Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետը` նախարարությունում քաոսի եւ 3 փոխնախարարների թափուր հաստիքների մասին

Փետրվար 10,2020 14:44

Մի խումբ փորձագետներ մասնակցել են Վրաստանի կրթական բարեփոխումներին նվիրված ուսումնական այցին: Եվ փետրվարի 10-ին «Մեդիա կենտրոնում» նրանք խոսեցին բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումներից ու վրացական փորձից:

«Հայաստանում բարեփոխումները կարող են հաջողվել միայն այն պարագայում, եթե դրանք ընթանան լայն մասնակցային գործընթացների միջոցով»,-հայտնեց Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանը: Նա ասաց, որ դրանով է պայմանավորված իրենց այն քայլը, որ Վրաստանից վերադառնալուց հետո որոշել են կիսվել այն խնդիրների մասին տպավորություններով, որոնց առիթ են ունեցել ծանոթանալ հարեւան Վրաստանում ու զուգահեռներ տանել: Հավելեց, որ ուսումնական այցին ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ եւ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ:

Նա փաստեց, որ Վրաստանում եւս ստեղծվել էր մեր ԿԳՄՍ նախարարության նման խոշորացված նախարարություն, եւ ներկայումս կրթական գործընթացներում ընդգրկված մարդիկ Վրաստանում կարծում են, որ այդ որոշումը ճիշտ չէր ու պետք է գնալ կառուցվածքային փոփոխությունների:

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Ռուզաննա Ծատուրյանը շեշտեց, որ Հայաստանում եւս հանրային եւ մասնագիտական շրջանակներից հիմնականում «դեմ» կարծիքներ են եղել նախարարությունների միավորմանը ` համարելով, որ այդ քայլը բավարար չափով հիմնավորված չէ. «Ես չեմ հիշում մասնագիտական շրջանակներից «կողմ» կարծիքներ: Եվ, չնայած սրան վերամիավորում է եղել, ընդ որում, ոչ մասնակցային պրոցեսների առումով նույն Վրաստանն արդեն իսկ ունեցել էր դրա հետեւանքը եւ հիմա էլ գնում է նախարարության տարանջատման քաղաքականությանը»,-ասաց նա:

Լուսինե Խառատյանի խոսքով, այս պահին ԿԳՄՍ նախարարությունում 3 փոխնախարարի պաշտոն ազատ է. «Ընդ որում երկուսինը արդեն բավականին երկար ժամանակ է թափուր, ինչը բավականին մտահոգիչ է, որ չեն ընտրվում նոր ոլորտային փոխնախարարներ: Անհասկանալի է, թե այդ ուղղությամբ ով է կոորդինացնում ամբողջ աշխատանքը: Մյուս կողմից էլ լայն ընդհանրացնել, որ փոխնախարարի պաշտոնը չի ուժեղացվում, մի քիչ դեռ վաղ է, որովհետեւ գործընթացները դեռ ընթացքի մեջ են: Բայց այն, որ քաոտիկ է նախարարության աշխատանքը, ակնհայտ է անգամ դրսից»: Նրա գնահատմամբ, նախարարության ներսում եւ դրսի հետ հաղորդակցության հետ կապված խնդիրներ կան:

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Մարի Չաքրյանը բացասական է գնահատում նախարարների հաճախակի փոփոխվելը. «Ամեն նախարար իր հետ բերել է իր հավակնություններն ու դիրքորոշումը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները` «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829