Գավառ քաղաքի բնակիչ, 20-ամյա Գևորգ Աֆրիկյանն այսօր այցելեց Գեղարքունիքի մարզպետարան` ցանկություն հայտնելով հանդիպելու Գեղարքունիքի մարզպետին և նրա հետ քննարկելու իր՝ մարտի 27-ին Մոսկվայում կայանալիք Եվրոպայի չեմպիոնների գավաթի առաջնությանը մասնակցության հարցը: Մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց մարզիկին, լսեց նրա խնդրանքը և պատրաստակամություն հայտնեց՝ աջակցել նրան մրցումներին մասնակցելու համար:
Գևորգ Աֆրիկյանը 2019 թվականին տարբեր երկրներում մասնակցել է ուժային եռամարտի սեղմում պառկած դիրքից վարժության մրցումներին և երեք անգամ գրավել մրցանակային առաջին տեղը՝ արժանանալով Հայաստանի պաուեր-լիֆտինգի ուժային եռամարտի աշխարհի չեմպիոնի կոչմանը:
Այդ մրցաշարերից Լեհաստանում կայանալիք մրցումներին Գևորգը մասնակցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հովանավորությամբ:
«Ակնկալում եմ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի աջակցությունը՝ Մոսկվայում կայանալիք Եվրոպայի չեմպիոնների գավաթի առաջնությանը մասնակցելու համար: Այս անգամ իմ ուժերը կփորձեմ 67 կգ քաշային կարգում և կրկնակի հպարտությամբ կլցվեմ, եթե կարողանամ բարձր պահել իմ մարզի և իմ քաղաքի անունը»,- նշեց մարզիկը:
Կարդացեք նաև
Գեղարքունիքի մարզպետարան