Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քոչարյանին անվանելով «քաղբանտարկյալ»՝ Ալիեւը փորձում է ազդել ՀՀ ներքաղաքական կյանքի վրա

Փետրվար 10,2020 14:00

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի 6-ին ՀՀ երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին անվանեց «քաղբանտարկյալ», իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ համոզմունք հայտնեց, որ նրա դեմ հարուցված «քրեական գործը քաղաքական դրդապատճառներ ունի»:

Ըստ թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանի՝ Իլհամ Ալիեւն այսպես փորձ է կատարում օգտագործելու իր այսպես ասած «առավելությունը» եւ ներգործություն ունենալու ՀՀ ներքաղաքական իրավիճակի վրա:

«Նա այսպես նաեւ փորձում է չեզոքացնել այն վտանգավոր հանգամանքները, որոնք առկա են հենց Ադրբեջանի ներքաղաքական կյանքում: Այսինքն, նա կանխավ փորձում է իր հայտարարություններով ազդել Հայաստանի ներքաղաքական վիճակի վրա, քանի որ հայաստանյան դաշտ խայծ գցելով՝ մտադիր է պառակտել կամ որոշակի տարանջատում մտցնել հայաստանյան ներքաղաքական դաշտում՝ հօգուտ Ադրբեջանի: Այդպիսով նա փորձելու է ադրբեջանական ներքին քաղաքական դաշտում ասել, որ ինքը կարողանում է ազդել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա»,-«Առավոտ»-ի հետ զրույցում շեշտեց փորձագետը:

Ըստ Կարեն Հովհաննիսյանի՝ եթե այսօր, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները փորձեն Ալիեւի խոսքն օգտագործել ի պաշտպանություն Քոչարյանի, կամ Քոչարյանի ընդդիմախոսներն Ալիեւի խոսքն օգտագործեն ընդդեմ Քոչարյանի, ստացվում է, որ մենք կուլ ենք տալիս այդ խայծը. «Հենց սրան է ուզում գնալ Ալիեւը: Այնուամենայնիվ, սա նորություն չէ հակամարտող երկրների ղեկավարների համար, որոնք երբեմն իրենց հայտարարություններով փորձում են մյուս երկրի համար ներքաղաքական տրամադրություններ ստեղծել: Մենք էլ ժամանակ առ ժամանակ որոշակի հայտարարություններ ենք անում թալիշների եւ Ադրբեջանի ընդդիմադիրների առումով: Ի դեպ, կարծես թե առաջին անգամ է Ալիեւի կողմից նման քայլ արվում, որովհետեւ նախկինում այս կերպ ՀՀ ներքաղաքական կյանքին խառնվելու փորձ չի եղել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829