Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա իմ անձնական որոշումն է եղել… Այսքանը»

Փետրվար 10,2020 12:30

Դաշնակահար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը՝ «Արտասահմանյան արտիստների համերգաշարի» մասին եւ ոչ միայն:

– Օրերս կոնսերվատորիայի տարածած հաղորդագրությունից տեղեկացանք, որ բուհը եւ Արմեն Բաբախանյանը սկսում են «Արտասահմանյան արտիստների համերգաշար»: Միջոցառումը փետրվարի 3-ին բացվեց ճանաչված դաշնակահար, «Steinway»-ի արտիստ, Պում Պրոմմաչարտի (Թայլանդ) համերգով, որից հետո երաժիշտը ուսանողների հետ անցկացրեց վարպետության դաս: Ի դեպ, այս երաժշտի գիտական ատենախոսության թեման Առնո Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործոթւյուններն են, եւ նա կատարել է կոմպոզիտորի բոլոր երկերը:

Պում Պրոմմաչարտը Երեւանի կոնսերվատորիայում

Վերջին շրջանում հայաստանյան բուհերում միջազգային ծրագրերով կայանում են տարբեր միջոցառումներ, որոնց նպատակն է ամրապնդել ու խթանել բարձրագույն կրթության միջազգայնացումը ազգային եւ ինստիտուցիոնալ  քաղաքականության գործիքների մշակման միջոցով: Իսկ մոտ մեկդարյա մասնագիտական գործունեություն ծավալած ձեր բուհում դեռեւս շատ վաղուց, եթե ոչ մենահամերգներով, ապա վարպետության դասերով հանդես են գալիս արտասահմանցի ճանաչված մասնագետներ: Վարպետության դասեր են անցկացնում նաեւ հայաստանյան նվագախմբերի կողմից հրավիրված նույնպես ճանաչված դեմքեր: Եթե չենք սխալվում, նման համերգաշար կոնսերվատորիայում, այն էլ տարվա կտրվածքով, ինչն ակնկալում է նաեւ ֆինանսական ներդրում, առաջին անգամ է անցկացվում:

– Այո, այս ձեւաչափով առաջին անգամ է: Իհարկե, մեր բուհը հյուրընկալել է արտասահմանցի երաժիշտների, որոնք անցկացրել են վարպետության դասեր: Հաճախ չի պատահել, որ նրանք հանդես են եկել նաեւ ելույթով: Ֆինանսական ներդրման մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ կոնսերվատորիան նման միջոցներ չունի: Կարճ ասած՝ սա նվեր է:

– Համոզված ենք, որ նվերի պարագայում աշխատում են ձեր անձնական կապերը:

– Իհարկե: Առաջիկայում կոնսերվատորիայում հյուրընկալվող երաժիշտների հետ, թույլ տվեք ասել, որ խոսքը գնում է բավականին լուրջ մասնագետների մասին, վաղուց եմ սկսել բանակցություններ վարել, նրանց հետ մտերմացել եմ միջազգային մրցույթների ժյուրիի աշխատանքներին մասնակցելիս կամ հյուրախաղերի ժամանակ: Նշեմ նաեւ, որ ոմանք հատուկ այս միջոցառման համար չեն գալիս Հայաստան: Ճանաչված երաժշտական բուհեր ունեն  հնարավորություններ եւ դա թույլ է տալիս տվյալ բուհի դասախոսները նպատակային ծրագրերով մեկնեն արտերկիր ու հանդես գան տարբեր ձեւաչափերով միջոցառումների: Օրինակ, մինչ կոնսերվատորիայում ելույթն ու վարպետության դասի անցկացումը, Պում Պրոմմաչարտի, մոսկվաբնակ 15-ամյա Եվա Գեւորգյանի եւ իմ մասնակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկանք ոչ հաճախ հանդիպող «Երեք ռոյալ» ծրագրով: Իսկ գերմանացի դաշնակահար Օլիվեր Կերնի հետ, որը  միջին սերնդի վառ ներկայացուցիչ է, ունեմ մենահամերգ դուետի ձեւաչափով, նրան էլ խնդրել  եմ մասնակցել  «Արտասահմանյան արտիստների համերգաշար» միջոցառմանը եւ նա սիրով համաձայնել է: Մենահամերգի ձեւաչափը կոնսերվատորիայի դահլիճում, այլ ոչ, ասենք՝ համերգասրահում, հավատացնում եմ՝ ավելի ուսուցողական է: Ոչ պակաս կարեւոր է ուսանողների անմիջական շփումը ճանաչված երաժիշտների հետ: Տեղեկացնեմ, որ մեր կոնսերվատորիայում այս միջոցառմանը արդեն սիրով արձագանքել են  իհալացի դաշնակահար Պաոլո Բալիերին, Ռուսաստանից Վլադիմիր Օվչիննիկովը, ԱՄՆ-ից Դուգլաս Հեմփֆրիսը, դարձյալ ԱՄՆ-ից ջութակահար Պամելա Ֆրանկը, Իսրայելից թավջութակահար Թիմորա Ռոսլերը եւ ուրիշներ: Մի բան էլ հավելեմ՝ համերգներից հետո կկայանան ոչ միայն վարպետության դասեր, այլեւ հանդիպում-քննարկումներ արտիստների եւ ուսանողների միջեւ:

– Ձեր թույլտվությամբ անդրադառնանք  ձեր իսկ կարիերային: Դասական երաժշտարվեստի երկրպագուներից, հաճախ նաեւ ձեր գործընկերներից, լսում ենք, թե ինչու Արմեն Բաբախանյան դաշնակահարը «տարին մեկ է երեւում» մեր բեմերում:

– Չեմ կարծում, որ, ասենք՝ ամեն ամիս պետք է երեւալ: Խնդրեմ՝ փետրվարի 14-ին «Գաֆէսճյան» արվեստի սրահում հանդես կգամ մենահամերգով, որի ընթացքում կհնչի նաեւ մի հետաքրքիր գործ՝ 12 պիեսներից բաղկացած Վաչե Շարաֆյանի Goct-Rite դաշնամուրային ցիկլը: Ըստ էության սա պրեմիերա է լինելու, բայց կոմպոզիտորը այն գրել է մնջախաղի թատրոնի մի ներկայացման համար: Հավատացնում եմ՝ հանճարեղ ստեղծագործություն է:

– Բազմաճյուղ գործունեությունը ձեզ չի՞ հոգնեցնում:

– Ես մշտապես փորձել եմ օրը օգտագործել մաքսիմալ արդյունավետ, ինչն իմ դեպքում, թույլ տվեք նկատել, որ ստացվում է:

– «Առավոտը» քանիցս տարբեր առիթներով հարցազրույցներ է վարել ձեր մեկ-երկու իսկապես տաղանդավոր ուսանողների հետ, բայց գիտենք, որ բազմաթիվ ուսանողներ ունեք, որոնք իրենց գործունեության համար ընտրել են որեւէ օտար երկիր, մինչդեռ Բաբախանյանը, մեզ հասած տեղեկություններով՝ ունենալով հրավերներ, չգնաց այդ քայլին…

– Գիտե՞ք, դա զուտ անձնական որոշում է: Մեկ անգամ 2 տարով, ձեր խոսքերով՝ «այդ քայլին» Բաբախանյանը գնացել է. դասավանդել եմ ԱՄՆ-ում: Միանգամից ասեմ, որ ինձ այնտեղ չգոհարցրեց, թե հատկապես ինչը՝ թույլ տվեք չմանրամասնել: Իմ ճանապարհը հարթ չի ընթացել, բայց դժվարություններից երբեք չեմ էլ վախեցել: Յուրաքանչյուր արվեստագետի մեջ կա իր սեփական ռազմավարությունն ու քաղաքականությունը: Իմ դեպքում այն հետեւյալն է՝ գիտելիքներով օգնել երկրին:

– Դուք բացառություն չեք տաղանդավոր այն երաժիշտներից, որոնց ոչ թե արվեստի, այլ անձի շուրջ են պտտվում տարբեր խոսակցություններ: Ձեր մասին, օրինակ, ոչ թե մեկ անգամ, այլ հաճախ ենք լսում, թե բարդ մարդ եք…

– Իհարկե բարդ եմ, մարդն ընդհանրապես բարդ է: Հակառակը չեմ էլ պատկերացնում, չեմ հավատում, օրինակ, այն մարդկանց, որ ասում են հարյուրավոր ընկերներ ունեմ…

– Կոնսերվատորիայում դասավանդում եք 1992-ից, եւ այդ ընթացքում այսօրվա ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը հինգերորդն է՝ Էդգար Հովհաննիսյանից, Տիգրան Մանսուրյանից, Սերգեյ Սարաջեւից եւ Շահեն Շահինյանից հետո, ում հետ աշխատում եք: Ռեկտորների հաճախակի փոփոխությունը, օրինակ, Մանսուրյանը պաշտոնավարել է շուրջ 2 տարի, ազդո՞ւմ է  ուսումնական պրոցեսի վրա:

– Ուսումնական  պրոցեսի վրա կարող է ազդել ոչ թե ռեկտորների փոփոխությունը, այլ նրանց որդեգրած քաղաքականությունը: Կոնսերվատորիան գնացել եւ գնում է առաջ: Այստեղ կարեւորը պրոֆեսորադասախոսական կազմն է: Կան դասախոսներ, որոնք իրենց աշխատանքը կատարում են ազնիվ, կան նաեւ…

– Հեռվից հեռու նկատելի է, որ դուք պարզապես նվիրված եք մանկավարժի գործին, բայց ինչո՞ւ 1999թ. ձեր հիմնած «Հայաստանի ժառանգություն» դաշնակահարների միջազգային մրցույթը դադարեց  2001-ին, չէ՞ որ այս դեպքում խոսքը ոչ միայն հայաստանցի, այլեւ սփյուռքահայ երաժիշտների մասին էր եւ, ինչու ոչ, հնարավոր է, որ հենց այդ մրցույթում աչքի ընկնելը կարող էր բախտորոշ լինել նրանցից շատերի համար:

– Այո, ինքս եմ 2001-ին դադարեցրել մրցույթը, որի գեղարվեստական ղեկավարն էի եւ դա իմ անձնական որոշումն է եղել: Այսքանը:

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Գլխավոր լուսանկարում՝ Արմեն Բաբախանյանը «Արտասահմանյան արտիստների համերգաշարի» բացմանը

«Առավոտ» օրաթերթ
08.02.2020

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829