Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան նավթի գնի զեղչ չտրամադրեց Մինսկին. Պուտինի և Լուկաշենկոյի բանակցություններն ավարտվել են անարդյունք

Փետրվար 08,2020 13:47

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում անցկացված բանակցություններում չեն կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել ռուսական նավթի զեղչի հարցով: Ինչպես հաղորդում է BBC-ն, ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը հայտարարել է, որ նավթի գինը Մինսկի համար կմնա շուկայական:

Ռուսաստանը դադարեցրել է նավթի մատակարարումը Բելառուս 2020թ. սկզբին, իսկ գազի մատակարարման պայմանագիրն ավարտվում է փետրվարի վերջին: Լուկաշենկոն ավելի վաղ Մոսկվային մեղադրել է վառելիքի գների բարձրացման և քաղաքական ճնշում կիրառելու համար:

Կոզակը նաև նշել է, որ Բելառուսի կառավարությունը մատակարարումների մասին պետք է բանակցի ռուսական նավթային ընկերությունների հետ, իսկ Ռուսաստանի իշխանությունները պատրաստ են աջակցել այդ բանակցություններին: «Եթե զեղչեր տրամադրվեն, ստիպված կլինենք պետական կարգավորում սահմանել այս ոլորտում, ինչը չենք կարող անել, չենք կարող մշտապես փոխել խաղի կանոնները՝ անհասկանալի դրության մեջ դնելով նավթային ընկերություններին»,-ասել է Կոզակը:

Նա նաև հաղորդել է, որ Ռուսաստանը Բելառուս գազ կմատակարարի 2019թ.-ի պայմաններով: Բելառուսական կողմի ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել բանակցությունների արդյունքները:

Մինսկի համար ռուսական նավթի թանկացման պատճառը նավթային ոլորտում Ռուսաստանի կողմից հարկային մանևրումն է: Վերջին տարիներին Ռուսաստանի իշխանությունները իրականացնում են այդ բարեփոխումը:  Փաստացի, բարեփոխումը նախատեսում է արտահանման մաքսի նվազեցում՝ մինչ զրո, բայց միևնույն ժամանակ բարձրացվում է օգտակար հանածոների հարկը: Նախկինում Ռուսաստանը բելառուսական կողմին նավթ մատակարարում էր առանց մաքսատուրքերի: Բելառուսը 2020թ. սկզբից նավթի դեֆիցիտ ունի և փնտրում է այլընտրանքային ուղիներ:

Ուշագրավ է, որ վերջերս Մինսկը անակնկալ առաջարկ է ստացել ԱՄՆ-ից: Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն փետրվարի սկզբին Մինսկ կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Բելառուսին ապահովել նավթով 100% մրցունակ գներով: Միևնույն ժամանակ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Բելառուսը պետք է մի շարք պայմաններ կատարի, այդ թվում՝ անդամակցի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829