Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում կառավարությունը ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի հետ համահեղինակությամբ քննարկման ներկայացրեց «Ներման մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծ, որով առաջարկվում է ներում շնորհելու ինստիտուտն ավելի թափանցիկ դարձնել: Գործող օրենքում կարեւոր դրույթներ չկան, կարող է այնպիսի իրավիճակ առաջանալ, երբ դատապարտյալը ներկայացրել է ներման խնդրագիր, սակայն պատժից ազատվել է օրենքով նախատեսված այլ հիմքով, այս պարագայում ներման խնդրագրի ճակատագիրը մնում է չլուծված: Նախագծում սահմանվել է օբյեկտիվ իրականությամբ պայմանավորված հստակ ժամկետ՝ ներման խնդրագրի հիման վրա պահանջվող տեղեկատվություն նախարարություն ներկայացնելուն՝ 10 օր եւ 45-օրյա ժամկետ էլ սահմանվել է ներման անձնական գործը հանձնաժողով ներկայացնելու համար:
Ամրագրվել է նաեւ տուժողների եւ նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանության հստակ մեխանիզմ: Սահմանվել է, որ առանձնապես ծանր հանցագործություններից տուժողներին ու նրանց իրավահաջորդներին անհրաժեշտ է մինչեւ հանձնաժողովի նիստը կայանալը ծանուցել նիստի մասին ու հնարավորություն ընձեռել նրանց գրավոր ձեւով ներկայացնել իրենց կարծիքը:
Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն ասաց, որ ներման խնդրագիրը մերժելու դեպքում կարգավորվել է նաեւ ներման նոր խնդրագիր ներկայացնելու հնարավորությունը՝ բացառիկ դեպքերում: Օրինակ, բացառիկ կարող է ճանաչվել դատապարտյալի կյանքին վտանգ սպառնալը, առանց ծնողական խնամքի մնացած երեխայի առկայությունը, արտակարգ կամ ռազմական դրությունը, ՔԿՀ-ում որեւէ իրավիճակում դատապարտյալի ցուցաբերած բացառիկ օգնությունը եւ այլն:
Ներում կարող են շնորհել անգամ ցմահ դատապարտյալներին, ովքեր պատժի կեսն արդեն կրել են, բայց դա պետք է առնվազն 15 տարի լինի:
Կարդացեք նաև
«Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հարցրեց, թե ինչու միայն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում ներում շնորհելիս պետք է լսեն տուժողին կամ տուժողի իրավահաջորդներին: Փոխնախարարը պատասխանեց, որ սոցիալական արդարության վերականգնումն է իրենց նպատակը, իսկ այդ հանցագործությունների դեպքում ակնհայտ է, որ տուժողը վնաս է կրել: Բայց, ամեն դեպքում, հանձնաժողովի համար տուժողի կարծիքը պարտադիր չի, որ հաշվի առնվի: Հանձնաժողովը չպետք է անտեսի տուժողի իրավունքը, բայց նաեւ ներում հայցողի իրավունքն էլ պետք է հաշվի առնի:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանին հետաքրքրում էր՝ ինչո՞ւ են 45 օր ժամանակ տալիս վարչապետին, որ ներման գործը տա հանձնաժողովին, այդքան օր ի՞նչ պետք է անի: Սրբուհի Գալյանը պատասխանեց, որ սա չի նշանակում, որ 45-րդ օրը դա պետք է անի. «Պրակտիկայում հիմա նախատեսված է 5 օր, բայց 5 օրվա ընթացքում նիստ չի անցկացվում, սպասում են, մինչեւ ներման խնդրագրերի որոշ խմբաքանակ հավաքվի, նոր ուղարկեն նախարարություն, հանձնաժողովի նիստ հրավիրվի, քննարկվի: Դա այնպիսի ժամկետ է, որը մշտապես խախտվում է, 5 օրվա ընթացքում համապատասխան քանակ խնդրագրերի չի հավաքվում, իսկ մեկ-երկու օրինակի համար նիստ չի հրավիրվու: Ողջամիտ ժամկետ է ընտրվել»:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկեց առաջնորդվել ոչ թե կատարած հանցագործությունների ծանրությամբ, այլ՝ դրանց բնույթով՝ կյանք, առողջություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ռազմական հանցագործություն, որոնց պարագայում տուժողի կարծիքը էական նշանակություն ունի, չնայած, օրինակ, պետական դավաճանության դեպքում տուժողը պետությունն է, անհասկանալի է, թե պետությունից ինչպես են կարծիք ուզելու: Փոխնախարարը պատասխանեց, որ պատրաստ են առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում քննարկել:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ