Լրահոս
Օրվա լրահոսը

Թոշակառուներն անվճար թատրոն ու թանգարան կգնան

Փետրվար 10,2020 13:16

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ստորագրեցին կենսաթոշակառուների` թատերական կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև թանգարաններ այցելելու համար նրանց անվճար տոմսերի տրամադրման կարգի մասին հուշագիր:

Զարուհի Բաթոյանը նշեց, որ նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց եւ կենսաթոշակառուների մշակութային կյանքի հնարավորությունները մեծացնելն է: Կենսաթոշակառուները տարին 3 անգամ անվճար թատրոններ կհաճախեն եւ ամիսը 2 անգամ` թանգարան: Ըստ կարգի, յուրաքանչյուր թատերական կազմակերպություն ամեն միջոցառման համար ինքն է որոշում անվճար տրամադրվող տոմսերի քանակը, որը կարող է տատանվել դահլիճի տեղերի 2,5-5%-ի սահմաններում:

Կենսաթոշակառուներին անվճար տոմսեր տրամադրվում են մինչեւ միջոցառումը սկսվելը առնվազն 24 ժամ առաջ, իսկ թանգարանների պարագայում` այցելության պահին: Հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում բավարար է հաշմանդամության մասին փաստաթուղթը եւ անձնագիր ներկայացնելը տվյալ մշակութային օջախ:

 Մանրամասները` տեսանյութում 

 

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունները նշեց, որ կարեւորում են այս ծրագիրը եւ իրականացնում են առավելագույնս շատ խմբերի ներգրավվածության ծրագիր: «Մեր ՊՈԱԿ-ները ցանկություն են հայտնել ընդունելու կենսաթոշակային տարիքի մեր հայրենակիցներին»,-ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում

Aravot.am-ը նախարարներից հետաքրքրվեց՝ ունե՞ն որոշակի վիճակագրություն, թե մշակութային հաստատություններից քանիսն են մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար:

«Հատուկ մշտադիտարկում չի իրականացվել, ես իմ անձնական փորձով եմ դա անում: Գիտեմ, որ Սարյանի թանգարանն է մատչելի դարձել, այցելել եմ այդ թանգարան, Հայաստանի պատմության թանգարանը, Ազգային պատկերասրահը, Մատենադարանը…

Ցավով պետք է նշեմ, որ, օրինակ, տարիներ առաջ վերանորոգում իրականացրած Հայոց Ցեղասպանության թանգարանում չկան մատչելիության պայմաններ, թեեւ շատ մեծ գումարներ են ներդրվել: Ուզում եմ նշել, որ կարեւոր է ոչ միայն ֆիզիկական մատչելիությունը, այլեւ բովանդակության, ցուցադրվող ցուցանմուշների մասին տեղեկատվությունը: Այդ առումով շատ կարեւոր են աուդիո-գիդերը տեսողական խնդիր ունեցող անձանց համար: Այս մասին եւս պետք է մտածենք եւ նման ծրագրեր իրականացնենք»,-ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Նա խնդիրը կարեւորեց նաեւ զբոսաշրջության խթանման առումով, նշելով, որ զբոսաշրջիկների մեջ մեծ թիվ են կազմում տարեց մարդիկ, որոնք տեղաշարժվելու խնդիր ունեն:

Մանրամասները` տեսանյութում 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829