Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանապահ գյուղերում ապրող մարդիկ կյանքի որակ չունեն, մեկը կարա՞ ասի՝ ի՞նչ կապ ունի այս մարդկանց հետ հանրաքվեն». Մարուքյան

Փետրվար 09,2020 15:40

«Շամշադինցիներին անհանգստացնողը գյուղատնտեսական աշխատանքներն են: Ադրբեջանի հետ մեր սահմանը շատ երկար է, վարելահողերը գտնվում են սահմանի մոտ եւ ոչ մի գյուղացի չի կարողանում իրենց հողերը մշակել»,-այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների տարեկան հաշվետվության միջոցառման ժամանակ, Իջեւանից տեսակապի միջոցով ասաց Շամշադինի բնակիչներից մեկը, որը ներկա էր միջոցառմանը:

Նա նաեւ ասաց, որ ոռոգման ջրատարի մագիստրալի վերանորոգման խնդիր կա: Գյուղերից շրջկենտրոնները կապող ճանապարհները շատ վատ վիճակում են, աշխատատեղեր չկան, Տավուշի, Շամշադինի ժողովուրդը մնացել են անգործ, չեն գործում մշակույթի տները, զբոսայգիներ չունեն: Խնդրեց Լուսավոր Հայաստանի պատգամավորներին հաճախ այցելել Շամշադին ու լսեն ժողովրդի պահանջները:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը հաստատեց, այդ խնդիրների գոյությունը՝ նշելով, որ բոլորից  տեղյակ են եւ փորձում են հընթացս լուծումներ տալ: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ դրանք խնդիրների փունջ է, որը որ մի ամբողջ շղթա է՝ սկսած ճանապարհներից վերջացրած մշակույթի կենտրոններով. «Այսինքն՝ սահմանապահ գյուղերում ապրող մարդիկ կյանքի որակ չունեն եւ սրա մասին ութ տարի է խոսում եմ: Մեր երկիրն անդադար այնպիսի օրակարգերի մեջ է, որ կապ չունի այս մարդկանց հետ, մեկը կարա՞ ասի՝ ինչ կապ ունի այս մարդկանց հետ հանրաքվեն: Պետությունն այս մարդու բարձրացրած հարցերը հասցեագրո՞ւմ է: Հայաստանի պետական բյուջեն, որ բաշխում են, Երեւանին շատ են գումար տալիս, կյանքի որակն այստեղ շատ բարձր է, եկեք այս փողը տանք մարզերին, որպեսզի կյանքի որակը մի քիչ բարձրացնենք: Դրա արդյունքում այս մարդիկ իրենց գյուղերը չեն լքի: Այս մարդկանց իրենց գյուղերում պահելը ռազմավարական անվտանգության հարց է: Պետությունը պետք է դրա մասին մտածի»:

Մարուքյանի խոսքով, եթե այդ գյուղերից մեկն ուզում է գնալ բժշկի, ապա գալիս է Երեւան, մեկն ուզում  է լավ կրթություն ստանալ՝ գալիս է Երեւան եւ իր փողը Երեւանում ծախսում. «Այդ մարդիկ կյանքի որակի հետ կապված ծառայություններ չեն ստանում, բայց իրենց ունեցած այդ երկու կոպեկն էլ բերում էստեղ են ծախսում»:

Վարչապետի այն դիտարկմանը, թե մեզ մոտ մարդիկ աշխատել չեն սիրում եւ նաեւ այդ պատճառով են աղքատ, Մարուքյանն ասում է․ «Հիմա էս մարդկանց հողի վրա, որտեղ ինքը պետք է վարի, ցանի, կրակում են, հիմա այդ մարդը ո՞նց պետք է գնա աշխատի: Պետությունը պետք է պահի, աջակցի այդ մարդկանց, որ այդ մարդիկ ապրեն այդտեղ: Զինվորը, որը ավտոմատով կանգնած է, պիտի իմանա, որ այդ մարդիկ իր հետում ապրում են»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829