ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, դեռևս 2019 թ. փետրվարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս հասցնելու դեպք:
Փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ 2014-2016 թթ. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձը նշված ժամանակահատվածում վերադասի՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարարի հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և միջազգային համագործակցության ոլորտում կատարվող աշխատանքները հնարավորինս դրական լույսի ներքո ներկայացնելու, մաքսային վարչարարությունը զարգացնելու, մաքսային մարմիններին արդի տեխնոլոգիական սարքավորումներով վերազինելու պատրանք ստեղծելու խմբային շահերից ելնելով, անտեսելով մաքսային մարմինների իրական պահանջմունքները, դրանց վերաբերյալ իրենց ենթակա իրավասու պաշտոնատար անձանց կողմից ներկայացված հավաստի տվյալներն ու հաշվարկները ՀՀ կառավարության կողմից կնքված արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք են բերել ՀՀ մաքսային ծառայության կարիքներից չբխող, առանձնապես խոշոր չափերի՝ 2.282.387.249 ՀՀ դրամ արժողությամբ 8.500 միավոր էլեկտրոնային կողպեք: Մինչդեռ, ՀՀ մաքսային համակարգի կարիքների համար անհրաժեշտ է եղել առավելագույնը երկու հազարը, իսկ փաստացի՝ մինչև 2019 թ. հոկտեմբեր ամիսը, օգտագործվել է ընդամենը 251 միավոր կողպեք։
Արդյունքում, հիշյալ 2 բարձրաստիճան պաշտոնյաների՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարարի և նրա տեղակալի գործողությունների հետևանքով ոչ միայն խաթարվել է պետական մարմնի բնականոն գործունեությունը, այլև ՀՀ կառավարությանը տրամադրված առանձնապես խոշոր չափերով վարկային միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային, իսկ պետությանը պատճառվել է 1.747.195.905 ՀՀ դրամի նյութական վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ։
Գործով ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը նախկինում զբաղեցրած պաշտոնյային ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա դեռևս 2018 թ. հունիսին լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։
Կարդացեք նաև
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հետախուզվողին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու և այլ հանցադեպերին նրա առնչակցությունը պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԱԱԾ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ