Լրահոս
Օրվա լրահոսը

«Էկո գյուղերի» ցանցը շարունակում է զարգանալ. լուսավորված նոր փողոցներ՝ Արփի գյուղում

Փետրվար 10,2020 13:30

Գործընկեր կազմակերպությունների ընտրած ռազմավարությունը շարունակում է դրական արդյունք արձանագրել: Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, Վայոց ձորի մարզի Արփի գյուղում լուսավորվել է եւս 4 փողոց` շուրջ 2300մ երկարությամբ ճանապարհ: Տեղակայվել է էներգախնայող 60 լուսատու: Ծրագրի արձանագրած արդյունքը երկարաժամկետ է եւ թիրախավորված: Այն ապահովում է ենթակառուցվածքների զարգացում, բյուջետային միջոցների խնայողություն եւ մարդ-վայրի բնություն հակասության կարգավորման նախադրյալներ:

Գյուղի բնակիչների համար, նախորդ ամռան վերջին երկու ամիսներն անցել են անսովոր ռեժիմով. նրանք գիշերները հերթապահություն են սահմանել, գյուղ մտած արջերից համագյուղացիներին պաշտպանելու համար: Վայրի կենդանիների «թիրախում» է հայտնվել գյուղի՝ մթության մեջ գտնվող հատվածը: Ծրագրի շնորհիվ, լուսավորվել է հենց այդ մասը՝ հնարավոր վտանգը հետագայում կանխելու համար:

Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Արփի բնակավայրի վարչական ղեկավար Գագիկ Հովսեփյանն ու համայնքի  բնակիչներ:

«Այն, ինչ իրականացնում ենք այս ծրագրի շրջանակում, շատ կարեւոր է: Փորձում ենք փոխել բնության ռեսուրսներն անխնա սպառելու մոտեցումը: Դա կարեւոր է վաղվա սերնդի համար: Երբ տարբեր գյուղերում նման համակարգ ենք գործարկում, մարդիկ սկզբում գնահատում են առաջին հայացքից տեսանելին՝ վառ լուսավորությունը: Կարճ ժամանակ անց, հատկապես այնտեղ, որտեղ երկրորդ փուլն է իրականացվում, զգում են ծրագրի մյուս՝ բնապահպանական, սոցիալական, տնտեսական արդյունավետությունը: Նաեւ այն, որ երեկոյան ժամերին կա անվտանգ քայլելու հնարավորություն: Այդ ամենը թույլ է տալիս փոխել նաեւ մարդկանց մտածելակերպն ու փնտրել զարգացման այլ հեռանկարներ», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Էկո գյուղերի ցանց» ծրագրի մեկնարկն այս գյուղում տրվել է 2018 թվականին: Առաջին փուլով գործընկերները լուծել են գյուղի գլխավոր փողոցի արտաքին լուսավորության խնդիրը: Այդ ժամանակ կառուցվել է 51 լուսադիոդային (LED) լուսարձակից բաղկացած համակարգ եւ լուսավորվել 2կմ հատված: Այսպիսով, երկու փուլով իրականացված ծրագրի արդյունքում, գործընկեր կառույցների եւ Արենիի համայնքապետարանի համատեղ ջանքերով, Արփի գյուղում տեղակայվել է 111 LED լուսարձակ եւ լուսավորվել 4300մ հատված:

Շրջակա միջավայրի պահպանման, էներգախնայողության բարձրացման եւ համայնքային զարգացման համար,  տարիների գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու FPWC-ն, չափազանց կարեւոր են համարում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը:

Կենսաբազմազանությամբ հարուստ եւ հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը՝ էկոգյուղերի ցանցի ստեղծման կարեւոր քայլերից է: Այս կերպ հնարավորություն է ստեղծվում գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական բաղադրիչներն են:

Բնապահպանական եւ էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լուսարձակները սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա եւ ծառայում են շուրջ 50 անգամ ավելի երկար: Գյուղի փողոցները կլուսավորվեն մինչեւ գիշերվա 01:00-ն: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշերվա ընթացքում:

«Առավոտ» օրաթերթ
08.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829