Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Փոքր, բայց հաջողակ երկիր Մալայզիայի վարչապետը հատուկ վերաբերմունք ունի տնտեսության նկատմամբ». Արմեն Սարգսյան

Փետրվար 08,2020 15:06

«Առավոտ» օրաթերթի, «Շանթ» հեռուստաընկերության եւ «Մեդիամաքս» գործակալության հետ հանդիպման ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանին հարցրեցին.

-Վերջերս դուք  հանդես եք եկել փոքր, բայց հաջողակ երկրների պաշտոնական ակումբ ստեղծելու գաղափարով: Երբվանի՞ց էր այդ գաղափարը ձեւավորվել, ինչպե՞ս են սահմանվելու հաջողակ երկիր լինելու չափորոշիչները եւ, եթե նման միավորում ստեղծվի, Հայաստանի դերն ինչպե՞ս եք տեսնում՝ կոորդինատորի՞, թե…

-Հավանում եմ ձեր մոտեցումը՝ կոորդինատորի դերը, ինստիտուտը, ինչ շահ ունենք մեջը: Սա գաղափար է, որի մասին ես երկար տարիներ մտածել եմ:

Աշխարհում, չգիտես ինչու, համագործակցում են, ալյանսներ են ստեղծում միայն մեծ պետությունները: Նրանք համագործակցում են, նույնիսկ համատեղ կառույցներ, բանկեր, ինստիտուտներ են ստեղծում: Փոքրերը մոռացվել են: Փոքրերի թիվը շատ մեծ է: Բայց աշխարհում կան փոքր, բայց այսպես կոչված շատ պայծառ երկրներ: Դրանցից մեկը Սինգապուրն է, որ ամեն մարդ խոսում է դրա մասին: Կամ Մալայզիան, որ շատ հետաքրքիր ճանապարհ է անցել: Մեծ պետություն չի, բայց իր նախկին եւ այսօրվա վարչապետը հատուկ վերաբերմունք ունի տնտեսության նկատմամբ: Նա տարիներ առաջ հակադրվեց Համաշխարհային բանկին ու Արժույթի միջազգային հիմնադրամին, բայց երկիրը համարվում է շատ հաջող երկիր: Մի քանի փոքր երկրներ կան ԵՄ-ում, օրինակ՝  Լյուքսեմբուրգը, Աֆրիկայում այսօր ծաղկուն երկիր է դարձել եւ ճանաչված է ամբողջ աշխարհում Ռուանդան, որը անցել է գենոցիդով:

Հարց է առաջանում՝ ո՞րն է այս պետությունների հաջողության գաղտնիքը: Այս գաղափարի շուրջ ես խոսել եմ փոքր, բայց հաջող պետությունների ղեկավարների հետ, եւ նրանք բոլորը ոգեւորված են: Ըստ իս, կա սահմանում եւ դրանով բարեկամական ձեւով ես կիսվել եմ նրանց հետ: Խոսքն այն մասին չէ, որ ինչ-որ միջազգային կառույց ստեղծվի: Սա ավելի շուտ գաղափար է, որ մենք որպես ակումբ պարբերաբար հանդիպենք եւ իրար հետ կիսվենք մեր ե՛ւ խնդիրներով ե՛ւ, այսպես ասած, հաջողության բանաձեւերով: Ի՞նչ դեր է ունենալու Հայաստանը: Քանի որ հիմնադիր գաղափարը Հայաստանից կամ Հայաստանի նախագահից է գալիս, մարդիկ սպասում են, որ իմ կողմից ինչ-որ կոորդինացիա պետք է լինի, որ ես նախապատրաստվեմ: Ես չեմ սիրում խոսել երեւույթների մասին, որոնք դեռ տեղի չեն ունեցել: Բայց կարծում եմ, որ սա օգտակար կլինի: Եթե այդ փոքրիկ ակումբը ստեղծվի, կարծում եմ՝ մենք կշահենք:

ՀՀ նախագահի հարցազրույցի ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել փետրվարի 8-ին «Շանթ» հեռուստաընկերության եթերում՝ 22։30-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829