Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանահայությունն Իրանի անկախության և հողային ամբողջականության պահպանման ակունքներում

Փետրվար 09,2020 21:04

Մեր հարևան Իրանն այս օրերին տոնում է իր հեղափոխության 41-ամյակը: Իրանի Փահլավիների թագավորական վարչակարգը տապալվեց  11 փետրվարի 1979 թվականին և երկրում հաստատվեց «Իսլամական Հանրապետություն»: Փահլավիներից առաջ Իրանում տիրում էր Ղաջարների դինաստիան: 20-րդ դարի սկզբում` 1905-11 թվականներին Ղաջար արքա Մոզաֆար Էդդինի ժամանակ երկրում ծայր առավ Սահմանադրական շարժում և Իրանն առաջին անգամը լինելով ունեցավ Սահմանադրություն և Խորհրդարան: Հենց այդ ժամանակներից էլ իրանաբնակ հայերը որպես երկրի օրինակելի քաղաքացիներ մասնակցել են Իրանի անկախության, հզորացման և հողային ամբողջականության պահպանման բոլոր շարժումերին, տվել են զոհեր, վիրավորներ և բանտարկյալներ:

Իրանի Սահմանադրական շարժման գործուն մասնակիցն են  եղել ՀՅԴ-ի և Սոցիալ Դեմոկրատ Հնչակների տեղական կառույցները: Դաշնակցական  և մյուս հայ մարտական խմբերը,  հրամանատարներ Եփրեմ Խան Դավթյանի, Քեռու (Արշակ Գավաֆյանի) և Խեչոյի գլխավորությամբ մասնակցել են նաև Թեհրան մայրաքաղաքի գրավման: Եփրեմ Խանը զոհվեց 1912 թվականի մայիսի 18-ին Սահմանադրական կարգը պահպանելու համար մղված կռիվներից մեկի ժամանակ. նա թաղված է Թեհրանի հայոց Սբ Աստվածածին եկեղեցու բակում: Եփրեմ Խանի կին՝ Անահիտ Դավթյանը, հիմնել է կանանց կրթության օջախներ, իսկ Միրզա Մելքում Խանը, Հովհաննես Մասեհյանը, Գրիգոր Եղիկյանը և մի քանի տասնյակ նման մտավորականներ ներքին և արտաքին ասպարեզներում բարձր են պահել Իրանի անունը: Այդ շրջանի Իրանի կոմունիստական շարժման տեսաբաններից է եղել նաև Ավետիս Սուլթան Զադե-Միքայելյանը:

Եփրեմ խան

Իրանի Փահլավի դինաստիան իշխել է 1920-1979 թվականներին և տվել է երկու արքա. երկրորդ արքայի` Մոհամեդ Ռեզա շահի ժամանակ, Իրանի կոմունիստական (Թուդե) կուսակցությունը շատ հզորացավ. այդ կուսակցության էին հարում նաև մեծ թվով հայեր, որոշներն ունեին ազդեցիկ դեր: Կուսակցությունը հալածվում էր արևմտամետ իշխանությունների կողմից և բռնությունների հետևանքով տուժեցին նաև մեծ թվով հայեր: Այդ շրջանի մեր նշանավոր զոհը Վարդան Սալախյանն է, որի մասին իրանական հատկապես ձախ գրականությունում լեգենդներ է հյուսված: Նա կոմունիստական կուսակցության գաղտնի տպարանի պատասխանատուն էր, ձերբակալվում է 1954 թվականի գարնան և ահավոր կտտանքների հետևանքով,- առանց տպարանի տեղն ասելու-,  տանջամահ է լինում ձերբակալվելուց տասներկու օր հետո. մահվան ժամանակ նա ընդամենը 23 տարեկան էր. Վարդանը թաղված է Թեհրանի հայոց «Դուլաբ» գերեզմանոցում:

Վարդան Սալախյան

Վ. Սալախյանի խուցում է եղել նաև իրանցի անվան պոետ Ահմադ Շամլուն, որը Վարդանին ձոնեց իր նշանավոր բանաստեղծությունը`  «Վարդանը չխոսեց /وارتان سخن نگفت، /مرگ نازلى »: Կոմունիստ զոհերի շարքում են նաև Արսեն Ավանեսյանը, Կոլյա Զախարյանը, Ջահանգիր Բաղդանյանը և Խորեն Ղարախանյանը, իսկ Գագիկ Ավանեսյանը Իսլամական Հանրապետության օրոք մահացավ բանտում` դաժան կտտանքներից հետո: Շահի ժամանակ ունեցել ենք նաև մեծ թվով հայ կոմունիստ բանտարկյալներ և հինգ աքսորված:

Մարտիկ Ղազարյան

1970-ականներին Իրանում ստեղծվեցին իշխանությունների դեմ զինյալ պայքար  մղող խմբեր` հիմնականում ձախ հոսանքների հենքի վրա. այդ շրջանի մեր զոհերից է Մարտիկ Ղազարյանը, որը 28 հունիսի 1975 թվականին «ֆադայիան խալղ» կազմակերպության մի խումբ զինյալների հետ, ոստիկանական ուժերի կողմից սպանվեց մարտական թաքստոցում: Նա թաղված է Թեհրան քաղաքի մեծ գերեզմանոցում` Բեհեշտ Զահրայում:

Իրանաբնակ հայերի մի ստվար զանգված մեծ հավատքով փարվեցին նաև Իրանի 1979 թվականի հեղափոխության: Հաղթանակին նախորդող գիշերը ռադիո-հեռուստատեսության շենքի գրոհի ժամանակ զոհվեց նաև հայազգի Վարդան Առաքելյանը, ունեցանք նաև այլ զոհեր և տարբեր ցույցերի մասնակից վիրավորներ: Երկրում այլևս տիրում էր ազատ մթնոլորտ և ստեղծվել էին հարյուրավոր կրոնական, ազգային և ձախակողմյան խմբեր. ՀՅԴ-ն որպես համահայկական ուժ փորձում էր իր շուրջը հավաքել հեղափոխական գաղափարներով տոգորված և ըմբոստ հայ երիտասարդներին` բայց նա մասամբ էր հաջողում: Ձախ քարոզչությունն ու համաշխարհային գաղափարներն ավելի գրավիչ էին և մի խումբ հայ երիտասարդներ նախընտրեցին իրանական կազմակերպություններին:

Հայկական հարցերով հետաքրքրված բայց Դաշնակցությունից դժգոհ տարրերը համաձայն իրենց նախասիրության հիմնականում քաշվեցին դեպի Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ASALA), Իրանահայ Ազգային և Մշակութային Միության (ԻԱՄՄ) և Իրանահայ Մշակութային Կենտրոնի շարքերը` մասամբ նաև դեպի ծայրահեղական խմբեր: Այդ ընթացքում շատ էին ավելացել նաև Խորհրդային Միությանը քննադատող ձախ հոսանքները, որոնք մեծ մասով հեռու էին Իրանի  իրականությունից, բայց փորձում էին օգտակար լինել իրենց հայրենիքին:

Փոթորկվել էր նաև հայ համայնքի խաղաղ` մասամբ նաև լճացած կյանքը. Դաշնակցական ղեկավարները Մերձավոր Արևելքի արաբական երկրների խորհրդայնամետ մթնոլորտի փորձը նկատի ունենալով, աշխատում էին համայնքը քայքայումից զերծ պահել. տեղի ունեցան նաև բախումներ, ցավոք արձանագրվեց նաև մահվան մեկ դեպք: Բանտում մահացավ նաև թագավորական ուժերի ձախողված հեղաշրջման կողմնակից մի հայ մտավորական:

Հեղափոխության հաղթանակին հաջորդած Իրան-Իրաք պատերազմի ժամանակ հայերը տվեցին ավելի քան հարյուր զոհ` զինվոր և քաղաքացիական անձ:

Կանգնած ձախից առաջինը՝ Վազրիկ Մանսուրյան

Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիրների խոստացած ազատությունների գարունը շատ կարճ տևեց և 1980-ականներից վրա հասավ հալածանքների դաժան շրջանը. տասնյակ հազար այլախոհ անձանց ձերբակալման և հազարավորների մահվան դատավճիռների զոհ դարձան նաև տասնյակ հայեր: 1981 թվականին գնդակահարվեց «Ռահե քարգյար» ձախակողմյան խմբի անդամ Ռաֆիկ Նովշադյան Քյազազին՝  1982 թվականին ձախ հակումներ ունեցող Ռոբերտ Փափազյանն՝ իսկ 1983 թվականին «Փեյքար» կազմակերպության անդամ Վազրիկ-Վազգեն Մանսուրյանը: Վերջին երկուսը նախապես դաշնակցական էին, հետո միացան իրանական խմբերին:

Ռոբերտ Փափազյան

Իրանի քաղաքական միտքը այս օրերին ևս փնտրտուքի մեջ է, երկբևեռ իշխանությունը և զուգահեռ կառույցները ջլատում են պետության և ժողովրդի ուժերը: Ինչպես միշտ Իրանական հայրենիքի շենացման մասնակից են տեղի հայերը. նրանց քաղաքական կողմնորոշումը թեև եղել է խայտաբղետ, բայց նրանք բոլորն էլ պաշտպանել և պաշտպանում են հարևան Իրանի անկախությունը, կայունությունն ու հողային ամբողջականությունը:

 

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829