Լրահոս
Օրվա լրահոսը

Ուռուցքային հիվանդությունների դեմ մի շարք միջոցների ձեռնարկումը թույլ կտա 7 միլիոն մարդու կյանք փրկել․ ԱՀԿ

Փետրվար 09,2020 23:00

Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի  համաշխարհային օր: Այս տարի եւս աշխարհի շատ երկրներում կազմակերպվեցին միջոցառումներ, որոնց նպատակը ոչ միայն ուռուցքային հիվանդությունների վիճակագրության, կանխարգելիչ միջոցառումների մասին բարձրաձայնելն էր, այլև այս մեծ տարածում ունեցող խնդրի վրա ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրության կենտրոնացումը։

Այս տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հատկապես կարևորել է օնկոլոգիական օգնություն ցուցաբերող ծառայությունների ուժեղացումը եկամտի ցածր կամ միջին մակարդակ ունեցող երկրների համար։ ԱՀԿ-ն զգուշացնում է, որ եթե պաշտպանվեն ներկայիս միտումները, ապա առաջիկա 20 տարում օնկոլոգիական հիվանդությունների թիվը ողջ աշխարհում կաճի 60 տոկոսով։

Ընդ որում հիվանդության նոր դեպքերի մեծամասնությունը (մոտավորապես 81%-ը) կգրանցվեն ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ ապաքինման ցուցանիշները ներկա պահին ամենացածր մակարդակում են գտնվում։

Դա գլխավորապես պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ երկրներն իրենց առողջապահական սահմանափակ ռեսուրսները հիմնականում օգտագործում են ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի և մայրությանն ու մանկական առողջապահությանն ուղղված ծառայությունների ուժեղացման ուղղությամբ։ Միաժամանակ առողջապահական ծառայությունները զինված չեն օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ սարքավորումներով։

«Սա տագնապալի ազդանշան է, որը մեզ մղում է միջոցներ ձեռնարկելու հարուստ և աղքատ երկրների օնկոլոգիական ծառայությունների միջև եղած անհավասարությունները վերացնելու համար,- ասում է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնական Ռեն Մինհոյը։ Բժշկական առաջնային ու մասնագիտացված օգնության հասանելիությունը ուռուցքային հիվանդություններն ավելի վաղ շրջանում հայտնաբերելու և լիարժեքորեն բուժելու հնարավորություն է ընձեռում։ Ոչ մի տեղ և ոչ ոքի համար քաղցկեղը չպետք է մահվան դատավճիռ լինի»։

Միևնույն ժամանակ ավելի աղքատ երկրներում առաջընթացի հասնելը հնարավոր է։ ԱՀԿ-ն և Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալությունը փետրվարի 4-ին զեկույցներով են հանդեղ եկել, որով կոչ են անում կառավարություններին ընդլայնել տվյալ խնդիրն ուսումնասիրող գիտական հետազոտությունների շրջանակն ու օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարի քաղաքականություն մշակել։

«Առաջիկա 10 տարում 7 միլիոնից ոչ պակաս կյանք է հնարավոր փրկել, եթե հնարավոր լինի ստանալ յուրաքանչյուր երկրի կոնկրետ իրավիճակը հաշվի առնող անհրաժեշտ գիտական տվյալներ, քաղցկեղի դեմ պայքարի ակտիվ միջոցների ձեռնարկել և համատեղ աշխատանքի շուրջ ներգրավվել բոլոր շահագրգիռ կողմերին», – ասում է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը։

ԱՀԿ-ն հատկապես ընդգծում է այն միջոցների շրջանակը, որն ապացուցել է իր արդյունավետությունը ուռուցքային նոր հիվանդությունների զարգացումը կանխարգելելու իմաստով։ Այդ միջոցներից են ծխախոտի դեմ պայքարը (քաղցկեղային հիվանդություններից մահվան դեպքերից 25%-ի պատճառը), հեպատիտ  B-ի դեմ պատվաստումը՝ լյարդի քաղցկեղը կանխարգելելու համար, արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելումը՝ ՄՊՎ-ով վարակման կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների օգնությամբ, օնկոլոգիական հիվանդությունների արդյունավետ վարումը, միջոցների ռացիոնալ օգտագործումը, պալիատիվ խնամքի հասանելիության ապահովումը։

«Վերջին 50 տարվա ընթացքում հսկայական առաջընթաց է տեղի ունեցել ուռուցքային հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանն ուղղված գիտական հետազոտությունների ոլորտում,- ասում է Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալությոան տնօրեն Էլիզաբետ Վայդերպասը։- Ուռուցքային հիվանդություններից մահացության թիվը կրճատվել է։ Բարձր եկամուտ ունեցող երկրներում քաղցկեղի կանխարգելման, սքրինինգների և վաղ ախտորոշման միջոցների ձեռնարկումը բուժման առավել արդյունավետ միջոցների հետ համատեղ 2000-2015 թթ․ միջակայքում նպաստել են վաղաժամ մահվան դեպքերի կրճատմանը 20 տոկոսով, իսկ ցածր եկամուտ ունեցող երկրներում այդ ցուցանիշը նվազել է ընդամենը  5%-ով։ Մենք պետք է հասնենք նրան, որ բոլոր մարդիկ հավասար հնարավորություններ ունենան»:
ԱՀԿ-ն նաև ընդգծել է, որ պետությունները պետք է լուծեն բուժման մեթոդների ընտրության խնդիրը՝ հաշվի առնելով այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են դրանց արժեքը, գործնականում կիրառելիությունն ու արդյունավետությունը։

Յուրաքանչյուր երկրի կառավարությունը բախվում է քաղցկեղի բուժման համապատասխան նորարարական մեթոդներ ընտրելու խնդիրներին, սակայն պետք է հաշվի առնել, որ բուժման այդ մեթոդներից շատերը արդյունավետ և մատչելի են և կարող են դրական արդյունքների հանգեցնել քաղցկեղի բուժման ժամանակ՝ առանց ֆինանսական լրացուցիչ դժվարություններ առաջացնելու:

Սկզբնաղբյուր՝ ԱՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829