Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանի կառավարությունն ու թիմը չի ընդունում պատգամավոր Փաշինյանի բերած նախագիծը՝ թույլ տալ ԱԺ պատգամավորներին տեսակցել կալանավորներին

Փետրվար 10,2020 14:16

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց մի նախագիծ, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ժամանակին ներկայացրել՝ «Ելք» խմբակցության պատգամավոր եղած ժամանակ:

Խոսքը «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծին է վերաբերվում:

Սիմոնյանը, ներկայացնելով առաջարկն, ասաց. «Սա այն նախագծերից է, որ միշտ ընդդիմությունը ներկայացնում է, բայց իշխանությունը մերժում է: Վերջին անգամ այն ներկայացվել է պարոն Նիկոլ Փաշինյանի կողմից, էլի մերժվել է: Շատ բան չի փոխվել բովանդակության մեջ, գիտեք, որ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքը թույլ է տալիս պատգամավորներին, որ առանց խոչընդոտի մտնեն համապատասխան հիմնարկներ, բայց այնտեղ պահվող անձանց հետ հանդիպումը կարող է արգելքի հիմք հանդիսանալ»: Ուստի առաջարկում են քրեական վարույթն իրականացնող կամ այլ մարմնի կողմից չարգելել պատգմավորներին տեսակցել կալանավորներին ու ձերբակալվածներին, եթե, իհարկե, այդ պատգամավորը քրգործով վկա կամ մասնակից ներգրաված չէ. «Այսօրվա կառավարության ղեկավարը նախկինում այս տեսակետը կիսել է, կարծում եմ, այսօր ի վերջո սա կարող ենք իրականացնել»:

«Իմ քայլից» Սերգեյ Ատոմյանն ասաց, որ ողջունում է, որ պատգամավորներն անարգել մուտք գործեն ՁՊՎ, բայց եթե նախաքննության գաղտնիության փուլի ռեժիմում խնդրահարույց է այդ կարգավորումը. «Կարող է լինի պատգամավոր, որ ուզենա մտնի ու տեղեկություն ստանա կալանավորից, որը վատ էֆեկտ տա նախաքննության ժամանակ»:

Տարոն Սիմոնյանն էլ արձագանքեց. «Հնարավոր է նման դեպք, բայց լավ չի, որ պատգամավորը քրեական օրենսգրքով նախատեսված խախտում անի, այնքան իրավագիտակցություն չունենա կամ այնքան հանցավոր մտքեր ունենա, որ նման քայլ կատարի»: Տարոն Սիմոնյանը նաեւ ասաց, որ այդ արգելքը բացարձակ չէ, միեւնույն է, Մարդու իրավունքների պաշտպանը, փաստաբանը, որն իր վստահորդի հետ է հանդիպում, արգելք չունեն. «Մենք սուբյեկտների շրջանակն ենք ուզում ընդլայնել ու ներառել պատգամավորներին: Եթե քաղաքական որոշումն այնպիսին է, որ չենք ուզում ներառել պատգամավորներին, ասեք»: Տարոն Սիմոնյանն ասաց, որ այսօր կոնկրետ օրինակներ կան, երբ պատգամավորները գնացել են ՔԿՀ ու նրանց թույլ չեն տվել այցելել այս կամ այն կալանավորի:

Հանձնաժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ մեկը ինքն է այն պատգամավորներից, որին ՔԿՀ-ում թույլ չեն տվել մոտենալ կոնկրետ կալանավորի. «Պատգամավորի տեսակցությունը կալանավորի հետ երաշխավորված է օրենքով ու ՔԿՀ-ից արգելում են՝ քննության շահերով պատճառաբանելով: Միեւնույն ժամանակ մենք պնդում էինք, որ օրենքի 48 հոդվածը բացառություն չի նշում, որի համաձայն կարող է որեւէ պարագայում սահմանափակվել պատգամավորի տեսակցության իրավունքը, սա անօրինական սահմանափակում է պատգամավորի գործունեությունը»: Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը տարիներով այս խնդրին առերեսվել է, երբ դեռ ՀԱԿ-ի պատգամավոր էր, բայց արի ու տես, որ այսօրվա կառավարությունը նույնպես խոչընդոտ է տեսում այստեղ:

Կառավարության ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն ասաց, որ բացի պատգամավորներից, ՔԿՀ անարգել մուտքի եւ ելքի իրավունք է սահմանված ԱԺ նախագահի, ՀՀ նախագահի եւ այլ շրջանակների համար, ինչո՞ւ են հենց պատգամավորներին ուզում իրավունք վերապահել նաեւ տեսակցելու հնարավորություն ունենալ կալանավորների, ձերբակալվածների հետ՝ ՔԿՀ մարմնի աշխատակցի ուղեկցությամբ: Գալյանն ասաց, որ այն նախագիծը, որը վարչապետն էր ժամանակին ներկայացրել, տեսակցել բառը չկար, որովհետեւ տեսակցությունն այլ ռեժիմ է ենթադրում: Մինչդեռ Փաշինյանի նախագծով առաջարկվում էր պատգամավորներին թույլ տալ նաեւ տեսակցել այն անձանց հետ, որոնց մասով քննիչն ունի որոշում:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ պատկերացնում է այն հիմնարկը, որտեղ ամեն օր պատգամավորներ են այցելում, ուզում տեսնել կալանավորներին, բայց մյուս կողմից էլ պատգամավորը պետք է որոշակի լիազորություններով օժտված լինի. «Օրինակ, ես գրություն եմ ստացել, ասենք, որ այս անձը ձերբակալվել է եւ կտտանքների է ենթարկվում, ի՞նչ իրավունք ունեմ ես»: Սրբուհի Գալյանը պատասխանեց, որ կունենա իրավունք մտնել-դուրս գալու:

Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում ասաց. «Եթե ես իրավունք ունեմ մուտք գործել հիմնարկ, որտեղ գտնվում են ձերբակալված կամ կալանավորված անձինք, բայց որեւէ մեկին չեմ կարող տեսնել, պետք է գնամ սուրճ խմեմ, դա նշանակում է, որ ես այդ իրավունքը չունեմ»: Նա առաջարկեց միջանկյալ տարբերակ գտնել, որ պատգամավորն ունենա հնարավորություն տեսնել՝ այդ կալանավորվածը խոշտանգվա՞ծ է, թե՞ ոչ, ուղղել նրան որոշակի հարցեր: Դա կանխարգելիչ մեխանիզմ է, եթե ՔԿՀ-ում իմանան, որ 132 պատգամավորներից կրող են ցանկացած ժամի մուտք գործել անարգել, զգոն կլինեն:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասաց՝ երբ պատգամավորին թողնում են մտնել «զոն», բայց չտեսնել կալանավորին, նշանակում է, որ կամ նա պիտի մնան միջանցքում, կամ դուրս գա, ուրիշ բան չունի անելու:

Առաջարկվեց նախագիծը հետաձգել, ճիշտ լուծում գտնել, ձեւակերպումները փոխել, հեղինակը փորձեց ճշտել՝ եթե հետաձգվի, պատգամավորների տեսակցության փոխարեն ամրագրվի պատգամավորի անմիջական շփում կալանավորի հետ ձեւակերպումը, կընդունվի՞, թե՞ ոչ, եթե չեն ընդունելու, ի՞նչ իմաստ ունի այն հետաձգել: Նախագիծը հանձնաժողովում դրվեց քվեարկության եւ ընդամենը 1 «կողմ» եղավ, 3 «դեմ» եւ 3 «ձեռնպահով» բացասական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829