ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն անհանգստացած է ԼՂ կարգավորման բանակցային գործընթացից եւ համեմատություն է անում, թե իրավիճակը «շատ նման է Արցախի պատմության որոշ դրվագներին, որի արդյունքում մոտ 250 տարի առաջ Արցախում հաստատվեցին թրքական ցեղեր… եւ միայն զենքով ու ազատամարտով (Արցախը) վերագտավ իր լիարժեք անկախությունն ու ազատությունը» եւ ամփոփում. «Կարողանո՞ւմ են այսօր Փաշինյանն ու իր դիլետանտները պահպանել այդ ձեռքբերումը, թե՞ ոչ, հենց սա է մեր քաղաքական պայքարի ամբողջ իմաստը»:
Նախկին բարձրաստիճան պաշտոնյան, այսպիսով, բաց տեքստով ասում է, որ վարչապետ Փաշինյանի դեմ քաղաքական պայքարի մեջ է՝ միակ կռվան ունենալով ԼՂ հարցը: Ընդ որում, նա արտահայտում է մտքեր, որ միջազգային ընկալման տեսանկյունից շատ խոցելի են: Ի մասնավորի՝ որ Արցախը զենքով եւ ազատամարտով է հասել անկախության: Խնդիրն այդ կերպ ադրբեջանական քարոզչությունն է ներկայացնում, որ Լեռնային Ղարաբաղն «անկախացել է ավտոմատների փողերի տակ անցկացված հանրաքվեով»:
Երկրորդ, Արտակ Զաքարյանի ասածից կարելի է հասկանալ, որ Արցախի անկախությունը հետապնդել է 250 տարի առաջ այնտեղ հաստատված թրքական ցեղերի հետնորդներին արտաքսելու նպատակ: Սա նույնպես ադրբեջանական քարոզչության հիմնական թեզերից է, որ «Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել ադրբեջանցիների էթնիկ զտում»: Հիմա Արտակ Զաքարյանն ասում է, որ դա ձեռքբերում է, եւ խնդիրն այն է՝ կարողանո՞ւմ է Փաշինյանը դա պահպանել: Հակամարտության կարգավորման բոլոր առաջարկներից միայն մեկն է, որ տեղահանվածների՝ իրենց նախկին բնակավայրեր վերադառնալու համափարփակ խնդիր չի դրել:
Դա 1997թ. «փուլային» տարբերակն է, որտեղ հարցը ներկայացված է պարիտետի սկզբունքով՝ ադրբեջանցիները կարող են վերաբնակվել Շուշիում, եթե Շահումյանում էլ հայեր վերաբնակվեն: Մյուս բոլոր առաջարկություններում փախստականների եւ ներքին տեղահանվածների՝ իրենց նախկին բնակության վայրեր կամավոր վերադառնալու սկզբունքը մշտապես առկա է, այդ թվում եւ՝ «մադրիդյան սկզբունքներում» եւ դրանց հիման վրա մշակված «կազանյան» փաստաթղթում: Այդպիսին է միջազգային միջնորդության մոտեցումը, որի շուրջ բանակցել է նախորդ իշխանությունը:
Կարդացեք նաև
Այսօր Արտակ Զաքարյանը փաստացի վերջնագիր է ներկայացնում վարչապետ Փաշինյանին՝ կամ հայտարարեք, որ պահպանում եք փաստացի իրավիճակը, կամ մենք կսկսենք քարոզչություն ծավալել, որ նոր իշխանությունը «Ղարաբաղը ծախում է»: Հետաքրքիր է, եթե նման պահանջ դնեին իր՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առջեւ, ի՞նչ կպատասխաներ Արտակ Զաքարյանը: Հրապարակավ կհայտարարեր, որ Լեռնային Ղարաբաղում զինված ապստամբություն եւ ազատագրական պատերազմ ենք սկսել, որպեսզի տարածքից արտաքսենք ադրբեջանական բնակչությանը, մոնոէթնիկ պետություն կառուցենք, հասել ենք մեր նպատակին եւ զիջելու ոչինչ չունե՞նք: Իհարկե՝ ոչ: Ոչ մի իշխանություն նման հայտարարություն չի անի: Զարմանալին այն է, որ Արտակ Զաքարյանը կարծում է, թե Նիկոլ Փաշինյանը հուզական մի ելույթում կարող է նման բան իրեն թույլ տալ, որից հետո Հայաստանում իշխանափոխությունը կվերածվի զուտ տեխնիկական խնդրի:
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
ԱՐՑԱԽԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Չհասկացա այս միտումը, երբ երկու անձանց միջև հեռակա վեճին խառնվում է երրորդը։ Վիճողները իրար բան ունեն ասելու՝ ասում են, երրորդ կողմի ի՞նչ շահն է մեջ ընկնել։