«Միստիկ երկիր Առան» դոկումենտալ-խաղարկային ֆիլմի ցուցադրությունը ներառված չի եղել Մոսկվա քաղաքի «Победа» կինոթատրոնի հունվար ամսվա աշխատանքային ցանկում»,- ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում է Մոսկվայի կառավարության մշակույթի դեպարտամենտը:
Ըստ գերատեսչության մամուլի ծառայության՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե հիշյալ ֆիլմը կինոթատրոնում ցուցադրվելու է սույն թվականի հունվարի 26-ին՝ ժամը 18:00-ին, չի համապատասխանում իրականությանը:
Հարցման պատասխանին կից մամուլի ծառայությունն ուղարկել է նաև կինոթատրոնի հունվար ամսվա երկրորդ կեսի (հունվարի 16-31 ժամանակահատված) պաշտոնապես հաստատված ցուցադրությունների ցանկը, որտեղ «Միստիկ երկիր Առան» դոկումենտալ-խաղարկային ֆիլմի մասին նշումը բացակայում է:
Խնդիրն այն է, որ սույն թվականի հունվարի 16-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր հայտարարություն առ այն, որ հունվարի 26-ին՝ ժամը 18:00-ին, Մոսկվայի «Победа» կինոթատրոնում կկայանա «Միստիկ երկիր Առան» դոկումենտալ-խաղարկային ֆիլմի ցուցադրությունը, որը նվիրված է Արցախի Առաքելական եկեղեցու վերաբացման 30-ամյակին: Ֆիլմի գաղափարը Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև Մարտիրոսյանինն է, ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է, որպես գլխավոր պրոդյուսեր՝ հանդես է եկել Արթուր Ջալալովը: Ցուցադրության մուտքը լինելու է ազատ:
Կարդացեք նաև
Սակայն հունվարի 22-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն տարածեցին, թե Մոսկվայում ադրբեջանական համայնքի առաջնորդ Շամիլ Տագիևը դիմել է Մոսկվայի կառավարության մշակույթի դեպարտամենտ՝ պահանջով, որ չեղարկվի սադրիչ բնույթ կրող «Միստիկ երկիր Առան» ֆիլմի ցուցադրությունը:
Այդ հայտարարության հաջորդ օրը՝ հունվարի 23-ին, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, խմբագրելով իր ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունը, տեղեկացրեց, թե «Միստիկ երկիր Առան» դոկումենտալ-խաղարկային ֆիլմի ցուցադրությունը տեխնիկական պատճառներով հետաձգվում է, և նոր ամսաթվի մասին կհայտնեն հավելյալ:
Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում