Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանն իր տեղը զիջել է «Իմ քայլից» Արուսյակ Ջուլհակյանին

Փետրվար 10,2020 15:42

«ԱԺ մոնիտորինգ» ծրագրի հեղինակներն այսօր «Մեդիա կենտրոնում» ամփոփեցին 7-րդ գումարման խորհրդարանի երրորդ նստաշրջանի աշխատանքները: Սա երկրորդ զեկույցն է այս խորհրդարանի աշխատանքի վերաբերյալ: Համաձայն դիտարկման, այս նստաշրջանի հիմնական առանձնահատկությունն այն է, որ խորհրդարանի օրինաստեղծ արտադրողականությունը ավելացել է 26-ով կամ 18-ով ավելի օրենք է հասցրել ընդունել խորհրդարանը, քան երկրորդ նստաշրջանում էր: Ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանի խոսքով, որակական փոփոխություն էլ է արձանագրվել` կառավարություն-ԱԺ հարաբերակցության մեջ`օրենսդրական նախաձեռնությունների մասով: Ծրագրի տասնամյա դիտարկումների արդյունքում, առաջին`բացառիկ ցուցանիշն է արձանագրվել`հօգուտ խորհրդարանի: Նստաշրջանի ընթացքում ընդունված օրենքների 31 տոկոսը`169 օրենքներից`53-ը, հեղինակել են պատգամավորները: Նախկինում եղել են նաեւ նստաշրջաններ, երբ խորհրդարանի մասնաբաժինն այս հարաբերակցությամբ 5 տոկոսն է եղել: Երկրորդ նստաշրջանում պատգամավորների հեղինակած 12 օրենք է ընդունվել:

«Կա տպավորություն, խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարությունը որոշում են կայացրել`ներքին բաժանմամբ, չսահմանափակել օրենսդիրի նախաձեռնողականությունը: Հակառակը, ավելի մեծ ազատություն տալ»,- զեկույցում այս առիթով նման դիտարկում կա արձանագրված:

Այս նստաշրջանում հրավիրվել է երեք արտահերթ նիստ եւ նստաշրջանի ընթացքում ընդունված ամբողջ օրենքներից հազիվ 20 տոկոսն է դրանց ընթացքում ընդունվել, ինչը ևս, ծրագրի ղեկավարը իբրեւ դրական փոփոխություն է արձանագրում: Մինչդեռ, նախկինում եղել են դեպքեր, երբ օրենքների կեսից ավելին արտահերթ նիստերում էին ընդունվում:

Ընդդիմությունը եւ կարողացել է ավելի շատ օրենքներ ընդունել եւ ավելի շատ են մերժվել ընդդիմադիրների նախաձեռնությունները: Ընդդիմության ներկայացրած 21 օրենսդրական նախաձեռնություն մերժվել է, օրակարգ չի մտել. նախորդ նստաշրջանի համեմատ հինգով աճ ունենք: Ընդդիմության ութ նախագծերից յոթը քննարկվել է նիստերի դահլիճում եւ չի ընդունվել: Բայց խորհրդարանի ընդունած 53 օրենքներից 23-ի հեղինակները երկու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն են:

Ըստ զեկույցի, քննիչ հանձնաժողովների գործիքից է խորհրդարանն ակտիվ օգտվում, ի տարբերություն ժամանակավոր հանձնաժողովների գործիքի օգտագործումից: Առաջինի ստեղծումը ավելի դյուրին է, այն իրավունքի ուժով է ստեղծվում`որոշակի քանակի պատգամավորների ստորագրությամբ: Միաժամանակ, ԱԺ կանոնակարգում դրույթ կա, որը ԱԺ մեծամասնությանը, ցանկության դեպքում, հնարավորություն տալիս է`մերժել հանձնաժողովի ստեղծումը, ինչը եւ եղավ հունվար ամսին, երբ ստեղծվեց «Երեւան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երեւան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող» քննիչ հանձնաժողով: Քննիչ հանձնաժողով ստեղծելը շատ հարմար է ընդդիմադիր խմբակցությունների համար: Անցած նստաշրջանում ձեւավորվել է չորս քննիչ հանձնաժողով, մեկի ստեղծումը մերժվել է մեծամասնության կողմից`իրավունքի ուժով:

Դիտարկումների համաձայն, այս խորհրդարանը չխոսող պատգամավորների խնդիր ավելի քիչ ունի: Հինգերորդ գումարման խորհրդարանում 105 պատգամավորից 65-ը ընդհանրապես քննարկումներին չէր մասնակցում: Այս խորհրդարանում, 132 պատգամավորից 20-ը չի մասնակցում քննարկումներին`հիմնականում ԲՀԿ-ից եւ «Իմ քայլից», ԼՀԿ-ից`մեկն է: Այս գումարման խորհրդարանում նաեւ բացակայող պատգամավորների թիվն է նվազել. բացակաների տասնյակում այս խորհրդարանում միջխորհրդարանական հանձնաժողովներում ընդգրկված պատգամավորներն են: Բացակա պատգամավորների տասնյակում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդգրկված պատգամավորներն են: Ամենաշատ բացակայածները`ամենաշատ գործուղումների գնացածներն են:

Նախկինում, ամենաշատ բացակայողները գործարարներն ու մականունավոր պատգամավորներն էին: Գագիկ Ծառուկյանը, որը ութ տարի շարունակ, ամենաշատ բացակայածների առաջին հորիզոնականն էր զբաղեցնում, իջել է ութերորդ հորիզոնական, իր տեղը զիջելով «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին:

Ամենաշատ «կողմ» քվեարկածը ԲՀԿ-ից Կարինե Պողոսյանն է, ամենաշատ «դեմ» քվեարկածն «Իմ քայլից» Հայկ Սարգսյանը, ամենաշատ «ձեռնպահը» քվեարկել է «Իմ քայլից» Թագուհի Թովմասյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829