Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները ավելի անվստահելի են դարձել, քան նախորդ ժամանակներում էր․ «Ազգ»

Փետրվար 08,2020 11:41

Տնտեսության ո՞ր ճյուղերն են աճ ունեցել, ո՞ր ճյուղերում է այն պատկերվել

Երկրորդ տարին է արդեն, ինչ վիճակագրական կոմիտեն սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշները հրապարակում է ուշացումով: Այս անգամ եւս` 2019 թ.-ի հունվար-դեկտեմբերի սոցիալ-տնտեսական ցուցանիշները հրապարակվեցին այս տարվա հունվար ամսվա վերջին օրը: Թե ինչո՞ւ դրանք մեկ տարի առաջ սկսվեցին հրապարակվել ուշացումով, որեւէ բացատրություն այդպես էլ չտրվեց: Դատելով հրապարակումներում առկա ոչ իրատեսական տվյալներից եւ հակասություններից, կարելի է ենթադրել, վիճակագրական այդ ժամանակահատվածն օգտագործում է իշխանությանը ցանկալի տվյալներ ստանալու համար: Այժմ ցուցանիշների մասին` առավել հանգամանորեն:

Անցած տարի, ըստ վիճկոմի, տնտեսական ակտիվության աճը 7,8 տոկոս է կազմել: Ինչպե՞ս է ստացվել, որ բնակչության սոցիալական վիճակի վատթարացմանը զուգահեռ տնտեսական ակտիվության նման աճ է գրանցվել, որքանո՞վ է այդ աճը իրատեսական, ո՞ր ճյուղերի շնորհիվ է դա տեղի ունեցել եւ ո՞ր ճյուղերն են «օգնության» հասել «թավշյա» վարչապետի ակնկալած ցոււցանիշը ստանալու համար:

Արդյունաբերության աճը կազմել է 9 տոկոս: Այն մեծամասամբ պայմանավորվել է հանքարդյունաբերական արտադրանքի արտադրության աճով, որն ըստ Նիկոլ Փաշինյանի մեկ տարի առաջ կատարած հայտարարության, մեր տնտեսության ապագան չէ: Նրա հայտարարությունները` հանքանյութի արդյունահանումից անցում կատարել մետաղի մշակման, դրանից պատրաստված արտադրանքի, գիտելիքի հիման վրա արտադրության, այդպես էլ մնացել են հայտարարություններ, իսկ հիմա հենց հանքարդյունաբերության շնորհիվ վարչապետը հպարտանում է տնտեսական ակտիվության աճի ցուցանիշով:

Գյուղատնտեսությունում անկումը շարունակվում է: Այն, ըստ վիճկոմի, կազմել է 4,2 տոկոս: Սակայն, անգամ անզեն աչքով տեսանելի է, որ այստեղ անկումը խորացել է, ինչի անուղղակի վկայությունը անասնապահների զանգվածային դժգոհություններն էին` սպանդանոցների խնդրի հետ կապված: Դրա համար բավական է ծանոթանալ անցած 11 ամիսների ցուցանիշներում հրապարակված մսի արտադրության տվյալներին: Մսի արտադրության ծավալները նվազել են մոտ 4,2 տոկոսով, որից խոշոր եղջերավորների մսինը` 2,8 տոկոսով, խոզի մսինը` 15,9 տոկոսով, ոչխարի մսինը` 20,8 տոկոսով: Անկումն իսկապես որ աննախադեպ է:

Բուսաբուծության մեջ անկումը անցած տարվա վերջին 9 ամիսների տվյալներով 7 տոկոս էր:

Այդուհանդերձ, վիճկոմը գյուղատնտեսությունում անկման խորացումը ոչ միայն չի արձանագրում, այլ դեռ մի բան էլ նվազեցնում է:

Նույն գործելաոճն է նաեւ շինարարության ցուցանիշների պարագայում: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ վարչապետ Փաշինյանն այստեղ «բում» էր խոստանում, իսկ իրականության մեջՙ եղած աճի տեմպն էլ նվազեց, եւ տարվա արդյունքներով կազմեց 4,6 տոկոս: Ընդ որում, այս ցուցանիշը ստանալու համար դեկտեմբեր ամսին շինարարությունում ավելի քան 85 տոկոս աճ է ցույց տրվել: Դա անցած տարվա միջին ամսական ցուցանիշը գրեթե եռակի գերազանցող թիվ է:

Այս ամենից ելնելով, ակնհայտ է, որ վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները ավելի անվստահելի են դարձել, քան նախորդ ժամանակներում էր: Եթե նախկինում այս կառույցն ամեն ինչ անում էր իրական պատկերը փոքր-ինչ բարելավված ներկայացնելու համար, ապա այժմ անցել է իրականությանը հակասող պատկեր ներկայացնելուն: Պատկեր, որի հետ հակասությանը բնակչությանը ամեն օր բախվում է իր կյանքում:

 

Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829