Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե 10 օրից մեր պահանջները չանեն՝ նորից գործադուլ ենք անելու». տրանսպորտի վարորդները գործադուլը դադարեցրին

Փետրվար 10,2020 12:54

Երեւանը սպասարկող մի շարք երթուղիները սպասարկող վարորդներ գործադուլ էին անում: Բողոքի այս ցույցն, ինչպես գազելների եւ ավտոբուսների վարորդներն ասացին, մի քանի պատճառ ունի. «Մի «զապրավկեն» քիչ-քիչ թանկացել է, դարձել է 10 հազար դրամ, ամիսներ առաջ 7 հազար դրամ էր: Կառավարությունը միջին աշխատավարձ է բարձրացնում, ու բարձրացել է մեր օրվա պլանը, որ մեր աշխատավարձն էլ բարձրացնեն: Ընդհանուր գումարը՝ օրական 27 700 դրամ մուծվում ենք, որը գազելով անհնար է հինգ «ռեյսով» հանել: Մեր պահանջը որն է՝ էս հարկերը իջեցնեն կամ գազի գինն իջացնեն դեղին համարներովի համար: Կառավարությունը թող մեր ղեկավարության հետ պայմանավորվեն»:

Վարորդներն ասացին, որ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության ներկայացուցիչն իրենց հետ հանդիպել է, բայց համոզելու համար՝ գնան, աշխատեն.«Գնանք աշխատենք, որ ի՞նչ, որ պարտք կուտակե՞նք: Հենա, 140 հազար արդեն կուտակել եմ»:

Վարորդները երթեւեկության պայմաններից էլ են դժգոհ, ասացին՝ կարմիր գծերը թող վերացնեն. «Առաջին գծում կարմիր գծերն են, չենք կարում կանգնենք, շարժվենք, երկրորդ գիծն էլ խցանումներ են, երրորդ գծում էլ չի թույլատրվում»:

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ԺՊ Էդգար Գալստյանը հանդիպել է մի քանի երթուղիներ սպասարկող ընկերության ղեկավարի հետ, այն երթուղիների, որոնց վարորդները բողոքի ցույց էին անում: Ընկերության ղեկավարն ասաց, որ նման բան պիտի մի օր լիներ՝ ԱՊՊԱ, գազի թանկացում եւ այլն. «Ծախսերը շատանում են, մուտքերը նվազում»:

Տրանսպորտի վարչության ԺՊ-ի հետ քննարկումից հետո որոշեցին 10 օր աշխատեն նախկին գներով՝ մինչեւ պաշտոնապես խնդրին լուծում կտրվի: Վարորդները դուրս եկան աշխատանքի: Բայց այս ընկերության ղեկավարն ասաց, որ այսօր մտադիր էր պաշտոնապես տեղեկացնել, որ դադարեցնում է գործունեությունը, ընկերությունը մայրաքաղաքում ամենամեծ տրանսպորտային պարկն ունի. «Ընկերության վրա վերջին ամիսներին ֆինանսական այնքան մեծ բեռ է ավելացել, որ չենք իմանում՝ ինչ անենք»:

Այս պահին գործադուլ անող մոտ 10 երթուղիների վարորդներ դուրս են եկել աշխատանքի, ինչպես իրենք ասացին, պայմանով՝ եթե իրենց պահանջները չկատարեն՝ նորից գործադուլ են անելու:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն այս առնչությամբ տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 1, 10, 12, 13, 19, 21, 23, 25, 29, 34 երթուղիները սպասարկող «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ վարորդները ս.թ. փետրվարի 10–ի առավոտյան նախատեսված ժամին ֆինանսատնտեսական խնդիրների հիմնավորմամբ աշխատանքի դուրս չեն եկել: Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և ընկերության միջև ձեռք բերված ժամանակավոր պայմանավորվածության համաձայն, մինչև առաջացած հարցերի հետագա ճշգրտումը, երթուղիների բնականոն գործունեությունը ժամը 11:30-ին վերականգնվել է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829