Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դիրքերում Արթուր Աջամյանին, նախքան սպանելը, բութ առարկայով գլխին են հարվածել. փորձաքննության արդյունքները

Փետրվար 10,2020 14:49

2019 թվականի դեկտեմբերի 2-ին զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի ինքնասպանության վարկածը հերքվել է դատաբժշկական եզրակացությամբ: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը:

Ըստ նրա՝ փորձաքննությամբ հերքվում է վարկածը, թե Աջամյանը կրակել է զինծառայող Դավիթ Մելիքբեկյանի վրա, հետո իրեն է կրակել, բացի այդ՝ Արթուր Աջամյանի զենքի վրա երեք տարբեր անձանց ԴՆԹ-ի խառնուրդ կա, ինչը նույնականացնելու  համար փաստաբանը միջնորդել է նշանակել դատագենետիկական լրացուցիչ փորձաքննություն:

Փաստաբանի խոսքով՝ դատաբժշկական եզրակացությունը հաստատել է, որ Աջամյանի վրա առկա են վնասվածքներ, եւ դրանք բծեր չեն, այլ տարբեր ժամանակահատվածներին ստացած վնասվածքներ. «Ճակատին բութ առարկայով հասցված վնասվածք է եղել, որը հասցվել է մահվանից մեկ ժամ առաջ, ստացվում է, որ նախ գլխին է հարված ստացվել, հետո՝ հրազենային վանսվածք, տարբեր մատներին քերծվածքներ են եղել մահվանից մեկ-երկու օր առաջվա վաղեմության, ուսին՝ հին վնասվածք, ոտքին՝ սալջարդ, որը ստացել է մահվանից հինգ օր առաջ, այսինքն՝ մեկ շաբաթվա վաղեմության վնասվածքների հետ գործ ունենք»:

Փաստաբանի խոսքով, փորձաքննությամբ հստակեցվել է նաեւ, թե ինչ հեռավորությունից է Աջամյանը կրակոցը ստացել, գնդակն արձակվել է 0,3-0,5 սմ հեռավորությունից, այսինքն. «Հենման կետ չի եղել, կտրականապես հերքվում է ինքնասպանությունը»:

Ինչու այս գործով դեռ չկան կասկածյալներ, ըստ փաստաբանի՝ դիրքում գտնվել են յոթ հոգի, մեկը վիրավոր է, մյուսը մահացել է, մնացած հինգը պոտենցիալ կասկածյալներ են. «Ինչու վարույթ իրականացնող մարմինը որեւէ մեկին չի ներգրավում կասկածյալ, կարող եմ ասել, որ արդեն բավականին ապացույցներ ունենք կասկածյալ ներգրավելու համար, վարույթ իրականացնող մարմինն արդեն իսկ քայլեր պետք է ձեռնարկի կասկածյալներ ներգրավելու ուղղությամբ, հակառակ դեպքում ես համապատասխան միջնորդություն եւ բողոք կներկայացնեմ գլխավոր դատախազություն» :

Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ փորձաքննություններով պարզվել է, որ Աջամյանի սպանության օրվան համընկող վնասվածքներ կան դիրքում նրա հետ գտնվող երկու զինծառայողի վրա:

Հայարփի Սարգսյանի խոսքով, իրենք քննիչի միջոցով են տեղեկանում Աջամյանի սպանության օրը հրազենային վիրավորում ստացած Դավիթ Մելիքբեկյանի առողջականի մասին, նրա վիճակը նույնն է, քննչական գործողություն իրականացնելը դեռեւս անհնար է, քանի որ զինծառայողին արհեստական շնչառության ապարատ է միացված:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829