Լրահոս
Օրվա լրահոսը

Մարուքյանը պատմեց «Լուսավոր Հայաստանի» տապալված նախագծերի ու խմբակցության իրավունքները սահմանափակելու մասին

Փետրվար 09,2020 14:04

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր գործունեության ընթացքում  66 նախագիծ է ներկայացրել , որոնց մի մասը նախընտրական խոստումների շրջանակներում են եղել, սակայն այդ 66 նախագծից ընդունվել են միայն 15-ը, մնացածը մերժվել են: Այսօր այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խմբակցության պատգամավորների տարեկան հաշվետվության միջոցառման ժամանակ: Ըստ նրա, նախագծերն ուղղված են եղել համաչափ տարածքային կառավարմանը, մարզերի զարգացմանը, պետական համակարգի վերափոխմանը, սոցիալական ոլորտին, տնտեսական բարեփոխումներին:

Էդմոն Մարուքյանի խոսքով, «մեծ հաջողությամբ» մերժվեց համաներումից հետո ազատազրկման վայրերում մնացած անձանց վերաբերյալ նախագիծը, որով առաջարկվում էր նրանց մեկ օրը հաշվել մեկուկես օր: Մեկ այլ մերժված նախագիծ էլ 27 տարին լրացած անձանց վերաբերյալ էր, որոնք խուսափել են զինծառայությունից եւ գտնվում են հետախուզման մեջ. «Նրանք չեն կարող վերադառնալ հայրենիք, եւ պետությունը ոչինչ չի անում, որ նրանք վերադառնան: Նրանք այլեւս չեն կարող գալ ծառայել: Երկու ճանապարհ ունենք՝ կամ պետք  է մնան այդպես փախած կամ գան՝ նստեն, պարզ է՝ չեն գալիս, որ չնստեն, մնում են փախած, հետախուզման մեջ: Սրանք այն նախագծերն են, որոնց մասին հազարավոր նամակներ ենք ստանում»:

Մարուքյանի ներկայացմամբ, մեկ այլ նախագիծ էլ առնչվել է փաստաբանի իրավունքների պաշտպանությանը. «Նախագծով առաջարկվում էր, որպեսզի փաստաբանը նույն պաշտպանվածությունն ունենա՝ ինչ դատախազը, վերջին դեպքերի հետ կապված՝ փաստաբանների նկատմամբ ճնշումներ, սպառնալիքներ, այս նախաձեռնությունը նույնպես մերժվել են»: Նա ասաց, որ հազարավոր նամակներ են ստանում սփյուռքի այն հայրենակիցներից, որոնք կենսաթոշակային տարիքում են, բայց չեն կարողանում իրենց թոշակը ստանալ:

«Առաջարկում էինք, որ այդ մեկ տարվա փոխարեն մինչեւ 15 տարի մարդկանց լիազորագրերը լինեն ու նրանք կարողանան իրենց կենսաթոշակը ստանան եւ, եթե կասկած կա, որ մարդը կենդանի  է թե ոչ, վճարողն այդ համակարգի միջոցով հավաստիանա, որ մարդը կենդանի է: Նախորդ իշխանության ժամանակ այս համակարգը ներդրվել է, որ ՀՀ-ից դուրս եկող քաղաքացին իր թոշակը չստանա»,-ասաց Մարուքյանը:

Նախագծերից մեկն էլ մարզերում բնակարաններ ձեռք բերելուն է վերաբերել, որով «Լուսավոր Հայաստանն» առաջարկել է մարզերի բնակիչներին հնարավորություն տալ եկամտահարկի վերադարձով նաեւ երկրորդական շուկայից էլ բնակարան ձեռք բերել: Խմբակցության ղեկավարի խոսքով,   մարզերում բնակարանաշինություն չի իրականացվում եւ քանի որ օրենքը թույլ է տալիս նորակառույց շենքերից բնակարան ձեռք բերելու դեպքում միայն եկամտահարկի վերադարձ, ապա մարզերի բնակիչները չեն կարողանում օգտվել այդ օրենքից եւ գալիս են մայրաքաղաքից են տուն գնում, ինչի հետեւանքով դատարկվում են:

Ըստ Մարուքյանի, այս նախագիծը նույնպես մերժվել է՝ պատճառաբանվելով, որ՝ մի բան կմտածենք, բայց մինչ օրս ոչինչ չի արվել այդ ուղղությամբ: Խմբակցության ղեկավարը մի քանի դեպք էլ հիշեց, երբ իրենց խմբակցության իրավունքները սահմանափակվել են: Ըստ նրա, երբ  անցյալ տարի վարչապետ Փաշինյանի կոչով դատարանները շրջափակվել էին, իրենց խմբակցությունը հրավիրել էր արտահերթ նիստ, բայց Ազգային ժողովի խորհուրդը տապալել է այդ նիստը: Այս տարի էլ տապալել է քննիչ հանձնաժողովի ստեղծումը:
Նա նաեւ ճիշտ չէ համարում, որ Հայաստանում՝ պատերազմող երկրում ԱԱԾ-ն, ոստիկանությունը, Պետական եկամուտների կոմիտեն խորհրդարանի կողմից վերահսկողությունից դուրս են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829