման բան չէր գրի, ուսուցիչները մինչեւ գիշերվա 11-ը մեզ զանգում են եւ խորհրդատվություն են վերցնում, ինչի կարիքն ունեն:

Այժմ խախտվել է օրենքով նախատեսված այն դրույթը, որ ուսուցիչները հինգ տարին մեկ անգամ վերապատրաստում անցնեն: Այդ գործառույթը տրվել է հկ-ներին, բայց հկ-ն ի՞նչ է հասկանում, թե վերապատրաստումն ինչ է: Ընդ որում, մեզանից ոչ մեկն ընդգրկված չէ: Հիմա մենք պարապ ենք, եւ ամիսը մեկ անգամ գալիս ենք այստեղ, որ տեղեկություն ստանանք»,-նշեց նա: Ասում է, որ հույս չունեն, թե հարցը կլուծվի, մինչդեռ իրենք ցանկանում են, որ ԿԱԻ-ն վերականգնվի, քանի որ դա նախարարության ուղեղն էր:

ԿԱԻ-ի մեկ այլ նախկին աշխատակից, անգլերենի մասնագետ Կարինե Պողոսյանն էլ, որ աշխատել է ԿԱԻ-ի գնահատման համակարգերի ներդրման բաժնում, նշեց, թե ուսուցիչներն անընդհատ զանգահարում են իրենց եւ զարմանում են, որ իրենք տանն անգործ նստած են: «Այստեղ հավաքված բոլոր մասնագետները բազմաթիվ ձեռնարկների հեղինակներ են, վերապատրաստումներ անցած մասնագետներ…Ես ինքս երեք անգամ Անգլիայում եմ վերապատրաստվել, ամեն մի առարկայի մասնագետի կարիք բոլորն ունեն»,-շեշտեց նա:

ԿԱԻ-ի նախկին աշխատակից, ռուսաց լեզվի մասնագետ, գիտությունների թեկնածու Կարինե Թամիրողլյանի խոսքով, Կրթության ազգային ինստիտուտը երկրի կրթության ողնաշարն է. «Տարբեր երկրներում կան այսպիսի ինստիտուտներ, ինչու էր պետք փակել այն, մեզ հետ այսպես վերաբերվել, ու չկա ոչ մի բացատրություն, միայն խոստումներ են, ոչ մի բան չփոխվեց, ոչ մի հիմնադրամ էլ չստեղծվեց…Փոխնախարարն ամեն անգամ ասում էր` վա՞յ, դեռ ուրիշ տեղ աշխատանքի չեք տեղավորվել: Իսկ նախարարն էլ, որ երկու անգամ մեզ հետ հանդիպել է, ասում էր` մի մտածեք, լավագույն մասնագետները կընդգրկվեն որեւէ տեղ: Բայց նշել է, որ մենք ինչպես ՀՀ մնացած քաղաքացիները պետք է մրցույթով անցնենք եւ որեւէ առավելություն չենք ունենա»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829