Նախադպրոցական կրթությանն առնչվող գործող օրենքն անկատար է եւ ոլորտը չի կարգավորում: Այս մասին այսօր ԱԺ-ում նախադպրոցական կրթական հաստատությունների խնդիրներին վերաբերող աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նշեց, որ ԱԺ-ում նոր օրենքի ընդունման արդյունքում մինչեւ 2023թ-ը պետք է ունենանք իրավիճակ, երբ մինչեւ վեց տարեկան երեխաների 70%-ը կհաճախեն մանկապարտեզներ. «Հիմա հաճախելիությունը մոտ 40% է, ինչը կապված է հասանելիության խնդրի հետ: Մանկապարտեզների թիվը քիչ է»:
Արայիկ Հարությունյանի խոսքով. «Տարիներ շարունակ հարյուրավոր մանկապարտեզների տարածքներ սեփականաշնորհվել են եւ օտարվել: Երեւանում խնդրով զբաղվելիս անընդհատ բախվում էի խնդրին, որ մանկապարտեզի մասնաշենքերը մասնավորեցվել են: Պահանջարկը մեծ է: Օրենքի նախագիծը սահմանադրական փոփոխությունների պես մի բան է: Այն սերունդը, որի համար նախատեսված է այս օրինագիծը, վերջնականապես վերափոխելու է մեր երկիրը: Մենք հիմքից լավ ճանապարհի վրա ենք դնում նրանց կրթական գործընթացը»:
Ըստ նախարարի՝ այսօր բախվում են իրողության, որ նախադպրոցական մասնավոր կրթական հաստատությունների հանդեպ պետությունը թույլ վերահսկողություն ունի. «Չափորոշիչների հստակություն պետք է լինի եւ հասանելիություն: Ի՞նչ արդյունքներ կունենանք օրինագծի ընդունումից հետո: Օրինակ՝ նախադպրոցական կրթության ոլորտում իրավահարաբերությունների հստակեցում, պետական քաղաքականության սկզբունքների սահմանում, ներառական նախադպրոցական կրթության ընդունում եւ ամրագրում՝ այդ թվում քաղաքաբնակ եւ գյուղաբնակ հաշմանդամություն ունեցող երեխաների համար»:
Կարդացեք նաև
Հարությունյանը շեշտեց, որ այսօր նախադպրոցական տարիքի գյուղաբնակ եւ քաղաքաբնակ երեխաների համար պայմանները հավասար չեն, պատճառներից մեկն էլ քաղաքային տնտեսության եւ համայնքի տնտեսության գարգացման տարբերությունն է. «Մշակել ենք մոդելներ, որոնք թույլ կտան համայնքին՝ ըստ հնարավորությունների իրականացնելու նախադպրոցական կրթական ծրագրեր»:
Արայիկ Հարությունյանի փոխանցմամբ՝ այս տարվա սեպտեմբերին 18 նախակրթարանի բացում է նախատեսվում. «Գործընթացը նպաստավոր է ոլորտի զարգացման համար: Օրենքի ընդունումից հետո նախարարությունն էլ իր հերթին նոր գործիքներ կստանա ոլորտը կարգավորելու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ