«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն այսօր անդրադառնալով ժողովրդագրական խնդիրներին՝ խմբակցության կազմակերպած տարեկան հաշվետվության միջոցառման ժամանակ ասաց․ «Թոշակառուների թիվը գնալով որքան ավելանում է, սոցիալական հատվածը, որը մեր պետական բյուջեի գրեթե կեսն է կազմում, գնալով ավելի է մեծանալու՝ դառնալով մինչեւ 60-70 տոկոս: Ինչը հնարավորություն չի տա Հայաստանին ունենալ այն միջոցները, որոնք հնարավորություն կտան դինամիկ զարգանալ»:
Պատգամավորի խոսքով, դինամիկ զարգանալու հնարավորություն ունեն այն երկրները, որտեղ միջին երիտասարդական տարիքի բնակչությունը գերակշռում է. «Այն, որ մեր կառավարությունն ասում է, որ հինգ միլիոն Հայաստան պետք է ունենանք եւ դրա համար փորձում է քայլեր ձեռնարկել, այդ քայլերը որեւիցե ձեւով բավական չեն: Որովհետեւ, բացի այն, որ կա արտագաղթ երկրից ու բնակչության թիվը գնալով նվազում է, հեղափոխությունից հետո էլ որեւէ բան չի փոխվել: Օրինակ՝ Եվրոպական միություն ապաստան խնդրողների թիվը չի զրոյացել, ճիշտ է՝ պակասել է, բայց կա: Գրին քարտի խաղարկությանը մասնակցող քաղաքացիների թիվը նույնպես աճել է: Այսինքն՝ որեւիցե ձեւով կենսամակարդակի հարցը Հայաստանի հանրապետությունում չի լուծվել, որովհետեւ, բացի այն, որ քաղաքացին որեւիցե ձեւով պետք է շահագրգռված լինի երեխաներ ունենալու, նաեւ ինքը պետք է ապահովածություն զգա, որ այդ երեխաները պետք է ստանան համապատասխան որակի կրթություն, պետք է ունենան համապատասխան որակի կենսամակարդակ: Եթե այդ քաղաքացիները գտնում են, որ դրանք իր երեխաները չեն ունենալու, նրանք փորձում են կամ այլ երկրում այդ կենսամակարդակն ապահովել կամ նախընտրում են ավելի երեխաներ չունենալ»:
Կարեն Սիմոնյանի կարծիքով, այս ամենին գումարած, հինգ միլիոնին հասնելու համար պետք է ունենան կազմակերպված ներգաղթ՝ ինչպես 1947 եւ 60-ական թվականներին. «Բայց որեւիցե ձեւով կազմակերպված ներգաղթ Հայաստանի հանրապետությունն այս պահին չունի եւ որեւիցե քայլեր չի կատարում այս ուղղությամբ»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ