Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քաղաքական աջակենտրոն նոր կուսակցություն կհիմնադրի, որը հանդես կգա ընդդիմադիր դիրքերից: Այս մասին Վանեցյանն ասել է Interfax գործակալությանը տված հարցազրույցում:
«Քաղաքական նոր ուժը կլինի կենտրոնամետ-աջ, իսկ գաղափարախոսության և ծրագրերի հիմքում ներդաշնակորեն կմիահյուսվեն ավանդույթները և առաջընթացը: Ներկայում խորհրդակցություններ են ընթանում համախոհների և հավանական գործընկերների հետ, բոլոր հնարավոր քննարկումներից հետո մենք կառաջադրենք հստակ ծրագրային դրույթ և հետագա գործողությունների ճանապարհային քարտեզ»,- ասել է Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանում մի շարք խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում, իսկ կառավարությունը հետ է կանգնել 2018թ. գարնան «թավշյա հեղափոխության» նպատակներից: ԱԱԾ նախկին ղեկավարը կարծում է, որ վերադարձ անցյալին չի կարող լինել: Միևնույն ժամանակ Վանեցյանը դեմ է քաղաքական կոշտ սահմանազատմանը՝ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով:
«Այս հենակետն այսօր, ինչպես երևում է, հարմար կանոն է դարձել գործող իշխանության համար, ինչը անթույլատրելի է իրավական պետություն ստեղծելու, իշխանության ճյուղերի տարանջատման և հավասարակշռված քաղաքացիական հասարակության տեսանկյունից: Իմ խորին համոզմամբ` այսօրվա Հայաստանում ծայրահեղականության ու ծայրահեղությունների համար տեղ պետք է չլինի: Սև-սպիտակ քաղաքական դաշտին այլընտրանք կա, աշխարհը լի է գույներով…»,- նշել է ԱԱԾ նախկին ղեկավարը:
Կարդացեք նաև
Նա նաև նշել է, որ «թավշյա հեղափոխության» օրերին Հայաստանում մարդիկ ցանկանում էին արդարություն, կենսամակարդակի բարձրացում, որակյալ ծառայություններ կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտներում:
«Խոստացան և չարեցին»,- նշել է գործակալության զրուցակիցը:
«Հասարակության լայն շերտերին համախմբելու փոխարեն, առանց որի Հայաստանը չի կարող հաղթահարել երկրի ու հասարակության առաջ ծառացած սպառնալիքները, մենք ստացանք ներքին նոր «խրամատներ», բաժանումներ «սևերի ու սպիտակների», «հների ու նորերի», «համաձայնների և ոչ այնքան համաձայնների», որոնք անողոքաբար կռվում են միմյանց դեմ՝ համընդհանուր ատելության մթնոլորտում: Առանձին թեմա է ուժային կառույցներում այս ամենի անթույլատրելիությունը»,-ասել է Վանեցյանը:
Վանեցյանն ընդգծել է նաև, որ Ռուսաստանը մնում է ու կմնա Հայաստանի ռազմավարական գործընկերը: Նրա խոսքով` Երևանն ու Մոսկվան պետք է պահպանեն եղբայրական և ռազմավարական հարաբերությունների բազմադարյա պատմությունն ու կուտակված ներուժը և զարգացնեն դրանք ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ և ՀԱՊԿ ձևաչափերում:
«Այսօր Հայաստանի իշխանության ղեկին կան շատ մարդիկ, որոնք ընդդիմություն եղած ժամանակ ագրեսիվ ձևով հանդես էին գալիս հակառուսական դիրքորոշմամբ, ընդհուպ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվել է Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին օրինագիծ: Նրանք հայտարարում էին, որ ԵԱՏՄ-ն սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը: Այսօր նույն այդ մարդիկ ամեն հարմար առիթ օգտագործում են ընդգծելու համար ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կարևորությունն ու կազմակերպության հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը»,- հայտարարել է Վանեցյանը` հավելելով, որ «իրական քաղաքականությունն ու պոպուլիզմն անհամատեղելի են»:
«Կարելի է շատ խոսել բացթողումների և չիրականացած հնարավորությունների մասին, թյուրիմացություններ լինում են նույնիսկ ամենասիրով ընտանիքներում: Բարեբախտաբար, մեր ժողովուրդներին միշտ բավարարել է իմաստություն` հաղթահարելու համար բոլոր դժվարությունները: Համոզված եմ՝ կբավարարի նաև ապագայում: Կամք ու իմաստություն է հարկավոր, և մեր ժողովուրդները դա ունեն: Ես պետք է ընդգծեմ, որ մեր հարաբերություններն ավելին են, քան առանձին վերցրած քաղաքական գործիչների կամ նույնիսկ քաղաքական ուժերի հարաբերությունները: Այդ հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն և կունենան բազմադարյա ապագա»,-նշել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը:
Վանեցյանը նշել է, որ 2019 թվականին, երբ նա լքեց ԱԱԾ տնօրենի պաշտոնը, իր և Նիկոլ Փաշինյանի տարաձայնությունները դարձել էին անհաղթահարելի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ