Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Թուրքիայի տուրիզմի նախարար, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Մեհմեթ Էրսոյի կինը Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու (Մայր տաճար) խորանի վրա կանգնած երգում թուրքական էստրադային մի երգ։ Ներկաները խորանից ներքև կանգնած ձայնակցում են և ծափահարում նրան։
Նախարարի կնոջ՝ Փերվին Էրսոյի այդ տգեղ արարքը, որը թերևս կարող է դիտվել որպես մշակութային վանդալիզմի դրսևորում, առաջացրել է վրդովմունք ընդդիմադիր շրջանակներում։
Մասնավորապես «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ, նախկին պատգամավոր Բարըշ Յարքադաշը դատապարտել է սույն տիկնոջ պահվածքը: Նրանց միջև ծավալված վեճը տեղափոխվել է դատարան։
Փերվին Էրսոյը ոչ միայն ներողություն չի խնդրել կամ ափսոսանք չի հայտնել իր կատարած տգեղ արարքի համար, այլև փորձել է արդարանալ՝ ասելով, որ ընդամենը ցանկացել են ստուգել եկեղեցու ակուստիկան: