Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյան. «Դուբայում եւ Աբու-Դաբիում գործարար շրջանները Հայաստանը չեն դիտարկում որպես երկիր, որտեղ կարելի է ընդամենը հող կամ բնակարան գնել»

Փետրվար 08,2020 14:37

«Առավոտ» օրաթերթի, «Շանթ» հեռուստաընկերության եւ «Մեդիամաքս» գործակալության հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Կատար եւ ՄԱԷ կատարած այցելությունների գործնական արդյունքների մասին հարցին՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասաց, որ ինքը նախընտրում է խոսել արդյունքներ լինելուց հետո: Սակայն նշեց. «Արդյունքը մեկ օրվա չի լինում: Բայց Կատար իմ այցի հաջորդ օրը հայտարարվեց, որ ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են ճանապարհորդել: Շատ լավ է: Կատարը նույն Դուբայի նման գրավիչ երկիր է, ամեն օր թռիչքներ կան, եւ հայերը կարող են օգտվել: Սա ընդհանրապես գործնական կապերը կարող է արդարացնել: Եվ սրա հետեւանքը նաեւ այն է, որ այսօր կատարական ընկերությունները ուշադիր նայում են, թե ինչ կարող են անել Հայաստանում:

Նույնը վերաբերում է Աբու-Դաբիին, որտեղ Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: Հայաստանն այնտեղ  չի դիտվում մի տեղ, ուր կարելի է գալ՝ ինչ-որ հող գնել, կամ բնակարան գնել: Իրենց հետաքրքրությունը բնական է: Այսօր ՄԱԷ-ում եւ Կատարում հսկայական գումարներ են ծախսվում նոր տեխնոլոգիաների վրա, այդ երկրները մեծ քայլեր են արել բնապահպանության ոլորտում, երկու երկրներն էլ մեծ քայլեր են արել կրթական ոլորտում: Միջազգային մեծ համալսարաններն այնտեղ կենտրոններ ունեն եւ մեր երիտասարդները կարող են այնտեղ սովորել եւ հակառակը:

Նախագահը նաեւ ասաց, որ իր գործնական նախորդ այցելությունների եւ բանակցությունների արդյունքում այսօր մեր կառավարությունը Հայաստանում 400 մգվ արեւային էներգետիկայի մասին պայմանագիր է ստորագրել «Մասդարի» հետ: Ընդ, որում, տարիֆը, որ առաջարկվում է, շատ ցածր է, չնայած արեւային էներգիան թանկ է համարվում:

Նախագահը հակիրճ տեղեկացրեց նաեւ Ճապոնիա կատարած իր այցի մասին, երբ այցելել է այնտեղի միջուկային ռեգուլյատոր, որտեղ հսկայական փորձ կա կուտակված, եւ Հայաստանը՝ որպես աշխարհի ամենահին ատոմակայաններից մեկի տեր եւ փորձառություն ունեցող երկիր, կարող է շատ մոտ աշխատել նրանց հետ: Եվ դրա արդյունքում մի օր կարող է իրականանալ ոչ միայն միջուկային անվտանգության խնդիրների համատեղ լուծման ներդրումների ոլորտը, այլ նաեւ նոր  միջուկային կայանի, որը հաջորդ գեներացիայի կայան է՝ գուցե ավելի փոքր, բայց ավելի էֆեկտիվ ու անվտանգ:

ՀՀ նախագահի հարցազրույցի ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել «Շանթ» հեռուստաընկերության եթերում՝ փետրվարի 8-ին, 22։30-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829