Վերջին օրերին մամուլում հաճախադեպ են դպրոցների քիչ հաճախելությունների եւ տարածված վիրուսների մասին հրապարակումները: Մեր իրականացրած ուսումնասիրությունը ցույց տվեց, որ գրիպի այս սեզոնին կրթական հաստատություններում բացակայությունները թեեւ աճել են, սակայն դրանց թիվն այնքան էլ մեծ չէ: Ինչպես պարզվեց, բացակայություններն ավելացել են հիմնականում Երեւան քաղաքի դպրոցներում, մարզերում էական փոփոխություն չի եղել:
Հարցված դպրոցներից համեմատաբար շատ բացականեր կային Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում: Աշխատակիցները հավելեցին, որ շարունակ կապ են պահում երեխաների հետ եւ գիտեն, որ նրանք բոլորը հիվանդ են: Այս դպրոցում սովորող 860 աշակերտներից այսօր բացակա էր 157-ը:
Այս օրերին աշակերտների թվի առումով առաձնապես փոփոխություն չկար Հակոբ Կարապենցի անվան հ. 6 հիմնական դպրոցում: Հաստատությունից տեղեկացրին, որ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է այս դպրոց՝ ծանոթանալու իրավիճակին ու նրան նույնպես տեղեկացրել են, որ դպրոցում բացակաները շատ չեն: Մեր հարցմանն ի պատասխան հրաժարվեցին այդ օրն առկա բացակաների թիվը նշել, քանի որ համապատասխան մասնագետը, ում մոտ դրանք նշված էին, տեղում չէր:
Մարզերի դպրոցներում բացակայությունների պատկերն ավելի մեղմ էր:
Կարդացեք նաև
Տավուշի մարզի Ակնաղբյուրի հիմնական դպրոցում սովորում է ընդամենը 35 աշակերտ: Այնտեղ 1-2 բացակա կար: Ինչպես տեղեկացրին կրթական հաստատությունից, իրենց մոտ միշտ այդքան են լինում հաճախումները: Այսօրվա բացակաների պատճառն էլ, ըստ իրենց, առկա քամին է:
Փորձեցինք պարզել, թե որ դեպքում դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն կառաջանա: Ի դեպ, շատ ծնողներ պարբերաբար տարբեր հարթակներում ահազանգում են, որ կրթական հաստատություններում շնչառական հիվանդությունների տարածվածությունը մեծ է եւ հարկավոր է միառժամանակ դադարեցնել դասերը: Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանեցին, որ այդպիսի որոշում կայացնելու համար պետք է վիրուսի բռնկում լինի, դպրոցի աշակերտները սկսեն միմյանց վարակել եւ այն արագությամբ տարածվի: Ամեն դեպքում դեռեւս նման բան անելու հիմքեր չկան:
Անի ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում