Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Հարությունյանի հանճարը հենց դա է՝ օպերայի ժանրում համադրել Սայաթ-Նովայի աշուղական երաժշտությունը և արևմտաեվրոպական սիմֆոնիկ մտածողությունը

Փետրվար 10,2020 12:43

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համատեղ համերգով մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը՝ նվիրված Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին։ Համերգային երեկոյի ընթացքում ներկայացվեցին Ալեքսանդր Հարությունյանի վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆոնիկ պոեմը (խոսք՝ Աշոտ Գրաշու‚ էպիգրաֆներ՝ Սիլվա Կապուտիկյանի և Գևորգ Էմինի‚ մենակատարներ՝ Բերճ Քարազյան՝ տենոր‚ Հովսեփ Նշանյան՝ բարիտոն‚ Սամվել Թոփալյան՝ ասմունքող) և Կանտատ հայրենիքի մասին ստեղծագործությունը (խոսք՝ Աշոտ Գրաշու և Սարմենի‚ մենակատարներ՝ Գրետա Բագիյան՝ մեցցո-սոպրանո‚ Գրիգոր Աբրահամյան՝ բարիտոն)։

Համերգը ղեկավարում էր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը։

ՀՀ վաստակավոր արտիստ Բերճ Քարազյանը նշեց‚ որ ազգային ակադեմիական երգչախումբը պարբերաբար անդրադառնում է Ալեքսանդր Հարությունյանի վոկալ-սիմֆոնիկ գործերին և՜ Հայաստանում‚ և՜ նրա սահմաններից դուրս։ «Իմ երկացանկում ևս ընդգրկված են Ալ. Հարությունյանի ստեղծագործությունները։ Ես մասնակցել եմ Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրությանը‚ այն ներկայացրել ենք նաև Լոնդոնում‚ որտեղ մեծ ընդունելության արժանացավ։ Եվ Ալեքսանդր Հարությունյանի հանճարը հենց դա է՝ օպերայի ժանրում համադրել Սայաթ-Նովայի աշուղական երաժշտությունը և արևմտաեվրոպական սիմֆոնիկ մտածողությունը։ Ալեքսանդր Հարությունյանը հայ մեծագույն սիմֆոնիստներից է‚ և այդ համադրությունը նա կատարել է շատ ճաշակով ու նուրբ։ Նա 20-րդ դարի մեր կոմպոզիտորական արվեստի մեծագույն վարպետներից է»‚- ասաց Բերճ Քարազյանը։

Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի հետագա համերգներին կներկայացվեն տարբեր ժանրերի ստեղծագործություններ Ալեքսանդր Հարությունյանի հարուստ ժառանգությունից։ Փառատոնի շրջանակներում կհնչեն նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների գործեր։

Հիշեցնենք‚ որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Այն կյանքի է կոչվում ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829