Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյան. «Իսրայելում պաշտոնական հանդիպումների ժամանակ իմ պարտքը համարեցի բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը»

Փետրվար 08,2020 16:08

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին «Առավոտ» օրաթերթին, «Շանթ» հեռուստաընկերությանը և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հարցրեցին․ «Փոքր երկիր է նաեւ Իսրայելը: Ինչպես Իսրայելում, այնպես էլ ցանկացած պետության դեպքում բախվում են իդեալիզմը և ռեալիզմը: Մի կողմից՝ պատմական արդարություն, հումանիզմ, մյուս կողմից՝ տնտեսական և քաղաքական շահեր: Ո՞րն է հաղթելու», որին նախագահը պատասխանեց. «Ի վերջո, հաղթում են մարդկությունը և մարդկայնությունը: Շահերը ժամանակավոր են եւ փոփոխական: Իմ կարծիքով՝ պետք է հաղթեն բացարձակ արժեքները:

Ես պաշտոնական հրավեր ունեի Իսրայելի նախագահից՝ մասնակցելու Հոլոքոստի 75-ամյակին: Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայությունը շատ կարևոր էր այդ միջոցառմանը, որովհետեւ երբ խոսում են Հոլոքոստի մասին, խոսքը միայն դրա ճանաչման մասին չէ: Այդ համաժողովում խոսվում էր ոչ միայն Հոլոքոստի, այլեւ հակասեմիտիզմի, այլատյացության, ցեղասպանությունների կանխարգելման մասին: Ճիշտ տեղն է, որտեղ պետք է Հայաստանի Հանրապետության նախագահը ներկա լինի: Իմ ներկայությունն այնտեղ գնահատվեց Իսրայելի գործընկերների կողմից: Ես հանդիպումներ ունեցա և Կնեսետում, և առանձին՝ նախագահի ու վարչապետի հետ: Պաշտոնական այդ հանդիպումների ժամանակ ես իմ պարտքը համարեցի բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը և այն դնել ոչ թե ցածր դարակում, որտեղ խոսում են ազգային շահի մասին, այլ բարձրացնել վերև, որտեղ խոսվում է բարոյականության ու մարդկային արժեքների մասին:

Հավաքի հիմնական գաղափարներից մեկը հետևյալն էր, որ աշխարհում այլատյացությունը, հակասեմականությունը և անհանդուրժողականությունն այնքան են աճել, իսկ մենք բոլորս շատ ենք հանգստացել, այն դեպքում, երբ այդ ամենը կարող են նորից կրկնվել, և մենք բոլորս պետք է համախմբված պայքարենք դրանց դեմ: Իմ թեզը շատ պարզ էր. եթե մենք ուզում ենք բոլորս համախմբվել, ապա մեր բոլորի հարաբերությունները պետք է լինեն վերևի դարակում՝ բարոյականության, մարդկայնության, մարդկության բարձրագույն արժեքների ճանաչման դարակում: Ինձ համար շատ տարօրինակ է, որ Իսրայելի Պետությունը մինչ այժմ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Որևէ բացատրություն, որ Իսրայելն ունի հարաբերություն Թուրքիայի հետ, անընդունելի է:

Ստացվում է, որ համաշխարհային աղետները ճանաչելը կամ չճանաչելը կապում ենք տնտեսական, ռազմական կամ այլ հարաբերություններում ինչ-որ փոքր ազգային շահերի հետ: Նման պայմաններում երբեք հնարավոր չի լինի համախմբել աշխարհի բոլոր պետություններին, առաջնորդներին, երկրներին, որպեսզի բոլորով միասին պայքարենք քսենոֆոբիայի դեմ: Եթե որոշել ենք, որ 21-րդ դարում պետք է պայքարենք անհանդուրժողականության, քսենոֆոբիայի, հակասեմականության դեմ, թույլ չտանք, որ նորից կրկնվեն ցեղասպանությունները, ապա բոլորս պետք է համախմբվենք ձեր ասած վերևի դարակում: Ուրախությամբ կարող եմ ասել, որ իմ փաստարկները շատ հետաքրքիր ձևով ընկալվեցին Իսրայելում:

Ամեն դեպքում վերաբերմունքը բացասական չէր: Իհարկե, չպետք է մոռանանք, որ հրեաները, այդ թվում՝ տարբեր երկրներում ապրող հրեաները բացահայտորեն ասում են և իրենք ևս զարմանում են, թե ինչու իրենց պետությունը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Դրա վառ օրինակներից մեկն է ամերիկյան Սենատի կողմից քվեարկությունը, որի մի մասը հրեական ծագում ունի, մյուս մասը կապված է հրեական լոբբիի հետ: Այս փաստարկը ես ներկայացրեցի իմ գործընկերների հետ հանդիպմանը: Հետևաբար, կարծում եմ՝ քայլ արեցինք, որը պետք է շարունակել: Եղեռնի ճանաչումն ազգային, ներպետական, պետական շահերի, քննարկումների մակարդակից պետք է բարձրացնել համընդհանուր մակարդակի, որովհետեւ աշխարհը, գլոբալ իմաստով կրկին խնդիր ունի, որը կապված է անհանդուրժողականության հետ»:

ՀՀ նախագահի հարցազրույցի ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել «Շանթ» հեռուստաընկերության եթերում՝ փետրվարի 8-ին, 22։30-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829