ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում պատգամավոր Արման Բաբաջանյանը ներկայացրեց «Դատական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը: Նա զեկուցելիս ասաց, որ փորձառու իրավաբանների ու մասնագետների խնդրանքով է նախագիծը բերել: Գործող օրենքով սահմանվում է, որ իրավաբանական գիտությունների բնագավառում գիտական աստիճան ունեցող եւ վերջին 8 տարիների ընթացքում առնվազն 5 տարի դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը իրավունք ունի դատավորների ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացնել:
Բաբաջանյանն առաջարկում է այդ 5 տարվա ստաժը գիտական աստիճան ունեցողների համար պարտադիր պահանջ չդարձնել, արտոնություն տալ նրանց: Գիտական աստիճան ունենալն ու գիտական հաստատությունում աշխատած լինելը կարող է արդեն բավարար լինել՝ դատավոր աշխատելու համար:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարցրեց. «Եթե մարդը գիտական աստիճան է ձեռք բերել, ի սկզբանե նրա նպատակն է եղել գիտական ասպարեզում աշխատել գիտությունը զարգացնել ու հանկարծ 2 ամիս հետո դիմում է գրում՝ դատավորի քննություններին մասնակցելու համար, այստեղ լուրջ ներքին խնդիր եմ տեսնում: Դատական աշխատանքն այնպիսի բնույթ է կրում ՀՀ-ում, որ գիտական աշխատանքով զբաղվելու ժամանակ գրեթե չի մնում: Ես բաց տեքստով ասում եմ՝ այն գիտությունների թեկնածուն, դոկտորը, որը պաշտպանել է ու մյուս օրը դիմել է՝ դատավոր դառնալու հայտ ներկայացնելու համար, ինձ համար գոյություն չունի, այն պարզ պատճառով, որ ինքը խաբում է կա՛մ իրեն, կա՛մ մեզ: Հիմա ձեր նախագծն ասում է՝ նրանց, ովքեր խաբում են՝ արեք հնարավորություն տանք արագացված ընթացակարգերով հայտ ներկայացնել»:
Բաբաջանյանն ասաց, որ դատավորների մեծ պահանջարկ կա, թափուր հաստիքները շատ են ու ԱԺ-ն պետք է հնարավորինս օգնի, որ ընդլայնվի այն շրջանակը, ովքեր կարող են դիմել՝ դատավոր դառնալու համար:
Կարդացեք նաև
Վլադիմիր Վարդանյանն էլ պատասխանեց. «Այո, մեզ անհրաժեշտ են նոր որակյալ կադրեր: We need somebody but we needn’t anybody, այսինքն, մեզ պետք են անձինք, բայց ոչ ցանկացած անձ»: Ըստ նրա, դատական իշխանության մեջ մխրճվելու համար կարող են որոշ մարդիկ գիտական աստիճան ձեռք բերել:
ԲԴԽ-ից Վիգեն Քոչարյանն ասաց, որ դատավորի աշխատանքը լավագույն իրավաբանների համար գրավիչ, ցանկալի դարձնելու ուղղությամբ պետք է աշխատանք տանել, որովհետեւ իսկապես դատավորների կազմը համալրելու խնդիր կա:
Նախագիծը հետաձգվեց, քանի որ Արման Բաբաջանյանը համաձայնեց այն լրամշակել, նորից դնել շրջանառության մեջ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ