Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության անփոփոխ գեղագիտությունը․ «30+»

Փետրվար 09,2020 22:00

«30+» խորագիր – Ներկայացնում ենք նոր հոդվածաշար, որը կրում է «30+» անվանումը՝ 30-ն անց մարդու մտորումները մեր հասարակությանը հուզող խնդիրների մասին: Հեղինակն առայժմ որոշել է հանդես գալ կեղծանունով՝ որեւէ անձնավորումից խուսափելու համար: Սակայն բոլոր տեսակի ենթադրությունները կանխելու նպատակով հայտնենք, որ նա հասարակությանը հայտնի մարդ չէ, ներկա կամ նախկին պաշտոնյա չէ, քաղաքական գործիչ չէ, քաղաքական հավակնություններ չունի:

Իշխանության անփոփոխ գեղագիտությունը

Իր էսսեներից մեկում գրականագետ, խորհրդային այլախոհ (ներկա սերնդին խորհուրդ եմ տալիս Վիքիպեդիայում կարդալ, թե ինչ է դա նշանակում, իսկ ես, հավանաբար, դրան կանդրադառնամ առանձին) եւ ոչ վատ գրող Անդրեյ Սինյավսկին գրել է. «Քանի որ քաղաքականությունը եւ հասարակության սոցիալական կառուցվածքը իմ մասնագիտությունը չեն, ապա, իբրեւ կատակ, կարելի է ասել, որ Խորհրդային իշխանության հետ իմ տարաձայնությունները հիմնականում գեղագիտական բնույթ են կրում»:

Անդրեյ Սինյավսկին երկու կյանքով էր ապրում: Առաջին՝ հրապարակային կյանքում նա հետազոտում էր ռուսական պոեզիան եւ «Նովիյ միր» ամսագրում հանդես էր գալիս որպես գրաքննադատ: Իր մյուս՝ գաղտնի կյանքում, արտասահմանում նա հրապարակում էր (Խորհրդային Միությունում դա անհնարին էր) իր ստեղծագործությունները, այդ թվում եւ այն էսսեն, որը ես մեջբերեցի՝ Աբրահամ Տերց կեղծանունով: Հենց դրա վրա էլ բռնվեց. ՊԱԿ-ը բացահայտեց նրա ինքնությունը եւ նա դատապարտվեց 7 տարվա ազատազրկման՝ ճամբարում:

Սինյավսկին գրում էր Խորհրդային իշխանության մասին, իսկ ես, քանի որ այդ իշխանությունը վաղուց արդեն չկա, կխոսեմ հետխորհրդայինի մասին: Եվ ահա, ես խորապես համոզված եմ, որ ցանկացած մտածող մարդ հետխորհրդային (ավելի կոնկրետ՝ հայաստանյան) իշխանության հետ ունի հիմնականում գեղագիտական տարաձայնություններ: Եվ ամենեւին կարեւոր չէ, թե հատկապես ով է տվյալ պահին իշխանության ղեկին՝ իշխանության գեղագիտությունը դրանից չի փոխվում:

Նախ, մեր իշխանությունը միշտ անձնավորված է: Մենք ընտրում ենք ոչ թե կուսակցություն, ոչ թե գաղափարախոսություն եւ ոչ էլ՝ խնդիրների մեզ բավարարող լուծումը, մենք ընտրում ենք թագավոր: Մոտավորապես՝ ընտրովի միապետություն՝ լուսավորյալ ֆեոդալիզմի բոլոր հմայքներով՝ տեղական իշխանիկներով եւ եկեղեցու ու պետության անհստակ բաժանմամբ: Ad hominem  փաստարկումը, երբ կարեւոր չէ, թե հատկապես ԻՆՉ է ասվում, այլ կարեւորվում է, թե ՈՎ է ասում, մեր քաղաքական հռետորաբանության հիմնական հնարքն է:

Երկրորդ, հայաստանյան ցանկացած իշխանություն առաջին հերթին սկսում է զբաղվել հնարավոր ամեն ինչի սեփականաշնորհմամբ: Սկսած դպրոցների տնօրենների պաշտոններից՝ ընտրական գործընթացների հարմարավետ վերահսկման նպատակով, վերջացրած՝ անդամներին դատավորներ վերաորակելով (այլ բան չմտածեք՝ խոսքը Սահմանադրական դատարանի մասին է): Կարեւոր է հասկանալ, որ այդ մոնոպոլիզացիան հենց այնպես չի արվում եւ ինքնանպատակ չէ:

Երրորդ, հայաստանյան ցանկացած իշխանություն վստահ է սեփական անսխալականության մեջ: Իսկ բոլոր տապալումներն ու անհաջողությունները չուզողների, ծախված ԶԼՄ-ների եւ այլ հակաժողովրդական ուժերի ձեռքի գործն են:

Չորրորդ՝ հայաստանյան ամեն իշխանություն իր առջեւ նպատակ է դնում ոչնչացնել ընդդիմությանը, այլ կերպ ասած՝ մաքրում է քաղաքական դաշտը:

Հինգերորդ, եւ դա ինձ համար ամենատհաճն է՝ մեր իշխանությունները օրգանապես ատում են այլախոհությունը: Դա հեշտ է բացատրել՝ տեսակետների դեմ պայքարելը շատ ավելի հեշտ է, քան աշխատելը:

Առաջին առանձնահատկությունը մեզ տանում է դեպի երկար տարիների ավտորիտար պետություն, երկրորդը՝ տանում է պնակալեզության՝ որպես հաջողության հասնելու հիմնական միջոց, երրորդը՝ իշխանավորների պաթոլոգիկ ծուլության, չորրորդը՝ քաղաքական դիսկուրսի մանրացմանը, իսկ ամենասարսափելին՝ հինգերորդը՝ ճանապարհ է դեպի ինտելեկտուալ թշվառության:

Ձեզ դո՞ւր է գալիս նման գեղագիտությունը: Ինձ՝ ոչ:

Ս.Յ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829