Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ անել, եթե վեճը լուծող մարմնի հետ է վեճ առաջանում…եթե ՍԴ-ում ունեն անձնական շահագրգռություն». Վլադիմիր Վարդանյանը՝ հանրաքվեի ու քննադատությունների մասին

Փետրվար 10,2020 14:30

«Ինչու է հարցը տեղափոխվել հանրաքվեի, որովհետեւ ի վերջո ՍԴ-ն կոչված է, որպեսզի լուծի վեճերը սահմանադրական մարմինների միջեւ: ՍԴ-ին երբեւիցե նման լիազորությամբ օժտելը, ըստ էության, նպատակ է հետապնդում որեւիցե վեճ չթողնել առանց լուծման, եթե օրինակ, վեճ է առաջացել կառավարության եւ ԱԺ-ի միջեւ, ԲԴԽ-ի եւ դատական խորհրդի, ԱԺ-ի միջեւ եւ այլն: Բայց, ցավոք, ժամանակակից սահմանադրությունները, ոչ միայն ՀՀ-ինը, չեն պատասխանում այն հարցին, թե ինչ անել, եթե վեճը լուծող մարմնի հետ է վեճ առաջանում: Այս պարագայում, իհարկե, 213 հոդվածը չէր կարող փոփոխվել ԱԺ-ի կողմից, պարզ պատճառով, այդ հոդվածը վերաբերում է դատական իշխանությանը, 7-րդ գլուխը փոփոխման ենթակա է միայն ու միայն հանրաքվեի միջոցով ու մենք կչարաշահեինք իրոք մեր լիազորությունները, եթե ԱԺ-ն դա աներ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Հարցը հետեւյալն է՝ ինչ անել, եթե ՍԴ-ում անձնական շահագրգռվածություն ունեն այդ հարցում: Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Տվյալ պարագայում հարցն ուղարկել ՍԴ ու ակնկալել որոշում, որը քիչ թե շատ օբյեկտիվ կլինի, խնդրահարույց է: Տվյալ պարագայում մնում է դիմել ժողովրդին ու հարցնել, թե ժողովուրդն ինչ կարծիքի է գործող կարգավորումների մասին»:

Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ երբ հարցը հանրաքվեի միջոցով են լուծում, ՍԴ դիմելու իմպերատիվ պահանջ առկա չէ, այսինքն, կարող են շրջանցել ՍԴ-ն: Նա ընդգծեց, որ ժողովրդավարական ճանապարհով են հարցը լուծելու, հարցը տեղափոխում են իշխանության կրողի ոլորտ, որը ժողովուրդն է, ժողովուրդը ինքը պետք է որոշի:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է, որ հակաիրավական, հակասահմանադրական գործընթաց են իրականացնում իշխանությունները՝ ՍԴ-ի հարցը փորձելով լուծել հանրաքվեով ու այս ճանապարհով: Ըստ նրա, անձի կարգավիճակը վատթարացնող դրույթները չեն կարող հետադարձ ուժ ունենալ: Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «213 հոդվածը անցումային դրույթների սպառվել է ինչ-որ մի փուլում: Սպառումը վրա է հասնելու այն պարագայում, երբ ՀՀ ՍԴ-ում չմնա որեւիցե դատավոր, որը նշանակվել է մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը: Այդ պարագայում անցումային դրույթն իրացված կլինի ամբողջությամբ: Տվյալ պարագայում իրացված չէ, ՍԴ-ի 9 անդամներից 7-ը այնտեղ է գտնվում 213 հոդվածով: Ինչ վերաբերում է կարգավիճակը վատթարացնող նորմին, մենք պետք է հստակ հասկանանք՝ մենք գործ ունենք անձա՞նց հետ, թե՞ ինստիտուտների հետ: Եթե ՍԴ դատավորն ինստիտուտ է, ապա այստեղ վատթարացման գաղափար չեմ տեսնում, եթե դիտարկում ենք սա մարդու իրավունքների տեսանկյունից, ապա սրա պատասխանը թող տան դատական համակարգի մարմիները»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829