Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ․ Եթե բռնապետություն ստեղծելու ցանկություն կա, պետք է անընդհատ ազդել էմոցիաների վրա, խոսել արդարության, ժողովրդի մասին. «Փաստ»

Փետրվար 08,2020 13:05

Սահմանադրական դատարանի հարցը լուծելու ճանապարհին շարունակվող ու նոր թափ ստացող գործընթացները հանգեցրել են մի իրավիճակի, որտեղ մի կողմից ենթադրությունների դաշտ է բացվում, բայց մյուս կողմից՝ ի հայտ են գալիս իրողություններ, որոնք վտանգավոր են։

Անդրադառնալով ներհայաստանյան իրավիճակին՝ «Փաստի» հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը խոսել է վերոնշյալ իրողությունների և վտանգների մասին, անդրադարձել նաև այն քննադատելի բառապաշարին, որը ժամանակի հետ ոչ թե մերժվում, այլ նոր երանգներ է ստանում։

Խոսելով ՍԴ-ի շուրջ առկա իրավիճակից բխող հարցերի մասին՝ քաղաքագետը նկատում է. «Որևէ իրավական կամ քաղաքական հիմնավորում չի տրվել նույն Նիկոլ Փաշինյանի կողմից։

Այնպիսի հիմնավորում, որը կլինի հասկանալի և չի լինի էմոցիաների դաշտում։ «Հին իշխանություն-նոր իշխանություն», «սևեր-սպիտակներ», «գողեր», «թալանչիներ», «հին դատավորներ», «նոր դատավորներ». նշված գնահատականների, այսինքն, դեմագոգիայի դաշտից այնկողմ որևէ սթափ պատասխան չի տրվել։

Նախօրեին Ազգային ժողովում մի քանի սթափ հարց տրվեց իշխանությանը, բայց պատասխան կրկին չկար։ Մեծամասնություն կազմող ուժի պատգամավորների կողմից այդպես էլ հստակ ձևակերպումներ չհնչեցին»։

Անդրադառնալով քաղաքական դիսկուրսին և այդ համատեքստում դիտարկելով նաև երկրի ղեկավարի բառապաշարը՝ Ստեփան Դանիելյանը շեշտեց.

«Առաջին անգամ չէ, երբ նման բառապաշարի ենք ականատես լինում։ Դա այն բառապաշարն է, որը հարիր չէ ոչ միայն պետության ղեկավարին, այլ նաև սովորական քաղաքական գործչին։

Բայց առաջին հերթին սա բխում է անձնական հատկանիշներից, բնութագրում է այդ մարդու հոգեբանական կերպարը։ Մյուս կողմից՝ հասարակության մեջ մի շերտ կա, որին այս բառապաշարը դուր է գալիս։

Այդ պարզ խոսքերը, վիրավորանքները համահունչ են ինտելեկտուալ որոշակի մակարդակ չունեցող մարդկանց ամենօրյա խոսակցությանը։ Իսկ ավելի կրթված, գիտելիք և արժանապատվություն ունեցող մարդկանց համար, բնականաբար, վիրավորական է այս ամենը։

Բացի այդ, հասկանալի է դառնում, որ ապրում ենք մի երկրում, որտեղ էթիկայի, շփման, երկխոսություն վարելու բոլոր նորմերն արդեն փլուզվել են։ Կարելի է փաստել, որ քաղաքական պայքարում քաղաքական բառապաշարը վերջանում է, իսկ փոխադարձ հայհոյանքները վաղը կամ մյուս օրը կարող են որոշակի գործողությունների վերածվել։

Այսօր տեսնում ենք, որ մարդկանց անօրինական կերպով պատժում են՝ հաճախ նվաստացման, ասֆալտին պառկեցնելու եղանակներով, ինչպես նաև ոստիկանություն են տանում և բերում։

Մեծ հաշվով, չի բացառվում, որ կգա մի օր, երբ ինչ-որ քաղաքական պատերազմի տարրեր պարունակող իրավիճակում կհայտնվենք, որովհետև բոլոր նորմերն արդեն խախտվում են։ Ես հույս ունեմ, որ այդ օրը, այնուամենայնիվ, չի գա»։ Ստեփան Դանիելյանը շեշտեց, որ այսօր իշխանությունները որևէ քաղաքականություն չեն իրականացնում, և իրենց գործողությունները վախի տարրեր են պարունակում։

«Երբ մարդն ամեն անգամ փորձում է ապացուցել, որ ինքը ուժեղ է, անվախ է, որ իր դեմ ոչ ոք չի կարող ոչինչ անել, ապա նման վարքագիծը վախի դրսևորումների արդյունք է։ Իսկ որտեղի՞ց է գալիս այդ վախը։

Երբ օրենքները խախտելու դեպքերը շատանում են, քիչ թե շատ բանականություն ունեցող մարդը հասկանում է, որ իրավիճակի փոփոխությունից հետո ամեն ինչի համար պետք է պատասխանատվության ենթարկվել։ Այս դեպքում առաջանում է ցուցադրական անվախությունը։

Փորձում են ցույց տալ, որ չեն վախենում, մյուս կողմից՝ մաքսիմալ ավելի շատ են ներքաշվում անօրինականությունների մեջ, որովհետև անօրինականությունները ցանկացած խմբի միասնականության ամենաուժեղ գրավականն են»,-նկատեց մեր զրուցակիցը։ Ստեփան Դանիել յանն ընդգծեց՝ առհասարակ, յուրաքանչյուր իշխանություն կարող է հենվել երկու հանգամանքի վրա։

«Առաջինը՝ օրինականության վրա, երկրորդը՝ ժողովրդի։ Ասվածն առաջին հայացքից կարող է մի քիչ տարօրինակ հնչել, սակայն իրականությունը դա է, և այդպես միայն Հայաստանում չէ։

Եթե բռնապետություն ստեղծելու ցանկություն կա, պետք է անընդհատ ազդել էմոցիաների վրա, խոսել արդարության, ժողովրդի մասին, մշտապես «ժողովրդի թշնամիներ» մատնանշել, և հանրության մի մասին մոբիլիզացնել՝ նրանց հանելով ցանկացած այլ հատվածի դեմ։

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829