ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է «Առավոտ» օրաթերթի, «Շանթ» հեռուստաընկերության եւ «Մեդիամաքս» գործակալության հարցերին:
– Պարոն նախագահ, վերջին շրջանում դուք բավականաչափ այցեր ունեցաք արաբական երկրներ: Առնվազն երկու անգամ եղաք Միացյալ Արաբական Էմիրություններում, այնտեղ համաժողովի մասնակցեցիք: Այց կատարեցիք նաեւ Կատար: Ինչո՞ւ է կարեւորվում հենց այս ուղղությունը:
-Ամեն ինչ հարաբերական է: Ձեր տեսակետից ես բազմաթիվ այցելություններ ունեցա: Իմ կյանքի տեսակետից՝ նախանախագահական ժամանակին, ես հիմա շատ քիչ եմ ճանապարհորդում: Նախկինում իմ կյանքը, այսպես ասած, երկրագնդի շուրջն էր շատ հաճախ:
Ինչո՞ւ դեպի Պարսից ծոցի երկրներ՝ բազմաթիվ պատճառներ կան: Ուզում ենք համաձայնել, թե չէ, մենք ինչ-որ իմաստով ապրում ենք ուղիղ խաչմերուկում: Մենք ինչ-որ իմաստով կասպյան երկիր ենք: Եվ ինչ վերաբերվում է Կասպից ծովի շրջանին, մեզ էլ է վերաբերվում: Մենք ինչ-որ իմաստով սեւծովյան երկիր ենք, չնայած ելք չունենք դեպի Սեւ ծով: Մենք ինչ-որ իմաստով նաեւ միջերկրական երկիր ենք: Սա՝ մեկ:
Կարդացեք նաև
Երկրորդ՝ այդ տարածքը ամեն տարի ձեռք է բերում շատ ավելի կարեւոր եւ մեծ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական նշանակություն: Բավական է հիշենք, թե ինչ մեծ տնտեսական հզորություն ունեն այդ երկու փոքրիկ պետությունները որ դուք նշեցիք՝ լինի Կատարը կամ ՄԱԷ-ն: Եվ իհարկե նաեւ տարածաշրջանի մնացած պետությունները՝ սկսած Բահրեյնից, վերջացրած Օմանով եւ այլն: Այս երկուսը փոքր են, բայց շատ կարեւոր են տնտեսական եւ քաղաքական ազդեցությունով, նույնիսկ մեդիայով: Ոչ-ոք չի կարող ասել, որ աշխարհը չի ազդվում, օրինակ, «Ալ-Ջազիրայից»:
Հայաստանի նման պետությունը բնականորեն պետք է շատ մոտ հարաբերություններ ունենա բոլորի հետ: Հիմա տվյալ դեպքում մենք մի փոքրիկ առավելություն ունենք: Չնայած այդ երկու փոքր պետություններն իրար հետ հակասություններ ունեն, նույնիսկ տնտեսական բլոկադա կա մի կողմից մյուսին, բայց առավելություն ունենք, որ ես անձնապես և, իհարկե, մեր պետությունը երկուսի հետ էլ ջերմ հարաբերություններ ունենք: Երկու կառավարող ե՛ւ ընտանիքների, ե՛ւ ղեկավարության, ե՛ւ բիզնես էլիտայի հետ ես երկար տարիներ ջերմ հարաբերություններ ունեմ: Հետեւաբար, չօգտագործել այս հնարավորությունը, սխալ կլիներ:
ՀՀ նախագահի հարցազրույցի ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել «Շանթ» հեռուստաընկերության եթերում՝ փետրվարի 8-ին, 22։30-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ